Բաժիններ՝

Հայաստանը գտնվում է ազդեցության ոլորտների վերաբաշխման կիզակետում

Մեր զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը

– Պարոն Մեսրոբյան, կառավարությունը հավանություն է տվել մի օրինագծի, ըստ որի՝ մաքսային բրոքերի ծառայություններից օգտվելն այլևս պարտադիր չի լինի: Սա որքանո՞վ կբարելավի գործարար միջավայրը:

– Եթե մի համակարգում, որտեղ կան օլիգարխներ, ինչ ուզում եք՝ արեք, յուղոտ պատառները մնալու են իրենց մոտ, լինի դա մաքսային բրոքեր, թե մեկ այլ բան, կապ չունի:

– ՌԴ նախագահ Պուտինի շնորհավորանքները ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ՀՆԱ 10% աճի կապակցությամբ ինչպե՞ս եք գնահատում:

– Դատարկություն է, տնտեսության զարգացումը մենք ակնառու պետք է տեսնենք: Կարող են լինել տնտեսության որոշ զարգացումների փուլեր, երբ այդ թվերը չենք զգում: Բայց 25 տարի խոսել, թե ինչ լավ տնտեսություն ունենք, ու լինել «ճ» կարգի պետությունների շարքում, նշանակում է՝ այդ աճի վրա պետք չէ ուշադրություն դարձնել:

– Մինչ Պուտինը Մոսկվայում շնորհավորում էր Սերժ Սարգսյանին, այստեղ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ չնայած տնտեսական ակտիվության աճին՝ քաղաքացիների կենսամակարդակը չի բարելավվում: Այստեղ խզումը ո՞րն է, ինչո՞ւ է տնտեսությունն աճում, իսկ քաղաքացիների կենսամակարդակը չի բարելավվում:

– Ո´չ տնտեսությունն է աճում, ո´չ քաղաքացիների կենսամակարդակը: Նման ամեն մի հայտարարություն դեռ չի նշանակում, որ կյանքում այդպես է: Մենք մահացու մարտահրավերներ ունենք, իրենք նստած թիվ են գրում:

– «Մահացու մարտահրավերներ» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

– Այն, որ ամբողջ աշխարում, իսկ մեր տարածաշրջանում՝ առավել ևս, սկսվել է ազդեցության ոլորտների վերաբաշխում, և դա, բնական է, բերում է քաղաքական տեկտոնիկ տեղաշարժերի, և Հայաստանն այդ ազդեցության ոլորտների վերաբաշխման կիզակետում է գտնվում: Մինչ այժմ երկիրն իր վրա չի զգում, որ նման վտանգ կա: Եվ Հայաստանը կառավարվում է՝ ինչպես միշտ՝ պահի տակ, իսկ սա նշանակում է, որ այդ մարտահրավերները մեզ համար մահացու կլինեն:

– Ովքե՞ր են վերաբաշխում ազդեցության ոլորտները՝ Ա՞ՄՆ-ը, Ռուսաստա՞նը…

– Ե´վ գերտերությունները, և´ մեր տարածաշրջանային տերությունները՝ նույն Թուրքիան, նույն Իրանը: Իսկ մենք չունենք արտաքին գործունեության հարցում տեսանելի ռազմավարություն: Էլ չեմ ասում այն պարզ երևույթի մասին, որ երևում է. Հայաստանն ամեն ձևով հիմա ուզում են ճոճել, որովհետև Հայաստանը կամ ընդհանրապես պետք չի այս տարածաշրջանում, կամ պետք է հլու-հնազանդ, և խոսքը բոլոր գերտերությունների համար հնազանդ լինելու մասին է: Երբ ասում են, որ Հայաստանը միայն Ռուսաստանի խաղն է խաղում, այդպես չէ, Հայաստանը բոլորի խաղն է փորձում խաղալ և բալանսավորված լինել այս տարածաշրջանում: Սա նշանակում է, որ մենք մահացու վտանգի առաջ ենք կանգնած, որ չունենալով արտաքին քաղաքականության ռազմավարություն՝ մենք վաղ թե ուշ պետք է ունենանք մահացու հարվածներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս