«ՀՀ կառավարությունը նույնպես մեծապես հետաքրքրված է, քանի որ գիտակցում է, որ սա յուրահատուկ հնարավորություն է Հայաստանի համար»
Ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով նախագահ Յոհան Վանդերպլաետսենը, տեսնելով էներգետիկ ոլորտում Հայաստանի ներուժը, ցանկություն է հայտնել քայլեր իրականացնել Հայաստանում ներդրումների համար:
ԱՊՀ երկրների տարածքու մ 6 գործարաններ և 12 հազար աշխատակից ունեցող «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության ներկայացուցիչը դրական է համարում Հայաստանում այլընտրանքային էներգիայի զարգացման հնարավորությունները:
«Իհարկե, Հայաստանն այլընտրանքային էներգիայի զարգացման համար ունի մեծ ներուժ: Հայաստանում ստացված էլեկտրաէներգիայի 40 տոկոսն ապահովում է ատոմային էներգետիկայից, 30 տոկոսը՝ հիդրոէներգետիկայից, 30 տոկոսն էլ՝ գազի միջոցով, որը ներկրվում է ՌԴ-ից և Իրանից: Սակայն, երբ անցում կատարվի այլընտրանքային էներգիայի աղբյուրներին, այս խառնուրդը այլ տեսք կունենա` այնտեղ մեծ դեր կունենա արևային էներգիայից ստացվող հոսանքը: Հայաստանն ունի ևս մեկ շատ կարևոր առավելություն, այն արևոտ երկիր է, այստեղ տարեկան ավելի քան 300 արևոտ օրեր են գրանցվում: Այդ պատճառով, ես վստահ եմ՝ նոր տեխնոլոգիաները կօգնեն Հայաստանին: Հենց այդ պատճառով էլ մենք այստեղ ենք: Մենք պատրաստ ենք տեղայնացնել Հայաստանում մեր արտադրությունը և, որպես ներդրող կազմակերպություն, մյուս ընկերություններին նույնպես ցույց կտանք Հայաստանի ներուժը»,- ասաց նա:
«Շնայդեր էլեկտրիկ» ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով նախագահ Յոհան Վանդերպլաետսենը նշեց, որ Հայաստան այցելության ժամանակ եղել են հանդիպումներ ոչ միայն իրենց գործընկերների և հաճախորդների, այլ նաև կառուցողական հանդիպումներ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի հետ: Նա կարևոր է համարում բուհերի դերը նոր տեխնոլոգիաների ներդրման գործում:
«Մենք հասկացանք, որ ՀՀ կառավարությունը նույնպես մեծապես հետաքրքրված է, քանի որ գիտակցում է, որ սա յուրահատուկ հնարավորություն է Հայաստանի համար: Բայց սա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի համար, քանի որ Հայաստանը գտնվում է այդ տարածաշրջանի սրտում: Մենք ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ պայմանավորվել ենք, որ ստեղծելու ենք աշխատակազմ, որը մանրակրկիտ ուսումնասիրություններ կանցկացնեն այս ոլորտում: Որպեսզի մենք էլ, ելնելով այդ հետազոտություններից, կարողանանք համատեղ նոր տեխնոլոգիաները տեղայնացնել Հայաստանի ներսում»,- նշեց Յոհան Վանդերպլաետսենը:
Ընկերության փոխնախագահը, սակայն, վաղ համարեց նշել, թե ինչ ծավալով ներդրումներ կարելի է սպասել՝ շեշտելով, որ դա արդեն ՀՀ Էներգետիկայի և բնական խաշարների նախարարության կողմից ստեղծված աշխատակազմի քննարկման թեման է: