«Պետական պաշտոնյան, նախարարն ասում է՝ «գնացեք դատարան», բա դու ինչի՞ համար ես». Արմեն Պողոսյանը՝ Էկոնոմիկայի նախարարին
«Թանկացումը միշտ է լինում՝ պերմանենտ կերպով: Եթե մեկ տարի կտրվածքով նայենք, չենք նկատի, այդ թանկացումը շատ փոքր է լինում, եթե նայենք երեք տարվա և ավելի կտրվածքով, կտեսնենք, որ 13,5 տոկոսով թանկացում կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ խոսելով սեպտեմբերի 1-ին ընդառաջ նախատեսվող ծախսերի մասին:
Նրա խոսքով՝ մոտավորապես 50 հազար դրամ է անհրաժեշտ ընտանիքին մեկ դպրոցահասակ երեխայի ծախսերը հոգալու համար, և կա շերտ, որի մոտ այն հասնում է 200 հազարի: Նա նշեց, որ գրենական պիտույքների գնաճ իրենք չեն նկատել:
«Սեպտեմբերի 1-ը տոն է, որը պետք է մնա երեխայի մոտ ամբողջ կյանքում, իսկ ի՞նչ ասենք, եթե ինձ դիմում է մայրը, որն օգոստոսի 31-ին գնել է 2 պայուսակ՝ ամեն մեկը՝ 7000 դրամ, և սեպտեմբերի 1-ին երկուսն էլ պատռվել են: Այստեղ ոչ միայն այդ գումարի հարցն է, այլ տոնը խաթարվեց, խափանվեց: Երեխաների վրա այդ տպավորությունը կմնա ամբողջ կյանքում: Այս տարի փոքր է գնաճը, մոտավորապես 5 տոկոս կամ մի քիչ ցածր»,- նշեց Ա. Պողոսյանը:
Նա նկատեց, որ որքան մոտենում է սեպտեմբերի 1-ը, այնքան ավելի սաստիկ է լինում գնաճը: Ըստ նրա՝ հեռատես կամ հաշվենկատ ծնողները պետք է նախօրոք գնեն անհրաժեշտ պարագաները:
Հարցին, թե բողոքները հասարակության կողմից ինչքանո՞վ են շատացել՝ Ա. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Մեզ մոտ բողոքները կտրուկ աճել են, աննկարագրելի բան է, մենք օրական 5 ահազանգ ենք ստանում, պատկերացրեք՝ տարվա մեջ դա ինչ ահավոր թիվ է կազմում»:
Նա նշեց, որ ահազանգերի մեծ մասը վերաբերում է ապրանքների որակին. «Այն, որ ապրանքը հետ չի վերցվում, դա աբսուրդ է, մեր օրենսդրությունը հստակ է ասում՝ 14 օրում վերադարձնում եք պատշաճ որակի ապրանքը»:
Ա. Պողոսյանի խոսքով՝ եթե պատշաճ որակի ապրանքը հետ չեն վերցնում, սպառողները կարող են դիմել Շուկայի վերահսկողության պետական տեսչություն, հասարակական կառույցներին և դատարան. «Բայց իմ վերջին նամակներից մեկում, որը ես ուղարկել եմ Էկոնոմիկայի նախարարին, գրել եմ, որ մենք այլևս չենք ուզում Ձեր նամակները ստանալ, որտեղ գրված է՝ «դիմեք դատարան», մենք դատարանի ճանապարհը գիտենք, պետք է լուծենք մինչդատական կարգով, դա մարդկանց հալածել է նշանակում, երբ մարդկանց ասում են՝ դիմեք դատարան, դա մեզ համար նվաստացուցիչ է, վիրավորական է: Պետական պաշտոնյան, նախարարն ասում է՝ «գնացեք դատարան», բա դու ինչի՞ համար ես, տեսչությունն ինչի՞ համար է: Չի կարելի այսպես վարվել մարդկանց հետ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: