«Մինչև հմի տուն չեն տա, իրանց կաբինետից էլ դուրս կենեն, կըսեն` գնա, խո կաբինետը քուկդ չէ»

asparez.am. «Մոլախոտեր, ժանգոտ իրեր, խորդուբորդ ճամփաներ ու ամայություն. ամայության մեջ նշմարվող քայքայված տնակների փտած տանիքներ. Գյումրու Սավոյան փողոցի մի հատվածի նկարագրությունն է սա ընդամենը, տարածքն հայտնի է «Լեննականի կուկլի» գործարան անվամբ. այստեղ ներքաղաքային տրանսպորտ չի մտնում, փողոցի մի անկյունում է տրանսպորտի կանգառը, մյուս ճանապարհը տնակի բնակիչները ստիպված ոտքով են անցնում, կոշիկ մաշում, փոշոտվում ու ճեղքելով անցնում փշոտ մոլախոտերը:

Խճաքարերի վրա հազիվ քայլելով` Գոհարիկն իր 1-ամյա որդու հետ անցնում է այս ճանապարհն ու պատմում տնակային կյանքի դժվարություններից:

Նախորդ տարեվերջին է մահացել Գոհարիկի սկեսրայրը, սկեսրոջ թաղումից առաջ են բարեկամներով հավաքվել, խճապատել տնակից դեպի փողոց տանող ճանապարհը. Գոհարիկն ասում է` այդ օրերին այս ճամփեքով անցնել հնարավոր չէր, ցեխաշաղախ է եղել ճանապարհը, ստիպված իրենց ուժերով մի ճար գտել ու ցեխից պաշտպանվելու համար խիճ են լցրել:

28-ամյա քանդված տնակի բազմոցին հազիվ տեղավորվել է 76-ամյա Կիմա Գրիգորյանը, սկեսրոջ մայրը, տիկին Կիմայի 2 որդիները մահացել են վերջին տարիներին, որդեկորույս մայրն ասում է, որ ինքը առողջական խնդիրներ ունի, հաճախ գիշերները չի կարող քնել ոտքերի ցավի պատճառով:

Սավոյան 228/229 տնակում է ապրում այս ընտանիքը` տիկին Կիման, նրա 2 թոռները, թոռան ընտանիքը: Ընտանիքի 6 անդամից 2-ը անչափահաս երեխաներ են` 1 եւ 6 տարեկան: Ընտանիքի կայուն եկամուտը տիկին Կիմայի կենսաթոշակն է, նրա մի թոռը չի աշխատում, իսկ մյուս թոռան օրավարձը կազմում է 3-4000 դրամ, հազիվ են ապրում: Կնոջ խոսքով` օգնության ձեռք մեկնողներ չկան: Ընտանիքը 88-ի երկրաշարժի հետեւանքով կորցրել է բնակարան, տիկին Կիման պատմում ու նկարագրում է` կորցրել են թանգարանի նման կահավորված բնակարան ու ապրուստ: «Ում մտքով կանցներ, որ այս վիճակում պետք է հայտնվեինք,-ասում է 76-ամյա կինը:

Անօթեւան ընտանիքին մինչ այժմ, սակայն, պետությունը բնակարանով չի ապահովել, պատճառը եղել է փաստաթղթերի ուշ ներկայացնելը: Փաստաթղթերի ուշացումը, կնոջ հավաստմամբ, օբյեկտիվ պատճառ է ունեցել, քանի որ այդ օրերին ծանր հիվանդ է եղել տիկին Կիմայի հարսը, ով ամիսներ անց մահացել է:

kima-8

-Կարող է ես անգրագետի մեկն եմ, ստուգեք, տեսեք, ի՞նչ դակումենտացիա է պետք, ի՞նչ է, մենք անմիջապես կսարքենք էս բոլորը, 100 տարի մենք Լեննականի մեջ կապրինք, կենեինք էդ դակումենտացիան,-պատմում է տիկին Կիման` ի նկատի ունենալով մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների անտարբերությունը: Որդեկորույս մայրը պատմում է, թե ինչպես են որոշ պաշտոնյաներ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորել իր հանդեպ, երբ բնակարանային խնդիրներով ստիպված վերջինններիս գրասենյակներ է մտել: Ավելին, կնոջ պնդմամբ, պաշտոնյաներից մեկը, կնոջը դուրս է արել եւ նախազգուշացրել, որ այլեւս բնակարանի խնդրով իրեն չդիմեն:

kima-4

«Մինչեւ հմի տուն չեն տա, իրանց կաբինետից էլ դուրս կենեն, կըսեն` գնա, խո կաբինետը քուկդ չէ»,-հիշելով դեպքն ու պաշտոնյային` զայրացած ասում է տիկին Կիման:Փտած տնակի ներսում մկներն են բույն դրել ու տարածվել, խոհանոցի մի անկյունում` սեղանի տակ, մշտապես մկան թակարդն է դրված, խորդուբորդ հատակը ճռճռում է, խոնավ սենյակներում են քնում երեխաները: Գոհարիկը պատմում է, որ երեխաներին լողացնում են տնակում` տաշտերով ջուր են հավաքում, տաքացնում եւ մի կերպ լողացնում, ջրի հարցը վերջերս են լուծել, տնակը մի քանի ժամով ապահովված է խմելու ջրով:

Այս պայմաններում բնակվող Գյումրու այս բազմանդամ ընտանիքը եւս երազում է հարմարավետ ու լուսավոր բնակարանի մասին, մկներից հեռու քնելու եւ զարթնելու մասին: 76-ամյա տիկին Կիման դեռեւս հույսը չի կորցնում, որ ծերության գոնե մի քանի օրերը կկարողանա ապրել մարդկային պայմաններում, հանգիստ դիմավորել լուսաբացն ու իրիկունը»:

Տեսանյութեր

Լրահոս