Ռուսաստանը տասնյակ միջուկային ռմբապաստարաններ է կառուցում. Washington Free Beacon
Ողջ Ռուսաստանում կառուցվում են տասնյակ ստորերկրյա միջուկային ռմբապաստարաններ, գրում է Washington Free Beacon-ը` հղում կատարելով ամերիկյան հետախուզությունում աղբյուրին:
Նշվում է, որ նոր միջուկային ստորերկրյա ռմբապաստարանների մասին քիչ բան է հայտնի:
Աղբյուրները պատմում են, որ դրանք նման են Սառը պատերազմի ժամանակների զորքերի օպերատիվ ղեկավարման համալիրների օբյեկտներին:
Պարբերականը նաև ներկայացնում է ԿՀՎ-ի 1997թ. տվյալները, որտեղ ասվում է, որ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շարունակել է կառուցել ստորերկրյա միջուկային օբյեկտներ:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Կերտիս Սկապարոտտին նշել է, որ ստորերկրա շինարարությունը վկայում է Ռուսաստանի ռազմավարական ուժերի մոդեռնիզացիայի մասին: Նա ավելի վաղ խոսել է այն մասին, որ Ռուսաստանի դոկտրինը միջուկային զենքի կիրառման մասին, «անհանգստություն է հարուցում»:
«Ռուսական դոկտրինը ենթադրում է, որ տակտիկական միջուկային զենքը կարող է օգտագործվել որպես պատասխան սցենար: Դա հարուցում է մտավախություն և ընդգծում, թե ինչու են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջուկային ուժերը մնում զսպման կենսականորեն կարևոր բաղադրիչներ»,- ասել է Սկապարոտտին:
Միջուկային քաղաքականության ոլորտում ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Մարկ Շնայդերը վստահ է, որ Ռուսաստանի անվտանգության նոր ազգային ռազմավարությունը վկայում է Մոսկվայի` միջուկային պատերազմի նախապատրաստվելու մասին:
Ռազմական վերլուծաբանները պնդում են, որ ԱՄՆ-ի հնարավոր պատասխանը ռուսական ստորերկրյա միջուկային համալիրներին ներառում է խորը ներթափանցման միջուկային ռումբերի մշակում: