«Թուրքիայի քայլերի մասին տեղյակ էին Վաշինգտոնում և Մոսկվայում. սա համաձայնեցված էր». Սարգիս Գրիգորյան
Սա անկանխատեսելի բան չէր, այդ մասին բազմիցս թուրքական իշխանություններն էլ էին հայտարարում, Էրդողանն էլ իր խոսքում միշտ ասում էր՝ այն իրավիճակը, որ ստեղծված է Սիրիայում, հատկապես՝ թուրք-սիրիական սահմանին, իրենց մտահոգում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով Ջարաբլուսի ուղղությամբ թուրքական ռազմական գործողությունների մասին, նման կարծիք հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այդ ռազմական գործողությունները երկար ժամանակ պլանավորված էին, ուղղակի ըստ նրա՝ ժամանակի հետ կապված անորոշություն կար, և Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացումը, որոշակի զարգացումները Սիրիայի ներսում դրդեցին, որ այս պահին լինի դա:
«Թուրքական զինուժի առկայությունը կոնկրետ այս փուլում էական խնդիրներ չի լուծում, որովհետև քանակն էլ այն չէ, որ կարողանան ինչ-որ խորքային հարցեր լուծել, բայց ահաբեկչական կառույցների դեմ պայքարի հարցը լուծում են»,-նկատեց արաբագետը:
Նրա դիտարկմամբ՝ սիրիական հակամարտությունում իրողություն փոխելու համար դրսից ռազմական միջամտություն է պետք, որովհետև ներսի ուժերի ռեսուրսները դրա հնարավորությունը չեն տալիս. «Այս միջադեպը դրա վկայությունն էր: Սա հարված էր Դամասկոսին: Ավելացել է մի տարածք, որը թուրքական ազդեցության տակ է լինելու»:
Ս. Գրիգորյանը չի կարծում, թե Թուրքիայի քայլերի մասին տեղյակ չէին Վաշինգտոնում կամ Մոսկվայում. «Սա համաձայնեցված էր»:
168.am-ի հարցին՝ համաձայնությո՞ւն կա գերտերությունների միջև՝ ընդդեմ Ասադի իշխանության, նա պատասխանեց. «Վաշինգտոնը ժամանակին փորձում էր Ասադին հեռացնել, բայց այդ ժամանակ դեռևս իսլամական ծայրահեղական վտանգ չկար: Հետևաբար, կարծում եմ, որ և՛ ներսիրիական, և՛ արտասիրիական հակամարտող կողմերը իրավիճակային խնդիրներ են լուծում: Խորը ռազմավարական ծրագրեր մշակելն անիմաստ է, որովհետև դա կարող է ուղղակի վտանգել քո սեփական շահերը: Այս միջադեպն էլ է դա վկայում. Թուրքիան հիմնականում քրդերի հարցն է լուծում: Ճնշելով քրդերին Սիրիայում՝ ճնշում ես նրանց նաև Թուրքիայում, այսինքն՝ թուլացնում ես նաև PKK-ն:
Իսկ Ասադի ճակատագիրը, բազմիցս ասել եմ՝ արդեն վաղուց վճռված է, ուղղակի նրան հիմա թողնում են մնալ ու պայքարել տարբեր կառույցների դեմ: Այսինքն՝ Ասադը կմնա այնքան ժամանակ՝ մինչև իսլամական ծայրահեղականների խնդիրը լուծվի»:
Մեր հարցին՝ իսկ Իրանն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում, քանի որ նա միշտ Ասադի իշխանության կողմնակիցն է եղել, իսկ Թուրքիան դրան դեմ էր, հիմա էլ Իրանը հարաբերությունները լավացնում է Թուրքիայի հետ, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց. «Քրդերի հարցը մի սեղանի շուրջ է նստեցրել բոլորին: Ակնհայտ է, որ Սիրիայի տարածքում քրդական ինքնավարությունը ձեռնտու չէ նաև Իրանին, իսկ Սիրիայի քրդերը նման հավակնություններ ունեին ու դա ցույց էին տալիս առարկայորեն՝ ցամաքային ամենօրյա գործողություններով: Ու թեև Քերին էլ ասում էր, որ քրդերը պետք է Եփրատից այն կողմ անցնեն, բայց դա չի նշանակում, թե այնտեղ մնալու են. Եփրատից այն կողմ էլ տարածքներ կան, որտեղից քրդերին կստիպեն հեռանալ»:
Նա նաև հավելեց, որ Հալեպի ճակատագիրն էլ է անորոշ մնում. «Նման պայմանավորվածություններով կարող է ինչ-որ զարգացում լինել նաև Հալեպի հետ կապված: Մենք պետք է բավական զգոն լինենք, որովհետև այնտեղ մեծ համայնք ունենք»: