«Հայաստանում հակառուսական տրամադրությունները պատճառներ ունեն, բայց դա ամենևին էլ թույլ չի տալիս հանդես գալ Ռուսաստանի դեմ». Նորատ Տեր-Գրիգորյանց
168.am-ի զրուցակիցն է 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը
– Պարոն գեներալ, Արցախի անկախության օրը եղել եք Լեռնային Ղարաբաղում, մասնակցել անկախության տոնակատարություններին։ Ապրիլյան պատերազմից հետո ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ի՞նչ տեսաք Ղարաբաղում։
– Լեռնային Ղարաբաղի նախագահի կողմից հրավիրվել էի Ղարաբաղ՝ մասնակցելու մեր Արցախի անկախության 25-ամյակի միջոցառումներին։ Վերջերս չէի եղել Ղարաբաղում, թեև նախանցած տարի այցելել էի ռազմական դիրքեր, ուսումնասիրություններ էի անցկացրել, իմ խորհուրդներով հանդես եկել։ Սեպտեմբերի 1-4-ն ընկած ժամանակահատվածում եղա Արցախում։ Լուրջ փոփոխություններ եմ նկատել։ Ես չորս տարի աշխատել եմ Արցախում զինված ուժեր ձևավորելու ուղղությամբ, և պատերազմի տարիներին երբեք չեմ զբոսնել Արցախով, Երևանով։ Այս անգամ իմ այցի շրջանակում տարբեր վայրեր այցելեցի։
Շվեյցարիան ի՞նչ է մեր Արցախի համեմատությամբ, այստեղ բնությունը, հիասքանչ ռելիեֆը, մաքրությունը, ժողովուրդը՝ բարոյահոգեբանորեն պատրաստ հայրենիքի պաշտպանությանը, միմյանց հարգող երեխաներ, մայրեր։ Անկախության օրվա ընթացքում տարբեր միջոցառումների մասնակցեցի, դպրոց այցելեցի, երեկոյան՝ համերգ, նախագահը, վարչապետը՝ պարզ, հասարակ, առանց թիկնապահների, չափազանց ժողովրդական մթնոլորտում էին։ Ինձ մոտ միայն ուրախության արցունքներ էին։ Ես այնտեղ նաև Ռուբեն Վարդանյանին հանդիպեցի, ով ակտիվ օգնություն է ցուցաբերում մեր հայրենիքին։ Նախագահը, վարչապետը պարզ, կարգին հայրենասերներ են, խոսում են ժողովրդի հետ հավասարը հավասարի նման։
Բայց ես այնտեղ այլ խնդիր ունեի՝ ես ուզում էի պարզել, թե ինչպիսին է ժողովրդի ոգին ապրիլյան պատերազմից հետո։ Չկա լարվածություն, մանթրաժ, կա պայքար լավ կյանքի համար, կա պայքար առաջ ընթանալու համար, հզոր երկիր կառուցելու համար, հզոր երկիր՝ գեղեցիկ բնությամբ և ռելիեֆային տեղանքով։ Այդ պետության ճիշտ, տեղին պաշտպանության դեպքում ամեն բան հիանալի է լինելու, մենք չենք հարձակվում, մեզ պետք չէ հարձակվել, Ալիևը ստում է, երբ պնդում է, թե հայկական կողմն է սկսել խախտել հրադադարը և հարձակվել, նա ստոր է, հայերին անհրաժեշտ չէ կրակ բացել, ծախսել ռազմամթերքը և իր ուղղությամբ կրակ հրահրել։ Դա ի՞նչ հիմարություն է։ Հենց նրանք են դա անում, նա պետք է արդարանա ողջ աշխարհի առջև։
Սակայն պետք է ասեմ, որ պետք է արդարանա և բացատրի ողջ աշխարհին մեկ այլ բան՝ Ադրբեջանի բանակն արդեն ահաբեկչական կազմակերպություն է դարձել, նրանց զինվորները մեր զինվորների գլուխներն են կտրում, բնակիչների ականջները կտրում, միայն իսլամիստներն են նման քայլերի դիմում, նրանց բանակը լավ ուսումնասիրել և կրկնօրինակել է այդ երևույթները։ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, դա ևս մեկ անգամ ապացուցվեց, երբ Ալիևը վերջերս հրապարակայնորեն իր աջակցությունը հայտնեց Սիրիայի հարցում Թուրքիայի քաղաքականությանը։ Ադրբեջանը երկրորդ թուրքական պետությունն է։
Ձեր հարցից ծավալվելով՝ ասեմ, որ մինչ ռազմական գործողությունները Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեկնել էր Բաքու և հանձնարարական տվել Ադրբեջանին, որ, եթե պատերազմ սկսի, մեկ սանտիմետր անգամ չթողնի Հայաստանին և կրակի միայն ռուսական զենքով։ Այս ամենը մեզ բոլորիս գազազեցրեց։ Ես հանդես եկա, հարցազրույց տվեցի և Ռոգոզինին ուղերձ հղեցի, որ Ադրբեջանին զենք վաճառելով՝ Ռուսաստանի քաղաքականությունը հայերի աչքում հասցրել են ամենացածր նշաձողին, որից հետո մի շարք բողոքի ակցիաներ կազմակերպվեցին, բայց թուրքական պետություններին պետք էր, որպեսզի հայերը մտածեն, որ Ռուսաստանը թույլ է տալիս օգտագործել այդ զենքը հայերի դեմ, իսկ Ռուսաստանն ասում է, որ, եթե Ադրբեջանը ՌԴ-ից չգնի, այլ երկրից կգնի։
Որ երկրից ուզում են՝ թող գնեն, բայց Ռուսաստանի զենքն ամենալավերից է։ Ես տանկիստ եմ, մասնագիտացված զինվորական, ղեկավարել եմ բանակների տարբեր տեսակի գնդեր, դիվիզիաներ հակամարտ գոտիներում, բայց պետք է ասեմ, որ այնպիսի սպառազինություն, ինչպիսին ռուսականն է, աշխարհում ոչ մի տեղ չկա։ Ադրբեջանն ունի ռուսական Т-90 տանկեր։ Որտե՞ղ կգտնեք նման տանկեր։ Ադրբեջանը հզորագույն սարքավորումներ ունի, հզորագույն լազերային համակարգ, էլեկտրոնիկա, ռազմամթերք, ռուսական «Սմերչ», հրանոթներ, անօդաչու սարքեր Իսրայելից։
Իսկ Հարավային Կովկասի շուրջ ստեղծված իրավիճակը չափազանց վտանգավոր և անհանգստացնող է։ Վրաստանը, ի դեպ, բավականին դավաճանական քաղաքականություն է վարում. Վրաստանը միության մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ, Հայաստանի վզին օղակ է դրվում, Ռուսաստանը ստեղծում է միություն Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի հետ, Հայաստանը մնում է այս ամենի մեջտեղում։ Կներեք, սա շատ վտանգավոր իրավիճակ է։ Հայաստանն արգելափակման մեջ է։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է։
– Հայաստանն ինչպե՞ս կարող է դուրս գալ այդ իրավիճակից։
– Առաջին հերթին՝ դիվանագիտական եղանակով պետք է դուրս գա իրավիճակից։ ԼՂ հակամարտության կարգավորման դեպքում ռազմական ճանապարհն անհնար է, թեև Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղն իր տարածքն է, մենք ասում ենք, թե մերն է։ Կարևոր հանգամանք է այն, որ ԵԱՀԿ-ն մասնակիորեն աջակցում է Ադրբեջանին։ Այստեղ գտնում եմ, որ հայկական դիվանագիտությունը ճիշտ շեշտադրումներ պետք է անի։ Եթե դու դիվանագետ ես ու չես ապացուցում, որ դա մեր տարածքն է, ինչի՞ շուրջ ես բանակցություններ վարում։ Ինչի՞ շուրջ են բանակցություններ վարում, երբ մեր զորքերը ջախջախել են 7 միլիոնանոց երկրին, որը հարձակվել էր և ցանկացել ամբողջությամբ ջախջախել, ոչնչացնել Արցախի ժողովրդին, վերադարձնել Զանգեզուրը և Նախիջևանից հարձակվել Երևանի վրա։
Այդ դեպքում Հայաստան ընդհանրապես չէր լինի։ Եվ այս ամենից հետո նրանք պահանջում են տարածքների վերադարձ, ասում են. «տվեք մեզ մեր հինգ շրջանները», բայց ի՞նչ հինգ շրջաններ, դրանք հայկական տարածքներ են։ Իսկ մենք ինչո՞ւ չենք ասում, թե որտեղ են Ղարաբաղի շրջանները՝ Մարտունու, Մարտակերտի, Շահումյանի, Գետաշենի։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ սա չենք ասում։ Ես այս մասին պարոն Նալբանդյանին ևս ասել եմ։ Ղարաբաղը բարդագույն ռազմաքաղաքական, ֆինանսատնտեսական իրավիճակում է, քիչ ներդրումներ են գնում Ղարաբաղ և Հայաստան, ավելի քիչ աշխատատեղեր են ստեղծվում այդ ամենի արդյունքում։ Բայց ժողովուրդն ապրում է, զարգանում է, վատ թե լավ, առաջընթաց կա, և ամենակարևորը՝ ժողովուրդը մեծ հարգանքի մթնոլորտում է դաստիարակվել հայրենիքի, ընտանիքի, տան հանդեպ։ Պատիվ ու հարգանք նրանց։
– Ապրիլյան պատերազմից հետո շատ էին քննադատություններն այն ուղղությամբ, թե մեր դիրքերը լավ վիճակում չեն։ Հետաքրքիր է՝ եղե՞լ եք դիրքերում, կամ ի՞նչ տեղեկություններ ունեք այս մասին։ Ի՞նչ աշխատանքներ են նախաձեռնվել։
– Այս անգամ դիրքերում չեմ եղել, եղել եմ նախանցած տարի։ Եթե նույնիսկ տեղեկություն ունենայի այն մասին, թե ինչ աշխատանքներ են տարվում, չէի ասի ձեզ, որովհետև թղթակիցների հոդվածները հաճախ ի օգուտ թշնամու են։ Ես խորհուրդ չեմ տալիս բանակի դրական կամ բացասական կողմերի մասին գրել։ Դա ԶՈՒ է, դա ֆիդայական զորք չէ, այլ Զինված ուժեր՝ հարստացած խոցման ժամանակակից զենքերով, կառավարման համակարգով՝ Պաշտպանության նախարարություն, Գլխավոր շտաբ։ Կարևորը, որ լինի ռազմական պատրաստվածություն և պատրաստականություն, լավ կառավարում։
Կարևորը, որ նաև ոգին է տեղը։ Երկրում պետք է կարգուկանոն, կազմակերպվածություն լինի, առաջին հերթին՝ ներսում։
Ինչո՞ւ ես քննադատեցի «Սասնա ծռերին»։ Այդ մարդիկ հեղինակազրկեցին հայությանը, համարյա թե մեռցրին աշխարհում հայկական գործոնը։ Դա ահաբեկչություն է, կան պայքարի ժողովրդավարական եղանակներ։ Այս երկրում այլ կերպ պետք է գործել՝ աշխատեղեր ստեղծել, մարդիկ աշխատեն, չարտագաղթեն, պետք է գումարներ ներդնել, օգնել Հայաստանին։ Բոլոր կուսակցությունները, խմբակցությունները պետք է միավորվեն, օգնեն կառավարությանը, եթե այս Կառավարությանը չեն ուզում, խորհրդարան ունեն, թող այլ կառավարություն ընտրեն և փոխեն իշխանությանը։
– Ինչպիսի՞ քաղաքականություն եք ակնկալում Ռուսաստանից, որտեղ ապրում եք։
– Ես Ռուսաստանի ընդհանուր քաղաքականությանը դեմ չեմ, բայց Ադրբեջանին սպառազինության վաճառելու քաղաքականությանը ես դեմ եմ։ Իհարկե, Ռուսաստանն իրավունք ունի կոմերցիոն նպատակներից ելնելով՝ վաճառել զենք ու զինամթերք։ Հայաստանը ևս ստանում է սպառազինություն Ռուսաստանից։ Բայց Հայաստանը կողմ է, որը պաշտպանության վիճակում է, չի հարձակվում և չունի հարձակվելու ցանկություն։ Իսկ ստացվում է, որ ռուսական զենքը վաճառվում է ագրեսոր երկրի, որը հարձակվում է։ Իսկ թե ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքականությունը, պետք է երկրների ղեկավարները որոշեն, իրար հետ համագործակցեն, քաղաքականությունը պայմանավորվում է նրանց աշխատանքի որակով, իսկ թե ինչ նրբություն ու քաղաքականություն ունի պարոն Պուտինը, ես չեմ կարող ասել, քանի որ այդ քաղաքականության մեջ չեմ։ Ես չեմ կարող ասել, թե ինչու է Ռուսաստանը Հյուսիսային երթուղին ձևավորում Ադրբեջանով, Դաղստանով՝ Իրանից, ինչո՞ւ հնարավոր չէր Իրանից Նախիջևանով դուրս գալ Հայաստան՝ Թբիլիսիով ու Աբխազիայով, ճանապարհ կա, ավելին կարճ ճանապարհ։ Այդ ի՞նչ քաղաքականություն է։ Ինչո՞ւ են Թուրքիայի հետ համագործակցում, Թուրքիան ցեղասպան պետություն է։
Էրդողանը միջազգային մակարդակի չափազանց խորամանկ գործիչ է, նա ստեղծեց փախստականներին, նրանց ուղարկեց Եվրոպա։ Ես մի անգամ նաև ասացի, որ այդ փախստականների շրջանում ևս իսլամիստներ կան, և չի բացառվում, որ Թուրքիան Եվրոպայի համար ևս ցեղասպանություն կազմակերպի, ո՞վ գիտի։ Իսկ հիմա սկսել է՝ «Իմ ընկեր, Վոլոդյա, Վոլոդյա»։ Նա չափազանց խորամանկ է։ Ես չեմ հասկանում, չեմ կարող բացատրել այդ քաղաքականությունը։ Դժվար է ասել։ Հնարավոր է, որ ՌԴ նախագահն այդ միությունը ստեղծում է, որպեսզի հետագայում այդ մերձեցումն օգտագործելով՝ հայկական հարցը լուծի՝ շրջափակումը, ԼՂ հակամարտությունը, հնարավոր է՝ սա է նպատակը։ Ես չգիտեմ։
– Հայաստանում խորը հակառուսական տրամադրություններ են հասունանում հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ ընդհանուր ռուսական զենքի վաճառքի դժգոհություններին ավելացավ նաև 200 միլիոն վարկով նախատեսվող սպառազինության մատակարարման ուշացումը։ Ինչո՞ւ։ Ըստ Ձեզ՝ արդարացված չե՞ն այս տրամադրությունները։
– Հարցը հետաքրքիր է, բավականին քաղաքականացված է։ Դուք ճիշտ եք, քանի որ դուք ավելի լավ գիտեք ժողովրդի տրամադրությունների մասին։ Ժողովրդական տրամադրությունները կամ դժգոհություններն այս դեպքում ձևավորվում են այս կամ այն երկրի թույլ տված բացասական երևույթների դեպքում։ Ժողովուրդը տեսնում է։ Սրան ավելացրած՝ ուշացրին 200 միլիոն վարկի դիմաց տրվելիք սպառազինության մատակարարումը, ժողովուրդը ժողովուրդ է, նրան չես խաբի, ռոբոտ չէ, հայ ժողովուրդը կարգին, քաղաքակիրթ, պատշաճ, գիտակից ժողովուրդ է, ճիշտ է գնահատում իրավիճակը։ Եթե ասում են, որ դեմ են, ուրեմն դա ինչ-ինչ պատճառներ ունի։
Բայց այստեղ կան նաև կեղծիքներ։
Ձեր թույլտվությամբ ես զեկուցեմ այն, ինչ ինձ է հայտնի, ես տեսել եմ։ Ես Ղարաբաղյան պատերազմից հետո ՌԴ Պաշտպանության նախարարի խնդրանքով աշխատել եմ ՀԱՊԿ-ում, և այնտեղ փաստաթղթեր էին պատրաստում ՀԱՊԿ անդամ երկրների վերաբերյալ։ Փաստաթղթերից մեկում ամրագրված է, որ ՀԱՊԿ անդամ երկրներին վաճառվում է զենք-զինամթերք ներքին գներով։ Եթե ռուսական բանակի համար ավտոմատն արժե 1 ռուբլի, ապա հայկական բանակի համար ևս 1 ռուբլի արժե, իսկ ադրբեջանական բանակի համար՝ 10։ Այսինքն՝ այդ 200 միլիոնով ինչ-որ զենք պետք է գնեին։
Եթե ինձ հարցնեին, ես խորհուրդ կտայի գնել ռադիոէլեկտրոնային հակազդեցության ժամանակակից միջոցներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, կգնեի կապի ժամանակակից միջոցներ և լավ հարվածային անօդաչու սարքեր։ Այսինքն՝ ես կգնեի զենքեր, որոնք թույլ կտան լավ պաշտպանվել, բայց դա թույլ կտա նաև հակահարձակման ենթարկել հակառակորդին, այսինքն՝ զենքը պետք է ոչ միայն պաշտպանության, այլև հարձակման համար՝ անհրաժեշտության դեպքում։
Պահանջներ են հնչում, որպեսզի Հայաստանից հեռացվի 102-րդ ռուսական ռազմական բազան։ Այս առնչությամբ շատերը ելույթ ունեցան։ Այդ բազան ստեղծվել է իմ առաջարկով։ Լևոն-Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, Աստված նրա հոգին լուսավորի, Վահան Շիրխանյանը վկա են եղել, որ ես առաջարկել եմ թույլ չտալ ռուսական դիվիզիային Գյումրիից հեռանալ, որպեսզի Ռուսաստանը չհեռանա, քանի որ նախատեսվում էին տարբեր ռուսական դիվիզաների ելքեր Վրաստանից և Ադրբեջանից, ստացվում էր, որ Ռուսաստանը հեռանում էր, ուստի ես պնդեցի, որ մենք ՆԱՏՕ-ի կազմում չենք, Վարշավյան պայմանագրում չենք, Հայաստանն անկախ երկիր է, Ադրբեջանը հարձակվում է, նպատակը ոչ միայն Ղարաբաղն է, այլև Զանգեզուրի գրավումը, միացումը Նախիջևանին և հարձակումը Երևանի ուղղությամբ, այսինքն՝ մեզ պետք էր ծածկ ագրեսիվ թուրքական և ադրբեջանական պետություններից, որոնք կարող են անցնել սահմանը և սկսել ոչնչացնել Հայաստանը։
Ադրբեջանը մի քանի տասնյակ դիվիզիաներ ուներ, իսկ Հայաստանը ոչ բանակ ուներ, ոչ մի միության անդամ չէր, ՀԱՊԿ-ը չկար այն ժամանակ, ուստի մենք ստեղծեցինք, ես նշանակվեցի հանձնաժողովի նախագահ։ Այդ խմբավորումը նախատեսված էր ՌԴ պաշտպանության համար ԱՊՀ արտաքին սահմանների վրա, բայց որոշ ժամանակ անց, երբ Մեդվեդևն էր ՌԴ նախագահը, նա այցելեց Հայաստան և ձևակերպումը փոխվեց՝ ոչ միայն ՌԴ անվտանգության ապահովում, այլև Հայաստանի անվտանգության ապահովում՝ համագործակցելով ՀՀ ԶՈՒ-ի հետ։
Այդ բազան գոյություն ունի և դեռ գոյություն է ունենալու ևս 49 տարի, ուստի ես որակում եմ բազան հանելու պահանջները վտանգավոր։ Դժգոհությունը տարբեր պատճառներով է բարձրանում։ Բայց դա ամենևին էլ թույլ չի տալիս ՌԴ-ի դեմ հանդես գալ, քանի որ դա ծայրաստիճան վտանգավոր երևույթ է, քանի որ հայերն իրենց կրոնական, մշակութային, քաղաքական կապերով մշտապես մոտ են եղել ռուս ժողովրդին և գտնվում են թշնամական հարևանության մեջ։
Այո, Ռուսաստանը սխալներ է թույլ տվել, չէ՞ որ առաջին հերթին՝ իր մասին է մտածում, բայց ՀՀ իշխանության կողմից ևս սխալներ են թույլ տրվել, այսինքն՝ Ռուսաստանի որոշ սխալներ նրան թույլ չեն տալիս անել այս բանը, իսկ մեր սխալները՝ այն բանը։ Այս տարածաշրջանում մենք միայն Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունենք, իսկ հիմա Ռուսաստանի դե՞մ գնալ։ Դուք այստեղ կոչնչանաք ոչ թե ֆիզիկապես, այլ՝ գտնվելով մի շրջապատում, որտեղ չունեք գործընկեր։ Ես Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման քաղաքականությանը դեմ եմ։ Եթե Ռուսաստանը հեռանա Անդրկովկասից, Հայաստանը թշնամական հարևանությունում միայնակ կմնա, Թուրքիան՝ թշնամական, Ադրբեջանը՝ թշնամական, Վրաստանը՝ թշնամական չէ, բայց նա օգնում է Հայաստանի շրջափակմանը։ Իրանը պատշաճ երկիր է, որի հետ մեր հարաբերությունները լավն են։
– Եթե Հայաստանը պետք է Ռուսաստանին՝ իր ներկայությունը Հարավային Կովկասւոմ ապահովելու նպատակով, ապա ՀՀ հասարակության համար պետք է վերացնել այն պատճառները, որոնք բարձրացնում են հակառուսական տրամադրություններ։ Չե՞ք կարծում։
– Մենք ենք ասում, որ Ռուսաստանին պետք է Հայաստանը կամ ներկայությունն այս տարածաշրջանում, գուցե պետք չէ Ռուսաստանին Հայաստան։ Յուրաքանչյուր երկիր մյուսին պետք է՝ նայած, թե ինչ նպատակով՝ տնտեսական, քաղաքական։ Այս պարագայում մենք հանդիսանում ենք երկիր, որն օգնում է Ռուսաստանի անվտանգության ամրապնդմանը, իսկ Ռուսաստանին դա պե՞տք է, թե՞ ոչ, իրենց պետք է հարցնենք, բայց մենք մեզ այդպես ենք ընդունում, երևի թե Ռուսատսանը՝ ևս, եթե այդպես չլիներ, չէր լինի ՀԱՊԿ, և այլն, և այլն։ Քաղաքականությունը քաղաքականություն է։ Պետք է փոխել քաղաքականությունը ներսում՝ Հայաստանում, համակարգը, ձգտել տնտեսական զարգացման և փոխել սեփական նաև արտաքին քաղաքականությունը՝ բարեկամական կապեր հաստատելով տարածաշրջանում նույնիսկ թշնամական երկրների հետ։