Զուտ հայկական երջանկություն

Մի քանի օր հետո պարզ կլինի՝ միջազգային կառույցները տրամադրելո՞ւ են նոր ընտրական օրենսգրքով նախատեսված համակարգերի (մատների թանաքոտում, նույնականացման քարտեր և այլն) ներդրման համար անհրաժեշտ 14 կամ 16 միլիոն դոլարը, թե՞ ոչ։ Իշխանամերձներն ասում են՝ փողը գտնվել է, ընդդիմադիրներն ասում են՝ չենք հավատում։ Հավատալու ու չհավատալու հիմքում ընկած է այն խաղը, որը խաղաղացվելու է մի քանի ամիս հետո։ Խոսքն «ընտրություններ» կոչվող խաղի մասին է, որում մասնակիցներից յուրաքանչյուրը խաղում է իր կարողությունների, փորձի ու խորամանկության հանգույն։ Հիմա իշխանությունն ուզում է փողը գտնել, որպեսզի ընտրություններից հետո որևէ բողոքի դեպքում հայտարարի՝ ընդդիմությունը դժգոհ է անգամ ամենաժամանակակից վերահսկման ինստիտուտներով անցկացված ընտրությունից։

Ընդդիմությունն էլ հայտարարում է, թե ուզում է, որ այդ փողը գտնվի, բայց այդպես հայտարարելով՝ հոգու խորքում ուզում է, որ չգտնվի, որպեսզի ընտրություններից հետո հայտարարի՝ այ, եթե իշխանությունը գտներ փողը ու ներդներ այդ համակարգերը, ընտրությունները կանցնեին ազատ, արդար ու թափանցիկ։

Իրականությունն այն է, որ արդար ընտրությունների համար մեծ հաշվով որևէ համակարգ, մեխանիզմ ու ինստիտուտ պետք չէ, ու պետք չէ նաև այն գումարը, որի առկայությամբ կամ բացակայությամբ պայմանավորում են ընտրությունների որակը։
Այդ համակարգերն ու այդ գումարն ընտրությունների օրինականության հետ կապ ունեն այնքանով, որքանով փողը՝ երջանկության, իրական երջանկության հետ։ Կարևոր լինելով, փողը կարող է օգնել մարդուն երջանիկ զգալ, բայց առանց երջանկության համար պարտադիր ներքին զգացողությունների, մարդը չի կարող երջանիկ զգալ անգամ Ֆեդերալ ռեզերվների գործակալության պահեստի բանալին նվեր ստանալով։

Նույնն էլ ընտրությունների պարագան է. համակարգերը, որոնք ներդրվելու են ընտրությունների օրինականացումն ապահովելու համար, լավագույն դեպքում աջակցող կարող են լինել, բայց ամենևին ոչ դրանց որակը կանխորոշող։ Որովհետև, ինչպես երջանկության համար ներքին ներդաշնակություն, այնպես էլ օրինական ընտրությունների համար դրա մասնակիցների ներքին կամքն է պետք, որը հնարավոր չէ գնել եվրոպական որևէ բարձր տեխնոլոգիական կազմակերպությունից կամ ինտերնետ խանութից։
Հայաստանում պաշտամունքի գրեթե պաշտոնական կարգավիաճակ ստացած փողը դարձել է վճռորոշ նշանակություն ունեցող գործոն բոլոր հարցերում՝ սկսած ամուսնության հաշվարկի միավոր լինելուց, մինչև քաղաքական հարաբերություններ ու ընտրություններ։ Դա Հայաստանի ողբերգություններից մեկն է ոչ միայն ու ոչ այնքան այն պատճառով, որ հակաէսթետիկական է, ապաբարոյական է ու ճղճիմ, այլ որովհետև, երբ բոլոր խնդիրների լուծումը պայմանավորվում է փողի առկայութմամբ, լուծվում են ոչ թե խնդիրները, այլ դրանց թվացյալ հետևանքները։

Փողի առկայությամբ խնդիրների լուծումը պայմանավորելու մոտեցումը գերակա է գրեթե բոլորի, բայց առաջին հերթին իշխանությունների մոտ։ Տվեք նրանց որևէ խնդիր, նրանց առաջին իսկ արձագանքը կլինի փողի քանակության հրապարակումը, որով կարող են լուծել այդ խնդիրը։

Պետք է զարգացնել տնտեսությո՞ւնը՝ անհրաժեշտ է այսքան ներդրում՝ ատկատի այսքան տոկոսով։ Պետք է կառուցել ճանապա՞րհ՝ անհրաժեշտ է այսքան համաֆինանսավորում այսինչ միջազգային բանկից, ասֆալտի այսքան նորմատիվը գրելու ու նորմատիվից այսքանով պակաս լցնելու պայմանով։ Որևէ ընդդիմադի՞ր է քննադատում՝ պարզեք, ի՞նչ արժե նրա լռությունը։ Որևէ արվեստագետ սկսել է դատողություններ անե՞լ չարի ու բարու մասին՝ ներկայացրեք նրա անունը վաստակավոր արտիստի կոչման…

Միայն փողով որևէ խնդրի լուծումը պայմանավորելը հեշտ է ու եկամտաբեր, հատկապես երբ լուծումների համար հատկացվելիք գումաները տնօրինողները տիրապետում են տոկոս հաշվելու ու կեղծ հաշվետվություններ գրելու եղանակներին։

Բայց հեշտ լինելով, խնդիրների լուծումը միայն փողով պայմանավորելը, սահմանափակում է մնացած բոլոր հնարավարությունները՝ մտքի, գաղափարի, ստեղծարարության, փողով չչափվող ամեն ինչի իրացման հնարավորությունը։ Ու նաև դա է պատճառը, որ այս կամ այն խնդրի լուծման համար տասնյակ, միլիոնավոր դոլարի վարկեր են տրամադրվում, ծախսվում ու ուտվում, բայց խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև պարզվում է՝ ավելի են խորացել։

Առջևում ընտրություններ են ու հիմա շատերը, ընտրությունների մասնակիցները, ընտրական գործընթացը կազմակերպողներն ու մնացածներն անհամբեր սպասում են նորությանը՝ միջազգային հանրությունը փողը տալո՞ւ է, թե՞ ոչ։

Սպասում են այնքան անհամբեր, որքան ավանդապահ նորահարսը՝ հարսանիքի ավարտին, կամ՝ ընտրակեղծարար ավտարիտետը՝ համաներմանն ու հաջորդ ընտրություններին։
Այդ սպասումներն, ըստ ամենայնի, կարդարանան, փողը կտան ու ստացողները կծախսեն ու չստացողները կհայտարարեն, որ անգամ այդքան միլիոնով Հայաստանում հերթական անգամ հնարավոր չեղավ արդար ընտրություն կազմակերպել…

Հրեական իմաստնությունն ասում է՝ եթե խնդիրը կարելի է լուծել փողով, ապա դա ոչ թե խնդիր է, այլ ծախս:

Հայերս, իհարկե հրեաներ չենք ու հրեաներին վերևից նայողներ ենք։ Որովհետև, մենք ինչպես հայտնի է՝ «ծախսող տղերք»-ից կազմված հնամենի ժողովուրդ ենք։ Ի տարբերություն այլ հնամենիների, որոնք գրպանի պարունակությունից բացի, օգտագործում են նաև ուղեղը։ Գոնե ժամանակ առ ժամանակ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս