Բաժիններ՝

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձության հայտարարությունը՝ Տ. Մեսրոպ քահանա Արամյանի վերաբերյալ տարածված ապատեղեկատվության առնչությամբ

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձության հայտարարությունը.

Օրերս մի շարք ոչ պրոֆեսիոնալ մեդիա հարթակներով շրջանառվում է Տ. Մեսրոպ քահանա Արամյանի պաշտոնական հայտարարագրերի տվյալների մի «բացահայտում», որի նպատակն է արատավորել տեր հոր բարի անունն ու համբավը և թույն ու ատելություն սերմանել մեր հասարակության մեջ: Նյութը պատրաստողը չունի անգամ մի քանի պարզ տվյալներ արտագրելու և դրանք ճիշտ գործածելու ունակություն. իրար է գումարում անհամադրելի թվեր, իրար խառնում տարադրամները, չի տարբերում եկամուտը և ունեցած միջոցները: Չարամտության, անպարկեշտության և անգրագիտության արգասիք հանդիսացող այս խառնափնթոր նյութը, ցավոք սրտի, պղտորում է անտեղյակ մարդկանց մտքերը: Այս կապակցությամբ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձությունը հայտարարում է հետևյալը.

  1. «Այբ» կրթական հիմնադրամը շահույթ չհետապնդող ոչ առևտրային կառույց է, հիմնադրամի հիմնական միջոցները գոյանում են նպատակային նվիրաբերություններից, և բարերարներն իրենք են որոշում իրենց վաստակած գումարը ինչ ծրագրի, ում և ինչի համար հատկացնել։ Այդ բարերարները Հայաստանում տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդրած հեղինակավոր մարդիկ են (ցանկը` այստեղ)։ Հիմնադրամը վարում է բաց և թափանցիկ գործունեություն, հաշվետվությունները հրապարակվում են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական azdarar.amկայքում։
  2. «Այբ» հիմնադրամը ղեկավարվում է բարերարներից կազմված հոգաբարձուների խորհրդի կողմից, որը հաստատում է հիմնադրամի բյուջեն, այդ թվում՝ աշխատակիցների աշխատավարձերը։
  3. Տ․ Մեսրոպ քահանա Արամյանը «Այբ» հիմնադրամի համահիմնադիր է և աշխատակից։ Տ. Մեսրոպը վարձատրվում է «Այբ» հիմնադրամից իր կատարած աշխատանքի համար: Տ․ Մեսրոպի աշխատավարձը վճարվում է բացառապես մասնավոր բարերարություններից, աշխատավարձի չափը հաստատված է հոգաբարձուների խորհրդի կողմից, ամբողջությամբ գրանցված է և պաշտոնական։ Այդ աշխատավարձից կատարվում են բոլոր պարտադիր հարկային վճարումները:
  4. «Այբ» հիմնադրամի նախապայմանն է եղել, որ տեր հայրը հավելյալ եկամուտ չունենա պետությունից (այսինքն` ՀՀ հարկատուների գումարներից), Եկեղեցուց, շահույթ հետապնդող այլ գործունեությունից, այլ միայն օրենքով նախատեսված գիտակրթական գործունեությունից: Տ․ Մեսրոպի բոլոր եկամուտները և ունեցվածքը հստակ արտացոլված են պաշտոնական հայտարարագրերում, որոնք կարելի է գտնել am կայքում։
  5. Տեր հոր կյանքը և գործունեությունը «Այբ» համայնքի համար եղել և մնում են թափանցիկ, օրինակելի և ներշնչող: «Այբ»-ի կայացման և ծրագրերի իրականացման գործում անգնահատելի է նրա ներդրումը: Հենց նրա ջանքերի շնորհիվ է, որ կրթության գաղափարի շուրջ համախմբվել են հարյուրավոր բարերարներ և իրականացվել բազմաթիվ բեկումնային ծրագրեր Հայաստանում:
  6. Թե ինչպես է տ․ Մեսրոպը տնօրինում իր արդար եկամուտները, բացառապես իր որոշելիքն է: Մենք գտնում ենք, որ մարդը, ով 18 ժամ օրական նվիրում է իր աշխատանքին՝ հանուն հայրենիքի բարօրության, պետք է ունենա իր մեծ ընտանիքը նորմալ պայմաններում պահելու հնարավորություն,և մենք՝ որպես բարերարների համայնք, դա ապահովում ենք։ Ինչ վերաբերում է տ. Մեսրոպի բարեգործական գործունեությանը, կարող ենք փաստել, որ նա իր հնարավորության սահմաններում և դրանից անդին մասնակցում է բազմաթիվ նախաձեռնությունների՝ առանց դրանք առանձնակի հրապարակելու` օրինակ ծառայելով ու քաջալերելով ուրիշների։
  7. Տ. Մեսրոպը ՀՀ նախագահի խորհրդականն է կրթության հարցերով՝ հասարակական հիմունքներով, և այս աշխատանքի համար չի վճարվում պետության կողմից: Այդ ծառայության ստանձնումը պայմանավորված է նրանով, որ տեր հայրը ղեկավարում և համակարգում է ՀՀ մի շարք կարևոր գիտակրթական ծրագրեր և Հայաստանն է ներկայացնում արտերկրի հեղինակավոր կառույցներում, պետության անունից բանակցություններ վարում ևն։

Տ. Մեսրոպի գործունեությանն առավել մանրամասն կարելի է տեղեկանալ՝ հետևելով հետևյալ հղումներին. ա) Վիքիպեդիա, բ) «Կյանքն ինչպես կա» հաղորդում, գ) 50-ամյակի առիթով կարճ տեսաշար։ Ահա մի քանիսը տեր հոր վերջին հոդվածներից՝ ա) «Թռիչք անդունդի վրայով», բ) «Արժեքներ», գ) «Առաքելություն, որ միավորում է բոլորիս»։

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս