«Համագործակցության համաձայնագիրը կօգնի ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի հարաբերությունների ինստիտուալացմանը». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատմել է առեւտրատնտեսական համագործակցության շուրջ Չինաստանի հետ բանակցային գործընթացի, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետագա ինտեգրացման հեռանկարների մասին:

Նա հիշեցրել է, որ 2015 թվականի մայիսին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը որոշում է ընդունել ՉԺՀ-ի հետ բանակցություններ սկսել առեւտրատնտեսական համագործակցության (ԱՏՀ) համաձայնագրի կնքման շուրջ: Սարգսյանը նշել է, որ չինական կողմը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի անդամ պետությունները ԱՏՀ-ի մասին ապագա համաձայնագիրը դիտում են որպես կազմակերպության եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու (ՄՃՏԳ) չինական նախաձեռնության զուգակցման գործընթացի բաղադրիչ մասը:

«ՄՃՏԳ-ն ինքը գլոբալ նախագիծ է, որը ներառում է ամենատարբեր բաղադրիչներ՝ տնտեսությունը, առեւտուրը, տրանսպորտը, մշակույթը, կրթությունը եւ այլն: Եվ հարկավոր է նշել, որ իր բազմավեկտորայնության պատճառով ՄՃՏԳ-ի նախագծերի իրացումը վերապահված չէ ՉԺՀ-ի որեւէ նախարարության կամ մի կազմակերպության: Հանձնաժողովը ԱՏՀ-ի մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ աշխատում Է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության հետ, թեեւ ՄՃՏԳ-ի համար պատասխանատու է ոչ միայն այդ նախարարությունը, այլեւ Զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեն, ԱԳ նախարարությունը, Մետաքսի ճանապարհի հիմնադրամը եւ այլ հիմնարկություններ»,- ասել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը՝ հավելելով, որ Պեկին իր այցի հիմնական նպատակը հանդիպումն էր Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Չժան Գաոլիի հետ, որը ղեկավարում է ՄՃՏԳ-ի գծով գործնականում բոլոր պետական հիմնարկությունների ու կառույցների աշխատանքը:

Խոսելով բանակցություններին հատկացված ժամկետների մասին՝ Սարգսյանը նշել է, թե կողմերը ելնում են այն բանից, որ որքան ավելի շուտ կնքվի համաձայնագիրը, այնքան ավելի շահեկան կլինի դրա մասնակիցների համար, բայց չպետք է ավելորդ շտապողականություն դրսեւորվի ի վնաս համաձայնագրի եւ կողմերի շահերի:

Նա ընդգծել է, որ ԱՏՀ-ի մասին համաձայնագիրը չի փոխարինի ՉԺՀ-ի հետ ԵԱՏՄ-ի անդամ առանձին պետությունների հարաբերություններին: «Ընդհակառակը, առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը կնպաստի ՉԺՀ-ի հետ ԵԱՏՄ-ի անդամ բոլոր պետությունների հարաբերությունների ինտիտուալացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս