«Ինչ-որ խաղ է սկսվել, որը 1915 թվականն է հիշեցնում». Արման Նավասարդյան
Թուրքիայի քայլն անսպասելի չէր. արդեն մեկ ամիս է՝ Թուրքիան քաղաքական ակտիվություն է ցուցաբերում Սիրիայում: Այսօրվա ասուլիսին այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ զուտ ձևական առումով ստացվում է, որ Թուրքիան սկսել է կռվել ԻԼԻՊ-ի դեմ, բայց այդ ամենը քաղաքական հնարք է. «Իրականում մեծ խնդիր է դրված՝ կասեցնել կամ չեզոքացնել քրդական շարժումը բոլոր ուղղություններով: Թուրքերը չեն թաքցնում, որ այս քաղաքը գրավելուց հետո պետք է գործողություններ ծավալեն ամբողջ սահմանի երկարությամբ՝ քրդական ուժերը ոչնչացնելու համար: Քանի որ քրդերը Սիրիայում պետություն ստեղծելու նպատակ ունեն, ինչն ամենաշատն է թուրքերին վախեցնում, Թուրքիայի կառավարությունը հայտարարեց, որ կռվելու է այդ երևույթի դեմ՝ ոչնչացնելու նպատակով»:
Դեսպանն ընդգծեց, որ տեղի է ունեցել միջազգային իրավունքի կոպիտ խախտում Թուրքիայի կողմից. «Սա ռազմական ագրեսիա է, ու երկու խոշոր պետություններ՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ն, հետաքրքիր դիրքորոշում են գրավել: Ռուսաստանը կոտրեց ԻԼԻՊ-ի ողնաշարը, որը հնարավորություն տվեց թուրքական ուժերին շարժվել այդ ուղղությամբ, իսկ ԱՄՆ-ը հետաքրքիր դիրքորոշում գրավեց այն առումով, որ, փաստորեն, կանգնեց Թուրքիայի կողքին, ու կարծես թե քրդերի նկատմամբ փոխում է իր վերաբերմունքը: Ունենալով Ռուսաստանի լռակյաց դիրքորոշումը, ԱՄՆ աջակցությունը, թուրքերն արեցին այն, ինչ երկար ժամանակ պլանավորել էին: Այսօր կանգնած ենք լուրջ ռազմական գործողությունների առաջ:
Թուրքիան՝ հասկանալով, որ ուշ թե շուտ տարածաշրջանում դրությունը պետք է, այսպես թե այնպես, կանոնավորվի, և այստեղ պետք է հարց առաջանա, թե ով է գերակայելու, ամեն ինչ անում է, որ ինքը լինի դա, այլ ոչ՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Իրանը կամ Սաուդյան Արաբիան: Թե որքանով դա կհաջողվի՝ ես դժվարանում եմ ասել, որովհետև այս բոլորը մտնում է Թուրքիայի աշխարհաքաղաքական հեռահար ծրագրերի մեջ, որի վերջնական նպատակը Օսմանյան կայսրության ռեանիմացիան է: Եթե դա ընթացք ստանա, ապա Սիրիան՝ որպես պետականություն, կկործանվի»:
Ա. Նավասարդյանը չի բացառում, որ Թուրքիան հանկարծակիի է բերել Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանի՝ նման դիրքորոշումը իրեն տարօրինակ է թվում. «Մյուս կողմից՝ թուրքական ինֆորմացիոն աղբյուրները պնդում են, որ ՌԴ-ն գիտեր այդ մասին: Ես չեմ բացառում, որ գիտեր, բայց ի՞նչ է ստացվում՝ Ռուսաստանն ու Ամերիկան փաստորեն նոր քաղաքականություն են սկսում Թուրքիայի հետ»:
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի գլխին մեծ վտանգ կախված չէ. «Բայց որ Թուրքիան մնում է Թուրքիա, նրա կողքին էլ կա Ադրբեջանը, ես չեմ բացառում տարբեր անակնկալներ: Այստեղ քրդական հարցն էլ է շատ կարևոր: Մասնագետների մի մասն ասում է, որ եթե քրդական պետություն լինի, շատ լավ կլինի Հայաստանի համար, մյուս մասն ընդհակառակը՝ ասում է, որ ինչ-որ մի հարց լուծելու շանսն էլ կկորցնենք: Քրդերի հետ ինչ-որ խաղ է սկսվել, որը 1915 թվականն է հիշեցնում, երբ անգլիացիները շեյխերին ասացին՝ հայերին կկոտորեք, պետություն կստեղծեք: Այնպես որ՝ չեմ բացառում, որ քրդական հարցը կարող է այդպիսի ուժեղ հարված ստանալ: Չնայած քրդերը վճռական են տրամադրված, բայց այսօր քրդական պետության ստեղծմամբ շահագրգռված չէ ոչ մի շահագրգիռ կողմ՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը, ո՛չ Իրաքը, ո՛չ էլ Սիրիան: Թուրքիան ինչ-որ տեղ կարող է բանակցությունների գնալ Սիրիայի հետ՝ միայն թե քրդերը խաղից դուրս գան»: