Ասք նավի մասին
Մեկ տարի առաջ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզակների խումբը Սևանա լճի հատակին մի նավի կմախք գտավ: Խորտակված նավն ուներ մոտ 27-30 մետր երկարություն, 6 մետր լայնություն և մի այդքան էլ բարձրություն: Նավի իրանը տարիների ընթացքում քայքայվել ու կոտրվել էր՝ խրվելով ավազի հաստ շերտի մեջ: Բայց ջրասուզակները, որ հրաշալի գիտեին Սևանում եղած նավերի պատմությունը, անմիջապես կռահեցին, թե ինչ էին գտել: Իսկ դա իսկապես պատմական գտածո էր. լճի հատակին անշարժացել էր հանրահայտ «Գեղանուշը»:
Նրանք, ովքեր ծանոթ են Կոստան Զարյանի «Նավը լերան վրա» վեպին, անկասկած հիշում են, որ ստեղծագործության հերոսը` նավապետ Արա Հերյանը, Բաթում քաղաքում մի նավ է գնում, գնացքով տեղափոխում է Հայաստան, այնուհետև եզներով քաշում են մինչև Քանաքեռ, սակայն իրադարձությունների կտրուկ փոփոխության արդյունքում նավը մնում է կես ճանապարհին՝ այդպես էլ չհասնելով իր վերջին հանգրվանին: Հայտնի փաստ է նաև, որ այս պատմությունն իրական հիմք ունի: Իրոք, Արաքսի ծանծաղուտներում եղել է այդպիսի լքված մի նավ, որը հետագայում Սևանա լիճ է տեղափոխվել: Խոսքը ռուսական «Սեստրիցա Նյուշա» շոգենավի մասին է: Սև ծովում նավարկող շոգենավը Առաջին համաշխարհայինի տարիներին ցարական իշխանությունները ցանկանում էին Բաթումից տանել Վանա լիճ: Սակայն փոխադրումն իր ավարտին չհասավ ստեղծված բարդ իրավիճակի պատճառով: Այն բերվել էր Երևան, միայն թե սկսվեց հայ-թուրքական պատերազմը, ձեռնարկը կիսատ մնաց, և «Նյուշան», նավարկելու փոխարեն, մոռացության մատնվեց: Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն իր հուշերում գրում է, որ այն մնացել էր Շահթախթ կայարանում:
Նավի մասին պիտի վերհիշեին միայն 1920 թվականին: Հենց այդ տարվա սեպտեմբերին էլ, ինչպես վկայում են ժամանակակիցները, վերջապես իրականացվում է նավի տեղափոխումը Շարուրից Երևան, իսկ այնտեղից էլ՝ Ելենովկա (Սևան): Վավերագրերում պահպանել են այդ առաքելությունն իրականացնողների անունները՝ սպա Թումանյան, Հայաստանի խորհրդարանի անդամ Տիգրան Ծամհուր (հենց նա էլ նավը վերանվանում է «Գեղանուշ»), ծովակալության սպաներ Գարագաշյան, Հերյան: Վերջիններիս մեծապես աջակցել էր տրապիզոնցի Երվանդ Գասպարյանը՝ հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանի «Բորժոմ» նավթատար նավի նախկին նավապետը, ով հետո եկել էր Հայաստան և դարձել Սևանա լճում աշխատող «Աշոտ Երկաթ» անունով փոքր ռազմանավի նավապետը։ Եվ այս իմաստով Զարյանի վեպը որոշ առումով ձեռք է բերում փաստագրական բնույթ:
Սակայն վիպասանի նկարագրած դեպքերից պիտի անցներ ևս երկու տարի, մինչև որ 1922-ի աշնանային մի գեղեցիկ օր հայկական թերթերը հաղորդեին կարևոր լուրը. «Շաբաթ օրը, հոկտեմբերի 21-ին, Սևանա լիճ իջեցվեց «Գեղանուշ» նավը: Այժմ տեղավորվում է կաթսան, և 10 օրից հետո նավը կսկսի լողալ»:
