«Մի գործոնի առկայությունը բավարար չէ՝ ասելու համար, որ պատերազմի վերսկսման ռիսկ կա». Ստյոպա Սաֆարյան

ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական REGNUM գործակալությանը՝ կարծիք հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է: Նա, մասնավորապես, ասել է. «Հակառակորդի այսօրվա պահվածքը թույլ է տալիս գալ այն եզրակացության, որ նա դեռ ամբողջությամբ չի հրաժարվել իր մտադրություններից: Այդ պատճառով ապագայում ցանկացած պահի հնարավոր է՝ վերսկսվեն ռազմական գործողությունները»:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով, սակայն, մինչև տարեվերջ մենք կունենանք շատ ավելի նվազ ռիսկեր, քան տարվա առաջին կեսում. «Այս կտրվածքով Ադրբեջանի համար ապրիլյան պատերազմի ձախողումը՝ արդյունքների տեսանկյունից, Վիեննայի նախազգուշացումը Ադրբեջանին և Ռուսաստանին, թուրք-ռուսական հաշտեցումն ինչ-որ չափով նվազեցրել են որոշակի գործոններ: Ասել, թե պատերազմի ռիսկ չկա, կա, ի վերջո՝ բանակցությունների ձախողումը կարող է ցանկացած պահի բերել պատերազմի: Այն գործոնները, որոնք այսօր տեսանելի չեն, կարող են լինել վաղը, և թերևս խոշորագույն գործոններից մեկը Ամերիկա-Ռուսաստան չկարգավորվող հարաբերություններն են ու առճակատումը:

Styopa SafaryanԹերևս հիշենք, որ որքան էլ ռուս-թուրքական դիմակայությունը որպես գործոն այլևս չկա՝ ի տարբերություն ապրիլյան շրջանի, երբ դա նույնպես նպաստող գործոն էր, և ըստ էության՝ Ադրբեջանը չհասավ նրան, ինչ ուզում էր (լայնամասշտաբ հարձակման արդյունքում ընդամենը մի քանի դիրք վերցրեց), բայց հիմա միակ մտահոգիչ գործոնը ռուս-ամերիկյան հարաբերությունների կտրվածքով Ամերիկայի նախագահական ընտրություններն են»:

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանն այդպիսի շահագրգռություն ունենա, նրա հետ նաև՝ Թուրքիան և Ադրբեջանը, միգուցե թույլատրվի նման արկածախնդրություն Ադրբեջանին. «Ի վերջո՝ չմոռանանք, որ ռուս-վրացական պատերազմը տեղի ունեցավ նման մի շրջանում, երբ Բուշը հեռանում էր, իսկ Օբաման ընտրված չէր:

Կարդացեք նաև

Պատերազմը միայն մեկ գործոնի ուժով չէ, որ տեղի է ունենում, դա գործոնների համախմբում է: Մի գործոնի առկայությունը բավարար չէ՝ ասելու համար, որ այդպիսի ռիսկ կա: Իհարկե, ԼՂՀ պաշտպանության նախարարն իրավունք չունի ասելու, որ պատերազմի ռիսկ չկա: Հասկանում եմ, որ եթե անգամ մինչև տարեվերջ այդպիսի ռիսկեր չկան, կամ այդ ռիսկերը պայմանավորող բոլոր գործոնները չկան, այնուամենայնիվ, դա չի նշանակում, թե այն միջնաժամկետ հեռանկարում չկա»:

Ս. Սաֆարյանի խոսքով՝ այս պահի դրությամբ դեռևս լուրջ բեկում բանակցություններում սպասելի չէ: Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է հերթական անգամ ահազանգի, որ Վիեննայի պայմանավորվածությունները իրականություն դարձնելու լուրջ հրամայականը կա. «Ամիսներ են անցել, բայց այդ մեխանիզմները չեն ստեղծվել, որոնք չեմ ասում՝ պատերազմը կանխելու 100 տոկոսանոց գործիք են, բայց հակամարտությունը կառավարելի պահելու, հակառակորդին արկածախնդրությունից զերծ պահելու որոշակի զսպիչ մեխանիզմներ են: Եվ այս կտրվածքով, ցավոք սրտի, հայկական կողմը բացի հայտարարություններից՝ ոչինչ չի անում, կամ եթե խորքային պրոցեսում կան խոչընդոտներ, առնվազն համարձակություն չունի հայտարարելու, որ ինքը ուղղակի չի ընդունում այս պրոցեսը, որովհետև խոչընդոտներն էական են: Այսինքն՝ մենք ո՛չ հայտարարում ենք, թե ինչու այդ որոշումները կյանքի չեն կոչվում, ո՛չ էլ տպավորություն կա, որ որևէ քայլ ենք անում՝ դրանք կյանքի կոչելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս