«Առանց գրոհի և պարտադրանքի վերցրել են թշնամու մտածելակերպը». Արմինե Ղազարյան

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը

– Տիկին Ղազարյան, վերջին շրջանում ռուսական մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում պետք է տեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր: Ընդ որում՝ խոսվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարը հենց այդ խնդրի շուրջ է բանակցում ադրբեջանական և հայկական կողմերի հետ: Արդյոք սա հնարավո՞ր է, ի՞նչ ազդեցություն այն կունենա, որքանո՞վ է հայ հանրությունը պատրաստ դրան, հատկապես՝ Գյումրիի ռազմաբազայից դժգոհությունների ֆոնին։

– Բանն այն է, որ Ռուսաստանը որպես գերտերություն՝ իր հրապարակումներում, իր տարբեր գործիչների մակարդակով՝ պատասխանատու կամ ոչ, ուղերձներ է ուղարկում ոչ միայն Հայաստանին, այլև այս կոնֆլիկտի շուրջ և նույնիսկ կոնֆլիկտից դուրս պետությունների։ Թե ուղերձն ինչ է պարունակում կամ ինչ նշանակում, ինչ միտում է երևում ուղերձում՝ դա այլ հարց է։ Որքանով է հավաստի կամ հնարավոր հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը, կամ որքանով են այդ խոսակցություններն ուղղակի միտված շոշափելու երկկողմ կամ բազմակողմ շահերը՝ գուցե քաղաքագետները կիմանան, ես չգիտեմ։

Ավելին, գուցե նախնական ինչ-որ գաղափարի սերմ են ներդնում։ «Մաքուր» տեղեկատվությունն ավելի փակ է, տիրապետողները եզակի են, իսկ որտեղ գաղտնապահության քող կա, այնտեղ մարդու երևակայությունն ավելի ակտիվ է գործում և, բնականաբար, եզրահանգումները չեն կարող լինել հնարավորինս օբյեկտիվ։ Այն, որ խոսակցությունները դատարկ չեն, այլ հարց է, բայց նաև կոնկրետ նպատակն այդ խոսակցությունների հրահրման՝ դա այլ է։ Արցախյան հարցի հետ կապված ցանկացած միտք, գաղափար, որ օդում շարժում են, պարտադիր չի՝ հենց այս պահին իրականացվելիքը լինի։ Այսինքն, «խաղաղ պատերազմը», այն է` հոգեբանական պատերազմը շահելու համար ներդրած գաղափարներն իրենց մեծ դերն ունեն. կրկնության դեպքում ժողովրդի, հանրության մեջ կոտրվում է անհանդուրժելի գաղափարը, դրա անհնարինությունը և դառնում է սովորական։ Սովորական դառնալու դեպքում, եթե մարդկանց գիտակցությունը «հասկանում» է, տրամաբանությունը, ռեալիզմը կա, բայց հույզերի մակարդակով այն բթացած է և, հասկանալով էլ՝ հարմարվում են այդ մտքին, եթե այդ պահին ունեն լուծելու առաջնային, առաջնահերթության այլ խնդիր։ Մեր ժողովուրդն այդ առաջնային, առաջնահերթության խնդիրն ունի, դա իր կենսական պայմանները դժվարությամբ բավարարելու օրախնդիրն է։ Անպես որ, իշխանությունը հոգացել է ժողովրդին, հանրությանը հեռու պահելու շատ-շատ հարցերի նկատմամբ «կրքոտ» վերաբերմունքից։ Չեմ գնահատում, թե դա լավ է կամ վատ։

Արտաքին դիվանագիտական հարաբերությունների համար թերևս կան փակ զրույցներ, բայց, բաց թե փակ, այսօր իշխանությունն ունի ժողովրդի լիակատար անվստահությունն իր գործողություններում։ Որքան զարգացած և իրավագիտակցությունը բարձր լինի մեկ քաղաքացու և ժողովրդի, այնքան գաղտանապահության քողի տակի հրեշներն էլ վախենալու չեն, իսկ երբ այն մակարդակին են ձգում, որ հասնենք, օրինակ, կարկուտին, թե ինչ-որ Աստծո զայրույթ են առաջացրել, դա միջին և ցածր մակարդակի իշխողների մտահորիզոնն է, և թվում է՝ այդպես էլ փորձում են վարվել քաղաքացու հետ։ Այնպես որ, այս պահին, թե՛ խաղաղապահների տեղակայման հարցը, թե՛ բանակցություններում Արցախի մասնակցության հարցը՝ առավել մեծ հանրույթի կողմից դժվար շոշափելի և ռեզոնանս չառաջացնող են։

Հայաստանի և Արցախի քաղաքական գործիչները հաճախ օգտագործում են «զիջումներ» կամ «փոխզիջումներ» արտահայտությունը: Մի՞թե տեղին է կիրառել այդ արտահայտությունները բանակցային գործընթացում, արդյո՞ք դրանք հոգեբանորեն ուղղված չեն հասարակության մոտ նախատրամադրվածություններ առաջացնելուն:

– Հայաստանի և Արցախի քաղաքական գործիչներն իրենց խոսքերում բավականին անփույթ են լինում։ Նույնիսկ բացառելով, որ դիտմամբ են շահարկում բառը՝ նախատրամադրվածության ստեղծելու կամ հանդուրժողականության համար, միևնույն է, երևույթը կա և վատ է, քանի որ դա լեզվամտածողություն է։ Զիջումներ, փոխզիջումներ, հայեր ու ղարաբաղցիներ, Արցախի փոխարեն՝ Ղարաբաղ, սրանք մեծ ուշադրության արժանի նրբերանգներ են, որ իրականում, կրկին ասեմ, հոգեբանական պատերազմի կարևոր տարրեր են։ Դա այն է, որ առանց գրոհի և պարտադրանքի՝ դու վերցրել ես թշնամուդ մտածելակերպը։

Նույնիսկ դպրոցից պետք է հատուկ ուշադրություն հրավիրել, քանի որ սա անցյալ պատմություն չէ, այլ շարունակական է դեռ, և մենք ենք ստեղծում այն։ Իսկ արդյունքի համար նշանակություն ունի մեր վերաբերմունքը և ոչ թե միայն՝ զինված պայքարը։ Երբ մարդու ուղեղում, գաղափարապես ներդրված չէ, որ դա քո հողն է, այլ դա նրանն է, ապա նրա մոբիլիզացիան, մոտեցումը, պաշտպանությունն այլ է։ Բառն ունի պատմություն, բառն ունի մեծ տեղեկատվական ծավալ, և սեղմելով վրան ՝ մտածված կամ չէ, ստանում ես որոշակի որակ։ Եթե քաղաքական գործիչներն այս կամ այն եզրույթն են գործածում քաղաքական դասավորությունների նման համատեքստում, դա, ցավոք, չի կարող լինել շփոթմունք, դա ներքին պատկերացումների կամ արդեն իսկ երկար ժամանակ ներազդեցության տակ ձևավորված է։

Համենայն դեպս, ապրիլյան պատերազմում մասնակցած զինվորների բարոյահոգեբանական պատրաստվածությունը և մարտական ոգին՝ «մերը» չզիջելու գաղափարն էր, որ կյանքի գնով դիրք չեն զիջել։ Դա շատ ազդեցիկ է այսօր հասարակության մեջ, ժողովրդի համար։ Կարծեմ թե դրանից առաջ այսպես «զանգվածային» խոսակցություններ զիջումների մասին չեն եղել։ Այժմ դրան հակադրվում են քաղաքական գործիչների բառախաղերը, որ, եթե նույնիսկ դրսի համար են ասվում, ժամանակի մեջ կրկնելով՝ կունենան իրենց ազդեցությունը թիկունքում։

Հաշվի առնելով Ադրբեջանում հասարակության շրջանում տարվող հակահայ քարոզչությունը, սերմանվող ատելությունը հայերի նկատմամբ, ե՞րբ հնարավոր կլինի իրապես բանակցային գործընթաց սկսել:

– Ադրբեջանը պարտված երկիր է Հայաստանի կողմից, գլոբալ առումով․ նրանց թշնամու կերպարը հայն է, չափազանց կենտրոնացվածությունը թշնամու կերպարի վրա իրենց հասարակական սոցիալիզացիայի մի մասիկն է։ Այսինքն, հայը կարծես մղձավանջ լինի իրենց համար, կպչուն միտք։ Դա այնքան արմատական են տանում, նույնիսկ դասագրքերով, որ առողջ չէ այլևս։ Լավ չեմ պատկերացնում իրապես բանակցային գործընթաց այս երկու երկրների միջև, քանի որ Ադրբեջանն ունի մի շարք պատճառներ մշտապես խախտելու պայմանավորվածություններն ու պայմանագրերը.

1. Հենց իսկ հայի թշնամու կերպարը,

2․ Իր պատկերացմամբ՝ Հայաստանի թե՛ դիրքը, թե՛ տնտեսության վիճակը բավարար ուժեղ չեն լինելու երբեք, որն էլ մշտապես գայթակղելու է իրեն «անհանգիստ» մնալու,

3․ Այն բավականին հնարավորություններով երկիր է, որ իրենը համարող կամ նույնիսկ չհամարող տարածքն ունենալու, ինչպես նաև՝ հային վերջ տալու գայթակղությունից հետ կանգնի,

4․ Եթե Ալիևների դինաստիան շարունակականության միտում ունի, ապա իրենց ներքաղաքական բողոքի ներուժի հարմար թիրախ է Արցախյան խնդիրը և Հայաստանի հետ թշնամանքը, ինչպես Հայաստանում են պատճառաբանվում սուր իրավիճակներ չստեղծելու շուրջ։ Այդ առումով «եղբայր-իշխանություններ» են։

Իմ կարծիքով, դատելով Ադրբեջանի և կոնֆլիկտի շուրջ այն ողջ իրավիճակի և առանձնահատկությունների մասին, որ ունենք արդեն գրեթե քառորդ դար, նորմալ բանակցային իրավիճակ և վստահություն դրանց շուրջ չի երևում։ Ադրբեջանը մշտապես դժգոհելու է և ուզելու, ուրեմն՝ պահանջելու, քանզի ունի պատերազմի միջոցներ, նա մշտապես կախված սրով է խոսելու։ Ոչ մի փոխզիջման տարբերակ չի կարող բավարարել նրան․ նույնիսկ, ենթադրաբար` շրջանները վերցնելով, նա հավակնելու է առաջխաղացման՝ ընդհուպ՝ մինչև Հայաստանի մայրաքաղաք։ Իմ կարծիքով` այս ամենը շատ պարզ է, տեսնել է պետք։

Ադրբեջանն անվստահելի բանակցող կողմ է, և ոչ մի փոխզիջման հարց, կարծում եմ, տեղին չի շոշափելը: Այսինքն, հասկանում եք, նա այդ կոնկրետ հինգ կամ ավելի տարածքների սկզբունքնային հարց չունի, սկզբունքայինը նրա համար դարձել է հայը, հային վերացնելը։ Տեսեք ատելության չափը, երբ Օլիմպիադայում ադրբեջանցի մարզիկը պարտություն է կրում հայ մարզիկից, Ադրբեջանում խոսում են իրենց չեմպիոնին Լինչի դատաստանի ենթարկելու մասին։

Կամ, Ռամիլ Սաֆարովը մեկ դեպք չի, դա հասարակական կերպար են դարձրել, կամ պարտադրել իրենց հասարակությանը, դա կոնկրետ վերաբերմունք և գործողություն է, որի անունը կարող էր լինել, օրինակ, Հասան Հասանով, կամ ինչ ուզում եք։ Բայց մոդելն է կարևոր։ Իսկ իրենց սոցիալիզացիայում ընդգրկում են այդ մոդելը, չափանմուշային և կարծրատիպ սարքում։ Ի դեպ, ըստ ազգի բնավորության, խառնվածքի, այս կամ այն գաղափարը կարելի է կամ չի կարելի ներդնել ազգի, այդ ժամանակահատվածում ապրող հատվածի՝ ժողովրդի մեջ, այն հաջողություն կունենա կամ ոչ։ Եվ ոչ միայն գաղափարը, այլ թե՛ վարքային կողմը, թե՛ գաղափարաբանական։

Ըստ ազգերի, զանգվածի հոգեբանությունն ուսումնասիրող սոցիոլոգների ու հոգեբանների՝ որևէ գաղափարախոսություն հաջողություն ունենալու համար պետք է համապատասխանի տվյալ ազգի բնույթին, օրինակ, կարծեմ` մեծն նեոֆրեյդիստ Ֆրոմն է ասում, որ ֆաշիզմը տեղ է գտնում այն երկրներում, այն ժողովրդի և հասարակության մեջ, որտեղ սադոմազոխիստական բնավորությունն է հատկանշական: Չեմ պատկերացնում, օրինակ, մի երրորդ երկրում խաղաղ պայմաններում որևէ հայ կտրեր մարդու գլուխ՝ նրա ազգային պատկանելության համար, և հասարակությունն ընդուներ այդ արարքը ճշմարիտ և հերոսական։ Մեր հասարակությունը կմերժեր հերոսի այդ տեսակը։ Որքան հետ է Ադրբեջանի հասարակությունը և որքան մանիպուլյացված, որքան արժեքային սահմանափակ և մշտապես քարոզվող թշնամու կերպարով, այնքան թե՛ բանակցային անվստահելի գործընկեր է, թե՛ մեզ համար, որպես հարևան երկիր, փոխհարաբերության հնարավորությունը ձգձգվելու է։

Պարբերաբար տարբեր մակարդակներում բարձրացվում է նոր պատերազմի հավանականության հարցը: Սա ինչպե՞ս է ազդում բանակցային գործընթացի և մեր հասարակության վրա:

– Ամեն մի կոնկրետ ցնցումից հետո Հայաստանից արտագաղթն ավելանում է՝ ընտրություններ, ընտրություններից հետո՝ ընդվզումներ, քաղաքական հետապնդումներ, խոցված արժանապատվություն, միջին տնտեսվարողների նկատմամբ տնտեսական ռեպրեսիաներ՝ ի շահ մոնոպոլիստների, և ավելի մեծ արտագաղթ։ Բայց ապրիլին ունեցանք քառօրյա պատերազմ, երբ «ներգաղթում» էին պատերազմի համար։ Պարադոքս է, չէ՞։ Չեն վախենում կյանքը կորցնելուց, վախենում են անարդարությունից և անարժանապատվության մեջ հայտնվելուց, անիրավունակության մեջ ապրելուց։ Պարզվում է` ներքին թշնամին ավելի ուժեղ է, սա էլ այլ թեմա է։

Գաղտնիք չէ, որ ժողովրդի, հասարակության մոբիլիզացիան ամենաուժեղը հենց արտաքին թշնամու դիմաց է, և ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ոչ միայն երկրի ներսում է ոգին տեղը, այլ դրսից էլ ընդունված էր ասել՝ «փափուկ տեղից մտահոգվելուց, գրելուց» բացի, ֆիզիկապես ներկայացողներ կան։ Եթե ապրիլյանն անակնկալի բերեց, ապա տարվող քննարկումները պատերազմի մասին առնվազն ավելի զգոն են պահում մարդկանց։ Թե ինչպես է ազդում բանակցային գործընթացի վրա, կարծում եմ, որքան պատրաստ լինենք և ցույց տանք մեր պատրաստ վիճակը՝ թե՛ զինվածությամբ, թե՛ հոգեբանորեն, այնքան կնվազի պատերազմի հնարավորությունը:

Տեսանյութեր

Լրահոս