«Պետք է իմանանք, որ որևէ երկիր մեր բարի քեռին չէ». Էդուարդ Շարմազանով
«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և Ռուսաստանի հետ հարաբերություները բազմաշերտ են և շատ խորքային՝ սկսած տնտեսական, քաղաքական, մշակութային, հումանիտար և ռազմական ոլորտում մենք ունենք լուրջ համագործակցություն սպառազինությունների առումով, և կարծում եմ, որ սա կլինի հերթական հանդիպումը, որ կքննարկենք այն բոլոր հարցերը, որ կան: Բնականաբար, չեմ կարծում, որ չի քննարկվի նաև Ղարաբաղյան հիմնահարցը, որովհետև Ռուսաստանը համանախագահ երկիր է ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտում՝ Մինսկի խմբի համանախագահությամբ, 3 համանախագահներից մեկն է, մանավանդ, որ երեկ Բաքվում Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Պուտինը խոսեց Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով վաղը կայանալիք Սարգսյան-Պուտին հանդիպման մասին:
Անդրադառնալով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ համագործակցության բուռն զարգացումներին և հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում տարածաշրջանային ծրագրերից, Է.Շարմազանովը նշեց, որ յուրաքանչյուր երկիր ունի իր պետական շահերը և իրականացնում է իր քաղաքականությունը: Նրա խոսքով՝ Հայաստանն օբյեկտիվորեն դուրս է գալիս որոշ տարածաշրջանային նախագծերից 2 պատճառով՝ Թուրքիայի հետ փակ սահմաններ և Ղարաբաղյան չկարգավորված հիմնախնդիր. «Մենք տեսնում ենք, որ Վրաստանն ունի բազում ծրագրեր Ադրբեջանի հետ, Իրանն արդեն ունի, մենք էլ պետք է ձգտենք հնարավորության սահմաններում իրականացնենք այն քայլերը, որոնք բխում են մեր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերից: Բայց օբյեկտիվորեն պետք է ասեմ, որ Հայաստանը գրավիչ չէ այնքան, ինչքան որ, քանի որ մենք ունենք փակ սահմաններ Թուրքիայի հետ, Ղարաբաղի խնդիր»:
«Տարիներ առաջ ՀՀ նախագահը սկսեց այդ գործընթացը Թուրքիայի հետ, բայց մենք տեսանք, որ Թուրքիան պատմության աղբարկղը նետեց այդ պրոտոկոլները, և չնայած ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կոչերին՝ բացելու Եվրոպայի միակ փակ սահմանը, նա չի անում այդ քայլերը, և Էրդողանի վերջին հայտարարություններից հետո ես մշուշոտ եմ համարում հայ-թուրքական սահմանի բացումը, կամ Ցյուրիխյան պրոտոկոլների վավերացումը Թուրքիայի կողմից: Դրա համար մենք պետք է ուղեղներս շարժենք և այլընտրանքային ճանապարհներ նայենք և իմանանք, որ որևէ երկիր մեր բարի քեռին չէ»,- ասաց Շարմազանովը:
Դիտարկմանը, որ, փաստորեն, ՀՀ իշխանությունները «ռեալ պոլիտիկը» բավարար չափով չէին հաշվարկել, երբ պնդում էին, որ ԵՏՄ-ի հետ հարաբերություններում Իրանը, որպես գործընկեր, ընտրելու է Հայաստանին, քանի որ այժմ ավելի ակտիվ դերակատարում է տրվել Ադրբեջանին, Է.Շարամազանովը պատասխանեց. «Մենք Իրանի հետ ունենք բազում ծրագրեր և այդ վերջին ծրագիրը՝ իրանական գազը դեպի Վրաստան: Աշխարհը սև ու սպիտակ չի, աշխարհն ունի բազում գույներ, այսօր ամբողջ աշխարհում բոլորը բոլորի հետ համագործակցում են և բոլորը բոլորի հետ մրցակցում են: Այնպես չէ, որ, եթե Իրանը համագործակցում է Ադրբեջանի հետ, ուրեմն մեզ հետ չի համագործակցում: Մենք էլ ունենք բազում պրոյեկտներ, հայ-իրանական հարաբերություններն ակտիվ զարգանում են, բայց դա չի նշանակում, որ Իրանը չպետք է զարգացնի հարաբերություններն Ադրբեջանի, Թուրքիայի կամ Թուրքմենիայի հետ: Բիզնես աշխարհը շահին է նայում, շահին և անվտանգությանը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: