«Արաբկիր» զբոսայգին կդառնա Հայաստանի տուրիստական կարևոր գոտիներից մեկը
Արաբկիր վարչական շրջանում առաջիկայում կիրագործվի «ԱլտերԷգո» նախագիծը: «Գրին սմայլ» ընկերության հետ պայմանագրի ստորագրմամբ՝ «Արաբկիր» զբոսայգին կվերածվի եզակի նորարարական հանգստյան գոտու: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը՝ «Արաբկիր» զբոսայգին տարիներ շարունակ եղել է բարձիթողի վիճակում, այնտեղ տարբեր խնդիրներ էին առաջացել, իսկ առաջիկայում այն կդառնա Հայաստանի տուրիստական կարևոր գոտիներից մեկը.
«Այգին եղել է վարձակալության տակ, վերջին տարիներին ինչ հնարավոր է՝ վարձակալողն արել է, բայց այնքան մեծ ծավալի աշխատանք կար, որ նա միայնակ ոչինչ անել չէր կարող։ Այստեղ գլոբալ մոտեցում էր պետք. ընդհանուր լուսավորության, ոռոգման, կանաչապտման, բարեկարգման խնդիրներ պետք է լուծել։ Այդ ամենի պատասխանատվությունը «Գրին սմայլ» ընկերությունը վերցրել է իր վրա, մենք էլ մեր հնարավորության սահմաններում պատրաստակամ ենք իրենց օգնել։ Ամենակարևորն այն է, որ կապիտալ շինարարություն չի լինելու, այլ՝ կոնստրուկտիվ։ Այսինքն՝ այգին ոչ մի սանտիմետր չի քանդվելու։ Արաբկիրի սիմվոլ հանդիսացող հուշարձաններն էլ ոչ միայն կպահպանվեն, այլև կվերականգնվեն»։
Նախագծի մանրամասներին մեզ ծանոթացրեց «Գրին սմայլ» ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Յուրտաևը։ Նա ասաց, որ նախագծի առաջնային նպատակը Հայաստանում տուրիզմը զարգացնելն է: «Ռուս-թուրքական հարաբերությունների վատացման ֆոնին Հայաստան ժամանող ռուս զբոսաշրջիկների թիվը միանգամից մեծացավ։ Մտածեցինք՝ ինչ անսովոր բան անել ոչ միայն՝ Հայաստանի, այլև՝ տարածաշրջանի համար, որ ավելի շատ զբոսաշրջիկների գրավենք, հետաքրքրություն առաջացնենք մարդկանց մեջ։ Արկածային տուրիզմի համար Հայաստանն իդեալական վայր է։ Մենք նախագիծն ունեինք ու տարածք էինք փնտրում, և իդեալական տարածք էր «Արաբկիր» զբոսայգին։ Մենք պատրաստ ենք գումար ծախսել, բայց կարևոր է՝ արդյունք լինի, դրամաշրջանառության մասին չէ խոսքը։ Մենք սոցհարցումներ ենք անցկացրել, հասկացել ենք՝ ինչ է պետք զբոսաշրջիկներին, հանդիպել ենք բնակիչներին, պատմել մեր նախագծի մասին, հարցրել՝ ինչ կցանկանային, որ լինի այդ այգում»,- ասաց նա։
«ԱլտերԷգո» նախագիծն ընդգրկել է արկածային տուրիզմի այն տեսակները, որոնք իրենց անսովորությամբ ավելի շատ մարդկանց ուշադրություն են գրավում։ Օրինակ, Զիփ-Լայնը, որը Հայաստանում արդեն երկու վայրում կա՝ Պարզ լճում ու Ենոքավանում։ Բայց, Միխայիլի խոսքով՝ այնտեղի ենթակառուցվածքները տարբեր են.
«Զիփ-Լայնի գաղտնիքը բարձրության մեջ է, այլ ոչ թե նրա, թե ինչի վրայով է թռչում։ Այդ առումով զբոսայգին իդեալական է. այնտեղ 1276 մետր բարձրությամբ կետ կա, և Դավթաշենի կամրջի միջոցով կունենանք 800 մետրանոց Զիփ-Լայն։ Նման բան տարածաշրջանում էլ չկա։ Հաշվի ենք առել ամեն ինչ. զբոսայգում կլինեն ցայտաղբյուրներ, զուգարաններ և այլն, որոնք պարտադիր են զբոսաշրջիկների համար»։
Նրա խոսքով՝ զբոսայգում կլինեն նկարչության համար նախատեսված հատուկ վայրեր, ճոճանակներ, յոգա, ժայռագնացություն, բաց կինոթատրոն և այլն.
«Դրվելու են աստղադիտակներ, հեռադիտակներ։ Դա անվճար կլինի, միայն թե գլխավորն այն է, որ չգողանան։ Կլինի բաց կինոթատրոն, որտեղ հատուկ նստատեղերը կլինեն վճարովի, իսկ մնացած տեղերը՝ անվճար։ Մենք ունենք կարդացող ինտելիգենտ մասսա. որպեսզի նրանց հետ շփվենք, կլինի բաց գրադարան։ Մարդիկ կգան, կընտրեն իրենց ցանկացած գիրքը, կնստեն, կկարդան ու կգնան։ Եթե գիրքը գողանան, մի անգամ չենք նկատի, երկու անգամ չենք նկատի, երրորդ անգամ ամբողջ գրադարանի համար կվճարեն։ Գիրք կարդալու կգան կրթված մարդիկ, որոնք իրենց հերթին՝ խորհուրդներ կտան, թե էլ ինչ կարելի է անել, ինչ փոխել»։
Զբոսայգու ամենատեսանելի հատվածում հատուկ հուշարձան է դրվելու՝ անմար կրակով։
«Հայրս 1992թ. մահացել է Ղարաբաղում, նա սպա էր։ Ինձ համար Ղարաբաղը կարևոր նշանակություն ունի, ամեն զինվորի կյանք շատ թանկ է ինձ համար։ Մարդիկ մահանում են նրա համար, որ իրենց չմոռանան, իսկ երբ մոռանում են, դա ազնիվ չէ։ Դրա համար ապրիլին զոհված տղաներին պետք է հիշել։ Այգում հարմար մի տեղ կա, որտեղ կտեղադրվի հատուկ հուշարձան, մեջը կպատկերվեն մարտական գործողություններ, կլինի արհեստական կրակ։ Հուշարձանի մի մասը կլինի Ուրցաձորի մարմարից, որի վրա ոսկե տառերով կգրվեն ապրիլյան պատերազմում զոհված հերոսների անունները։ Կրակը հիպնոսացնող էֆեկտ ունի, և, երբ աչքերի առաջ հենց կռվի տեսարան լինի, մարդիկ կհասկանան, որ դա իրենց պետք չէ։ Մարդիկ կհասկանան, որ ամեն ինչ գեղեցիկ է, բայց մի բան կա, որ կարող է փոխել ամենը՝ պատերազմը։ Նման հուշարձան ամբողջ աշխարհում չկա»,- նշեց Միխայիլը։
Զբոսայգին ամբողջությամբ լուսավորված է լինելու: Ծրագրի իրականացման շնորհիվ՝ կգործի կաթիլային ոռոգում, որը կապահովի կանաչապատ մակերեսի մեծացում։
Միխայիլը նաև ասաց, որ իրավաբանական հարցերը կարգավորելուց հետո Զիփ-Լայնը կարող են արագ պատրաստել. «Ամեն ինչ պատրաստ է, եթե հենց հիմա փաստաթղթերը կարգավորվեն, մինչև սեպտեմբերի վերջ Զիփ-Լայնը պատրաստ կլինի, իսկ մինչև փետրվար՝ մնացած ենթակառուցվածքներն էլ պատրաստ կլինեն»։
Նա նշեց, որ անձամբ զրուցել է տեղի բնակչության հետ, բացատրել, թե ինչ են ուզում անել, ու բոլորը ոգևորված սպասում են նախագծի իրականացմանը։ Նա նաև ընդգծեց՝ եթե որևէ բան այնպես չընթանա, ամեն րոպե կարելի է ամեն ինչ հավաքել ու գնալ, «այգում որևէ հետք չի մնա»։
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ Երևանի քաղաքապետը ևս ողջունել է այս նախագիծը, ու միասին ամեն կերպ կօժանդակեն, որպեսզի այն իրականանա։