Իհարկե, տասն օր անց նավը որևէ կերպ նավարկել չէր կարող, քանի որ վերանորոգումների և ավարտուն տեսքի բերելու համար մի քիչ ավելին էր անհրաժեշտ, քան կաթսայի տեղադրումն էր: Եվ այդ «հարդարման» աշխատանքները շարունակվեցին մինչև հաջորդ տարվա գարուն: 1923-ի մարտին Երևանի մեխանիկական գործարանից հայտնում էին, որ նավի համար գործարանը պատրաստել էր նրա ղեկը, լուսամուտները և համարյա բոլոր մետաղային մասերը: Բայց ամենամեծ փոփոխությունը «Գեղանուշի» անվանափոխությունն էր. այդուհետ այն պիտի կոչվեր «Լուկաշին»՝ հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, 1922-25-ին Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինի անունով: Մարտի 23-ին հանրապետության գլխավոր թերթերն այդ մասին ավետեցին հետևյալ հաղորդագրությամբ. «Գեղանուշ» նավը վերանվանվել է «Ընկ. Լուկաշին»: «Ընկ. Լուկաշինը» առաջիկա շաբաթվանից, երբ նավագնացությունը Սևանա լճի վրա կվերսկսվի, կսկսի լողալ: Նավը միանգամայն պատրաստ է ապրանքափոխադրման համար»:
Վերա Վարդ-Պատրիկյանի կտավը. «Լուկաշին» նավը՝ Սևանում» (1930):
Հետո պարզվեց, որ այս հաղթական զեկույցն էլ փոքր-ինչ շտապողական էր, որովհետև դարձյալ երկու ամիս պահանջվեց, մինչև որ «Գեղանուշ»-«Լուկաշինի» խարիսխը վեր բարձրացվեց, և նավը լողաց Սևանի ջրերում: Այդ պատմական իրադարձության մասին «Խորհրդային Հայաստան» թերթը 1923 թվականի մայիսյան համարում գրեց. «Ամսույս 22-ին և 25-ին «Ընկ. Լուկաշին» (նախկին «Գեղանուշ» նավը) երկու փորձնական ճամփորդություն (ռեյս) կատարեց Սևանա լճում: Առաջին ռեյսն էր՝ Ելենովկա-Չիբուխլու-Ելենովկա, երկրորդը` Ելենովկա-Ցամաքաբերդ-Նադեժդինա-Ելենովկա:
Նավի լուսանկարը՝ 1927 թվականի մամուլում:
Նավը մեծ արագություն զարգացնելու դեպքում փորձնական ճամփորդության ժամանակ մի ժամում կատարեց 15 վերստ: Երկու ռեյսն էլ նավը հաջողությամբ կատարեց, ըստ որում՝ մայիսի 28-ի շտորմի ժամանակ: Միայն Նադեժդինայից վերադառնալիս նավը ստիպված եղավ մոտ երկու ժամ լճում խարիսխ գցել: Պատճառն այն էր, որ վառելիք մազութը կեղտոտ լինելով` մեքենան դադարեց աշխատել՝ մինչև մազութը չմաքրվեց: Այստեղ պարզվեց, որ նավը ոչ մի շտորմից էլ չի վախենում: Սակայն պարզվեց նաև այն, որ նավի անձնական կազմի մեջ նավաստիները դեռ լիապես չեն տիրապետել շոգենավի արհեստին: Նոր նավի թերություններն ու առավելությունները փորձում են միայն ծովում ճամփորդելիս: «Ընկ. Լուկաշինը» ենթարկվեց քննության՝ ապացուցելով, որ նա լինելու է Սևանա լճի տերն ու տիրակալը: Միայն անհրաժեշտ են մի քանի տեխնիկական լրացումներ և ավելի փորձառու նավաստիներ:
Նավի վրա էին ընկ. ընկ. Լուկաշինը, Աշ. Հովհաննիսյանը, Ս. Համբարձումյանը, Հ. Բալյանը և ուրիշ պատասխանատու ընկերներ: Ազգաբնակչությունը հետաքրքրված՝ ափին էր մոտենում ու բուռն ուռաներով դիմավորում նավին»:
Հոդվածագիրն իրավացի էր՝ նավն անվանելով Սևանի տիրակալ: Այն իսկապես լճում մինչ այդ եղած ամենամեծ նավն էր: Իսկ Լուկաշինն էլ պատճառ ուներ հպարտանալու, որ իրեն նման պատվի են արժանացրել: Ցավոք, դա երկար չտևեց: Այդ նշանավոր օրից տարիներ անց Լուկաշինը մեղադրվեց որպես «հակապետական գործիչ» և 1937-ին գնդակահարվեց։ Հասկանալի է, որ դրանից հետո նրա անունն անմիջապես ջնջվեց նավի վրայից, և շուտով այն արդեն կրում էր Անաստաս Միկոյանի անունը: Սակայն երբեմնի «Գեղանուշին» լճի ալիքների վրա հանգիստ նավարկելու համար նույնպես շատ ժամանակ չէր մնացել: Ըստ վկայությունների՝ մի անգամ Շորժայի նավահանգստից Սևանի նավահանգիստ գնալիս գերբեռնվածության հետևանքով նավը խորտակվեց: Որոնումներն այդպես էլ արդյունք չտվեցին, ու տասնամյակներ շարունակ ոչ ոք չէր իմացել նրա գտնվելու վայրը, քանի դեռ «Այաս» ակումբի ջրասուզակները մոռացության ջրերի մեջ չնշմարեցին շոգենավի անշարժացած մարմինը:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