«Հարավային գազային միջանցք» նախագիծը նոր էջ է բացել Եվրոպայի էներգաանվտանգության ապահովման գործում. Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար
Ադրբեջանում գազի ապացուցված պաշարները կազմում են 2.6 տրիլիոն խորանարդ մետր, իսկ նավթի պաշարները՝ 2 միլիարդ տոննա, ինչն Ադրբեջանը դարձնում է աշխարհի նավթային խոշոր շրջաններից մեկը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Նատիգ Աբասովը Էներգետիկայի էկոնոմիկայի միջազգային ասոցիացիայի (IAEE) Եվրասիական առաջին համաժողովի շրջանակներում:
Նրա խոսքով` ներկայում Ադրբեջանում օրական արդյունահանվում է 115-120.000 տոննա նավթ և 82-88 միլիոն խորանարդ մետր գազ:
«Ադրբեջանում նավթարդյունահանումն իրականացվում է ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային հանքավայրերից: Չնայած իրողություններին, որոնք պայմանավորված են նավթի ցածր գներով, Ադրբեջանը գործընկերային հարաբերություններ է պահպանում բոլոր երկրների հետ և շարունակում է կյանքի կոչել այնպիսի խոշոր անդրազգային նախագծեր, ինչպիսիք է «Հարավային գազային միջանցք» նախագիծը:
Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում` Ադրբեջանն ունի բացառիկ հնարավորություններ էներգառեսուրսների տեղափոխման համար: «Հարավային գազային միջանցք» նախագիծը Եվրոպայի խոշորագույն ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերից է»,- հայտնել է նա:
Նատիգ Աբասովը հավելել է, որ «Հարավային գազային միջանցք» նախագիծը նոր էջ է բացել Եվրոպայի էներգաանվտանգության ապահովման գործում:
1850 կիլոմետր երկարություն ունեցող TANAP գազատարը սկսվելու է թուրք-վրացական սահմանից` հասնելով մինչև թուրք-հունական սահման: Այն շատ կարևոր նախագիծ է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:
TAP-ը սկսվելու է թուրք-հունական սահմանից, ձգվելու է Հունաստանի, Ալբանիայի տարածքով, Ադրիատիկ ծովի հատակով մինչև Իտալիա:
TAP-ի շինարարությամբ ավարտվելու է էներգետիկ միջանցքի ստեղծումը: