Հավայան կղզիներում ավարտվել է դեպի Մարս օդաչուավոր թռիչքի նմանակման գիտափորձը
Հավայան կղզիներում ավարտվել է դեպի Մարս օդաչուավոր թռիչքի նմանակման մեկամյա գիտափորձը: Այս մասին գրում է The Guardian-ը:
HI-SEAS անվանումը կրող նախիագծի կազմակերպիչներն են NASA-ն եւ Հավայան համալսարանը: Գիտափորձն սկսվել է 2015 թվականի օգոստոսի 28-ին, դրա մասնակիցներն են դարձել վեց կամավորներ՝ երիտասարդներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Գերմանիայից, որոնք ընտրվել էին մրցույթով:
Միջազգային «անձնակազմի» հրամանատարը Կարմել Ջոնսոնն էր՝ հողագետ, բնապահպան՝ Մոնտանայի նահանգից: Բացի նրանից, թիմի կազմում էին եւս երեք ամերիկացիներ՝ օդաչուն, բժիշկը եւ ճարտարապետը, ինչպես նաեւ գերմանացի ֆիզիկոսը եւ ֆրանսիացի աստղակենսաբանը:
Գիտափորձի մասնակիցները ուղիղ մեկ տարի արտաքին աշխարհից լիակատար մեկուսացման մեջ անցկացրել են գմբեթի տեսքով հատուկ փակ համալիրում, որը կառուցվել էր Մաունա Լոա հանգած հրաբուխի լանջին: Այս վայրն է ընտրվել, քանի որ այն իր պայմաններով հեռավոր նմանություն ունի Կարմիր մոլորակի հետ, դրա գետինը շատ է նման մարսյան գետնին, եւ դրա վրա գործնականում բացակայում է բուսականությունը:
Գիտափորձի պայմանների համաձայն՝ դրա մասնակիցներին թույլատրվում էր գմբեթից դուրս գալ միայն սկաֆանդրով:
Կազմակերպիչների խոսքով՝ նախագծի նպատակը դեպի Մարս մարդու առաջին թռիչքի նախապատրաստումն է: NASA-ն հույս ունի այն իրականացնել 2030-ական թվականներին: Հեատազոտողներն իրենց առջեւ խնդիր են դրել ուսումնասիրել բժշկական ու հոգեբանական այն խնդիրները, որոնց տիեզերանավի անձնակազմը կարող է բախվել երկարատեւ թռիչքի ընթացքում: Արդյունքները մանրակրկիտ ուսումնասիրվելու են փորձագետների կողմից: