
«Արցախում նախագահական մոդելն ընտրելիս հաշվի են առնվել տարբեր գործոններ». ՀՀ ԱԳ փոխնախարար

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացրած սահմանադրական հայեցակարգը նման է ամերիկյան մոդելին՝ ժողովրդավարություն, որը հիմնված է նախագահի ինստիտուտի վրա:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ ավելացնելով, որ համաձայն չէ այն ձևակերպմանը, թե Արցախն ընտրել է սուպերնախագահական համակարգը. «Շատ անգամ, երբ ասում են նախագահական մոդել, պատկերացնում են Ադրբեջանի տիպի պետության: Դա այդպես չէ, որովհետև այն մոդելը, որ ընտրում է Ղարաբաղը, ավելի շատ նման է ամերիկյան մոդելին՝ ժողովրդավարություն, որը հիմնված է նախագահի ինստիտուտի վրա: Իմ կարծիքով՝ այստեղ դերակատարում է ունեցել այն, որ դեռևս ԼՂ հարցը վերջնական կարգ ավորված չէ, և վտանգ կա»,- ասաց Շ. Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Արցախի հարցում պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք, այդ թվում՝ երկրի մեծությունը, ներուժը, արտաքին վտանգը: Ըստ փոխարտգործնախարարի՝ ԼՂՀ-ում ընտրել են այդ մոդելը ելնելով տարբեր հանգամանքներից: Խոսելով Հայաստանում խորհրդարանական, իսկ Արցախում նախագահական մոդել ընտրելու հանգամանքների մասին՝ Շավարշ Քոչարյանն ասաց.
«Պետք է ունենալ ազդեցիկ խորհրդարան, իսկ Արցախի խորհրդարանում այսօր 33 պատգամավոր է: Կան բազմաթիվ հարցեր: Այստեղ կան մասնագիտական հանգամանքներ, որովհետև Հայաստանի ներքին պոտենցիալը, նույնիսկ մարդկանց թվաքանակը, մասնագետներն այլ են, Ղարաբաղինն այլ է, դրա համար ԼՂՀ-ում նախագահական մոդելն ընտրելիս հաշվի են առնվել տարբեր գործոններ»: