«Սա ազգային ողբերգություն է, երբ ավագանու թեկնածուները 1000-2000 դրամով ձայն են առնում»

«ԲՀԿ-ն ակտիվ մասնակցում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, մոտ 80 համայնքներում առաջադրել է թեկնածուներ, ակնկալիքները բոլոր տեղերից են։ Մի քանի տեղերում արդեն միջադեպեր են եղել թեկնածուների հետ կապված, բայց դրանք առայժմ որակենք՝ որպես լոկալ միջադեպեր։ Ո՞վ է կասկածում, որ, եթե պետական ապարատն իր ֆինանսական, վարչական մեթոդներով փորձի ճնշումներ գործադրել, ոչ բոլորը կարող են դիմանալ։ Դա վերաբերում է ոչ միայն՝ ՏԻՄ ընտրություններին, ոչ միայն՝ թեկնածուներին, այլև լրագրողներին, և այլն։ Այնպես որ, եկեք ձև չանենք, թե դա ինչ-որ արտառոց բան է և վերաբերում է կոնկրետ կուսակցության, դա վերաբերում է բոլորիս՝ բոլոր պարագաներում։ Առաջիկա ընտրությունները ցույց կտան՝ այս անգամ դա համակարգայի՞ն է, թե՞ լոկալ»,- այսօրվա ասուլիսին ասաց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը։

«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Արթուր Միսակյանն էլ նշեց, որ նախորդ ՏԻՄ ընտրություններում, մասնավորապես՝ Հրազդանում, ընտրատեղամասերում կարողացել են պաշտպանել ընտրողի քվեն. «Մինչ ընտրատեղամաս հասնելն էին ամեն ինչ անում։ Հաշվի առնելով նախորդ ընտրությունների պրակտիկան ու փորձը, առաջիկա ՏԻՄ ընտրություններին պետք է փորձենք մեր հասարակությանը հորդորել՝ քվեարկել խղճով ու համոզմունքով։ Հասարակությունը պետք է կատարի քվեարկություն՝ խղճով ու համոզմունքով, այլ ոչ թե՝ փողով ու պարտադրանքով։ Փողով ու պարտադրանքով արված ցանկացած ընտրություն մեր պետությունը գցում է խորը փոսի մեջ, որից տարիներ շարունակ չենք կարողանում դուրս գալ»։

Նա նշեց, որ «Հայկական վերածնունդն» ակտիվ մասնակցում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, ունեն շուրջ 100 թեկնածու. «Առաջադրումներն արվել են այնտեղ, որտեղ նպատակահարմար ենք գտել, ու մեր թեկնածուներն ունեն հաղթելու ռեալ հնարավորություններ։ Առավել կարևոր են Գյումրիի և Վանաձորի ընտրութունները, որտեղ առաջադրել ենք մրցունակ թեկնածուներ, մարդիկ, որոնք ունեն հանրային բարձր վարկանիշ. Գյումրիում՝ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյան, Վանաձորում՝ Արկադի Փելեշյան, ով Վանաձորում ամենաբարձր ձայներով ընտրված ավագանու անդամ է»։

Արթուր Միսակյանը նաև ընդգծեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ ընտրություններին չմասնակցեն. «Նույնիսկ ավագանու ընտրությունն այսօր դարձել է փողով, ու գիտե՞ք՝ որքան են վճարում մեկ ձայնի համար. 1000-2000 դրամ։ Սա ազգային ողբերգություն է, երբ ավագանու թեկնածուները 1000-2000 դրամով ձայն են առնում։ Հետաքրքիրն այն է, որ դրա պահանջարկը կա։ Հասարակությունը հասել է թշվառության այն աստիճանին, որ իր համար 1000-2000 դրամն էլ է փող։ Վտանգավոր այն մտածելակերպը՝ շնից մազ պոկելն էլ է քյար, դարձել է մի քանի հարյուր հազար մարդու գործելակերպ, երբ 1000 դրամը վերցնում ու քվեարկում են նրա օգտին, ում տարիներ շարունակ չեն էլ տեսել, դեմքով չեն էլ ճանաչում։ Դրա դեմ պայքարելու համար կան իրավական, բարոյական մոտեցումներ, որոնք պետք է համալիր օգտագործել»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս