Քաղաքական գործիչների իրեր և աքսեսուարներ, որոնք դժգոհություն են առաջացրել

Forbes.ru-ն ներկայացրել է այն դեպքերը, երբ քաղաքական գործիչների հագուստը, իրերը կամ աքսեսուարները հասարակության դժգոհության պատճառ են դարձել։

1. Դմիտրի Մեդվեդևը՝ «Jimmy Choo»-ի կոշիկներով։

1

2016թ. հուլիսին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ռուսական հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց տվեց, որի ընթացքում նրա կրած կոշիկները պակաս ուշադրություն չգրավեցին, որքան նրա պատասխանները լրագրողի հարցերին։ Ալեքսեյ Նավալնիի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդը Twitter-ի իր էջում գրել էր, որ կոշիկները 50.000 ռուբլի արժեն։ «Jimmy Choo»-ի կոշիկներով ՌԴ վարչապետը հայտնվեց նաև Ղրիմում, որտեղ թոշակառուների հետ հանդիպման ընթացքում վերջիններս բողոքում էին ցածր աշխատավարձից, ինչին ի պատասխան՝ վարպապետն ասել էր՝ «գումար չկա, բայց դուք մնացեք այդտեղ, առողջություն ձեզ, լավ տրամադրություն»։ Պաշտոնյայի կոշիկների վերաբերյալ համացանցում բանավեճ սկսվեց։

2. Հիլարի Քլինթոնը՝ «Armani»-ի բաճկոնով։

2

Հիլարի Քլինթոնի չափազանց թանկ զգեստապահարանն առաջացրեց ամերիկացիների վրդովմունքը։ Ընտրողների հետ հանդիպումներից մեկի ընթացքում Հիլարի Քլինթոնը հայտնվեց «Armani» ընկերության 12.500 դոլարանոց բաճկոնով։ Ընդ որում, Քլինթոնի ելույթը նվիրված էր սոցիալական անարդարությանը և գործազրկությանը։ Բաճկոնի շուրջ սկսված սկանդալից հետո հայտնի դարձավ, որ Հիլարի Քլինթոնի ոճաբանն է դառնալու «Vogue» ամսագրի ամերիկյան տարբերակի խմբագիր Աննա Վինտուրը։

3. Եղիսաբեթ 2-րդը՝ մորթիով։

3

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը քննադատության է ենթարկվել 2015թ.։ Թագուհին մորթյա բաճկոն էր հագել, ինչի արդյունքում դժգոհություններ էին առաջացել, օգտատերերը նշում էին, որ մորթին լավ տեսք ունի միայն կենդանիների վրա։ Առաջին անգամը չէր, որ մորթի կրելու համար Եղիսաբեթ 2-րդը քննադատության էր ենթարկվում։ 2013թ. PETA ընկերությունը, որը պայքարում է կենդանիների իրավունքների համար, թագուհուն հորդորում էր հրաժարվել մորթուց։

4. Միշել Օբաման՝ բաց գլխով։

4

Սաուդյան Արաբիայի բնակիչների դժգոհությունը 2015թ. հունվարին առաջացրեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման։ ԱՄՆ Առաջին տիկնոջը մեղադրեցին էթիկայի կանոնները խախտելու համար։ Սաուդյան Արաբիայում հուղարկավորությանը նա հայտնվել էր չծածկված գլխով և կապույտ հագուստով՝ սևի փոխարեն։ Շատերի մոտ սա դժգոհություն առաջացրեց, սակայն գտնվեցին նաև մարդիկ, ովքեր նշում էին, որ Միշել Օբաման Սաուդյան Արաբիայի բնակիչներին ցույց է տվել, որ պետք է հարգել կանանց ազատությունը։

5. Դմիտրի Պեսկովն ու «Richard Mille» ժամացույցը։

5

ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հարսանյաց արարողության ընթացքում նրա ձեռքին նկատեցին «Richard Mille»-ի թանկարժեք ժամացույց, որի արժեքը կազմում է 620.000 դոլար։ Մոդելն արտադրվել էր 30 օրինակով։ Այն գնելու համար Դմիտրի Պեսկովը պետք է ծախսեր իր ավելի քան 4 տարվա եկամուտը։ 2014թ. նրա հայտարարագրի համաձայն՝ նրա տարեկան աշխատավարձը կազմել է 9.184 մլն ռուբլի։ Իհարկե, պաշտոնյան հայտարարեց, որ ժամացույցն իրեն նվիրել է իր կինը՝ Տատյանա Նավկան։ Օլիմպիական չեմպիոնուհին հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ «աշխատելով իր քրտինքով՝ կարող է իրեն թույլ տալ լավ նվեր գնել»։

6. Թագուհի Մաքսիման և բաճկոնը։

6

Նիդեռլանդների թագուհի Մաքսիմայի՝ 2016թ. գարնանը Գերմանիա կատարած այցն ուղեկցվեց սկանդալով։ Պատճառը նրա հագուստն էր։ Նրա բաճկոնի վրա տարբեր նախշեր կային, այդ թվում՝ կեռախաչ, որը շատերին նացիստական սիմվոլն էր հիշեցնում։ Սոցիալական ցանցերում միանգամից քննարկումներ սկսվեցին այդպիսի հագուստ կրելու՝ էթիկապես ճիշտ չլինելու մասին։ Իր աշխատանքը պարզաբանելիս հագուստի հեղինակը նշել էր, որ իր միակ նպատակն է եղել՝ ստեղծել օրիգինալ երկրաչափական նկար։

7. Սերգեյ Լավրովն ու կապույտ ջինսը։

7

Հասարակ ջինսը գրեթե դիվանագիտական սկանդալի պատճառ էր դարձել։ 2016թ. ապրիլին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցելեց Մոնղոլիա՝ պաշտոնական այցով։ Թռիչքից հետո նա որոշել էր չփոխել հագուստը և կարմիր գորգի վրա հայտնվեց կապույտ ջինսով։ Դրես-կոդին չհետևելու այս փաստը տեղացիների և պաշտոնյաների դժգոհության առիթ դարձավ։

8. Նարենդրա Մոդին և նրա անունով կոստյումը։

8

2015թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Հնդկաստան կատարած այցը հիշվեց ոչ միայն Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմամբ, այլ վարչապետ Նարենդրա Մոդիի հագուստով։ ԱՄՆ լիդերի հետ Նոր Դելիում հանդիպմանը նա եկել էր մուգ կապույտ կոստյումով, որի վրա ոսկեգույն գծեր կային։ Մոտիկից նայելու դեպքում տեսանելի էր, որ դա քաղաքական գործչի ամբողջական անունն է։ Այս հագուստը միանգամից ուշադրության առաջացավ և սկսեց քննարկվել սոցիալական ցանցերում։ Հնդիկ քաղաքական գործչին մեղադրեցին նարցիսիզմի մեջ, սակայն դա նրան չընկճեց։

9. Վլադիմիր Պուտինի Loro Piana սպորտային հագուստը։

9

2015թ. օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը միասին սպորտային մարզում անցկացրին Սոչիում։ Ուժային վարժություններից առավել շատ լրագրողներին և հասարակությանը հետաքրքրեց ՌԴ նախագահի սպորտային հագուստը։ ՌԴ նախագահը Loro Piana իտալական բրենդի հագուստ էր կրում։ Ինտերնետ խանութում այն վաճառվում է 3220 դոլարով։ ՌԴ նախագահի սպորտային այս հագուստը համացանցում մեծ քննարկումների տեղիք տվեց։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս