Բաժիններ՝

Ճապոնական կորպորացիաները բժշկական արհեստական ինտելեկտ են մշակում

Ճապոնիայի «Ռիկեն» բնական գիտությունների ինստիտուտը պլանավորում է սեպտեմբերի 1-ին հետազոտական հարթակ գործարկել ամենատարբեր բնագավառներում արհեստական ինտելեկտ մշակելու համար՝ բժշկական ախտորոշումից մինչեւ էլեկտրակայանների եւ արդյունաբերական գծերի կառավարում: Այս մասին հայտնել է «Նիկեյ» թերթը:

Սպասվում է, որ այնտեղ կաշխատեն առաջատար կորպորացիաների, այդ թվում՝ Toyota-ի եւ NEC-ի, մասնագետները: Երկրի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարարությունը նախագծի համար կհատկացնի 10 մլրդ իեն (մոտավորապես 99,7 մլն դոլար), եւս հարյուր միլիոնավոր իեն, ինչպես սպասվում է, կտրամադրի բիզնեսը: Ինժեներների եւ ծրագրավորողների առջեւ խնդիր է դրվում՝ ստեղծել արհեստական ինտելեկտ կամ այն գործընթացների ավտոմատացման համակարգեր, որոնք կարող են մշակել առաջադրված ոչ մեծ ծավալի պարամետրեր:

Ենթադրվում է, որ այս ծրագրերը չափազանց օգտակար կլինեն այն իրավիճակներում, երբ մարդկային գործոնը կարող է խանգարել ճիշտ որոշումներ ընդունելուն: Toyota-ն եւ NEC-ն պատրաստվում են մշակել արտադրական գծերում խափանումների կանխման մեխանիզմներ: Մասնագետների կարծիքով՝ այդ նորույթը «ի վիճակի կլինի խնդիրը պարզել տվիչների օգնությամբ, ինչպես նաեւ այն իրավիճակում, երբ նույնիսկ ամենահմուտ ինժեները կարող է աննշան շեղումներ թույլ տալ ցուցանիշներում»:

Sony Computer Science Laboratories ընկերությունը պատրաստվում է մշակել բժշկական արհեստական ինտելեկտ, որն զբաղվելու է ախտորոշմամբ՝ հետեւելով այցելուների ֆիզիոլոգիական ցուցանիշներին: Նման ծրագրի կիրառման հաջող փորձ Ճապոնիան ունի. վերջերս համակարգիչն ուղղել Է բժիշկներին, ինչի շնորհիվ փրկվել է լեյկեմիայի հազվադեպ տեսակով հիվանդ կնոջ կյանքը: Իշխանություններն ավտոմատացման համակարգերի կամ, ինչպես հաճախ դրանց անվանում են, արհեստական ինտելեկտի մշակումը համարում են «տնտեսական աճի ռազմավարության հիմքերից մեկը»: Նրանք հուսով են, որ նմանօրինակ տեխնոլոգիաները թույլ կտան հաղթահարել այն խնդիրները, որոնք պայմանավորված են բնակչության թվաքանակի նվազմամբ եւ որակյալ կադրերի անբավարարությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս