Մոսկվայի հերթական խաղն ու Հայաստանի հերթական ստորացումը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել է Դատախազության միջնորդությունը՝ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Միրոնովն ազատության մեջ է ու հայտարարում է, որ վայելելու է Հայաստանի եղանակը, քանի դեռ այն այսքան հաճելի է։ Միրոնովին, երևի, կվճարեն Հայաստանում եղանակը հանգամանորեն ու ըստ ամենայնի վայելելու համար։ Որովհետև պետությունների գործերում օգտագործվողներին սովորաբար վճարում են ու շատ։ Բայց խնդիրը Միրոնովը չէ, այլ նրա միջոցով հերթական անգամ ստորացված Հայաստանի Հանրապետությունը։

Ռուսաստանի այս քաղաքացին ԱՄՆ-ի համապատասխան մարմինների խնդրանքով ձերբակալվել էր հայ իրավապահների կողմից՝ ինչ-որ մեքենայության գործի շրջանակներում հետախուզման մեջ լինելու պատճառով։ Պետությունների միջև հարաբերություններում սովորական համարվող այս պրակտիկան սովորական չէր կարող լինել մի պետության պարագայում, որի իրավապահներն անգամ սեփական քաղաքացիների յոթ հոգանոց ընտանիքին գնդակահարած ռուս Պերմյակովին ձերբակալելու իրավունք չունեին ու չձերբակալեցին՝ մինչև դա չարեցին ռուսական հատուկ կամ սահմանապահ ծառայությունները։

Ու առավել ևս սովորական չէր կարող լինել մի պետության քաղաքացու հանդեպ, որը դժբախտ պատահարի մեղավոր ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ձերբակալությունն ու դատավարությունը վերածեց այդ մարդու և այդ մարդու ներկայացրած երկրի ստորացման շքահանդեսի։

Միրոնովի գործը սովորական գործ չէ։ Սովորական լինելու դեպքում ռուսական քաղաքական ու լրատվական դաշտում չէր բարձրանա այն վայնասունը, որն արդեն քանի օր է՝ բարձրացել է, ու վայնասունի ընդհանրական վերնագիրն է՝ «Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ ԱՄՆ-ի խնդրանքով Ռուսաստանի քաղաքացի ձերբակալի»։

Ովքե՞ր էին Միրոնովի միջոցով փորձում Հայաստանի իշխանությանը. ԱՄՆ-ը՞, որ իր այդ խնդրանքով ցանկանում էր հասկանալ, թե որքանով են գեղեցիկ ելույթներում օրինականությանն ու մարդու իրավունքներին նվիրվածության մասին ՀՀ իշխանությունների խոստումները համապատասխանում իրականությանը, թե՞ Ռուսաստանը, որ վստահաբար ձերբակալման մասին կայացված քաղաքական որոշման վրա ազդելու հնարավորություն ուներ, բայց չի ազդել, որպեսզի Հայաստանի իրավապահները ձերբակալեն, ապա այդքան ստորանալով՝ դատարանի դահլիճից ազատ արձակեն գուցե շարքային հանցագործին, ով կյանքի, հանգամանքների կամ ոչ ֆորմալ աշխատանքային պարտականությունների պատճառով դարձել է աշխարհաքաղաքական թեստի առարկա։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս