«Փոփոխությունների բացակայության դեպքում ՊՊԾ գնդի գրավումն ընդամենը «ժուռնալ» կլինի». Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի հետ զրուցել ենք «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման, տեղի ունեցած իրադարձությունների դրդապատճառների և իրավական հետևանքների, ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունների, ապագաղութացման շուրջ:

– Պարոն Մարուքյան, հուլիսի 17-ին իրադարձություններ սկսվեցին, որոնց Հայաստանը, հատկապես՝ ապրիլյան պատերազմից հետո, այնքան էլ պատրաստ չէր: Տեղի ունեցան բախումներ, ոստիկանական շարքերի կողմից անհայտ անձինք սադրանքներ իրագործեցին, բավականին թվով մարդիկ վիրավորվեցին և, ի վերջո, «Սասնա ծռերը» զենքը վայր դրեցին: Ձեր կարծիքով՝ այս ամենի իրավական գնահատականը ո՞րն է, դրդապատճառը ո՞րն էր, և ինչի՞ կհանգեցնի:

– Դրդապատճառը, կարծում եմ, բոլորին պարզ է, որովհետև երկրում 25 տարի նորմալ քաղաքական դիսկուրսի արդյունքում փոփոխություներ չեն եղել, նկատի ունեմ՝ քաղաքական պրոցեսների, քաղաքական դեբատների, և իշխանություններն ամեն ինչ արել են, որ ոչնչացնեն քաղաքական ցանկացած ձևավորվող օրգանիզմ: Եվ, բնականաբար, երբ քաղաքական օրգանիզմները ոչնչացվում են, դրանց գալիս են փոխարինելու այլ օրգանիզմներ և, երբ խաղաղ կամ կոնվենցիոնալ մեթոդաբանությամբ իրականացվող քաղաքականությունը տապալվում է, այդ սուրբ տեղը դատարկ չի մնում, և դրան գալիս են փոխարինելու այլ մեթոդաբանություն կրող ուժեր կամ անհատներ: Իրականում, գոնե ինձ համար, որևէ անակնկալ չի եղել, որովհետև երկար ժամանակ «Նախախորհրդարանի» անդամներն ասել են, որ իրենք այլ ելք չեն տեսնում, իրենք չեն տեսնում ընտրությունների միջոցով փոփոխությունների հնարավորություն, չեն ընդունում համակարգային քաղաքական պրոցեսների մեջ ներգրավվելու հնարավորություն և տեսնում են փոփոխությունները նման մեթոդներով: Այդ մարդիկ ինչ հայտարարել են հրապարակային, այն էլ արել են:

Չգիտեմ, իրավապահ մարմիններն ինչպե՞ս են վերաբերվել, բայց, որ Հայաստանում հնարավոր դարձավ Ոստիկանության ՊՊԾ գունդ գրավել և 15 օր շարունակ պահել այդ իրավիճակը, փաստորեն, ունեցանք նաև նման նախադեպ: Թե ինչ հետևանքներ կունենանք, կարծում եմ, դեռ վաղ է ասել, այդ հետևանքները մենք դեռ երկար կտեսնենք և կզգանք: Սա իր բացասական ազդեցությունը, բնականաբար, կունենա քաղաքական պրոցեսների վրա: Մարդկանց հիասթափությունը՝ վերջին դեպքերի հետ կապված, որովհետև իշխանության հանդեպ ատելությունն այնքան մեծ է, որ մարդիկ հույս էին կապում, որ զինված ինչ-որ խմբի կողմից հնարավոր է Հայաստանում դրական փոփոխություններ լինեն, և եթե կա նման մոտեցում, հավատք առ այդ մեթոդներին, եթե դա չի ստացվում, բնականաբար, կա նաև ապատիա և խոր հիասթափություն, ինչն իր ազդեցությունը կունենա սպասվող քաղաքական իրադարձությունների վրա, նկատի ունեմ՝ ՏԻՄ, ապա՝ խորհրդարանական ընտրություններ: Եվ սրանից կարող է շահել միայն իշխանությունը:

Հենց առաջին օրերից սկսած՝ ցուցարարների նկատմամբ տեղի ունեցան բռնություններ, որոնք իրենց կուլմինացիային հասան Սարի թաղի դեպքերի ժամանակ՝ հատուկ միջոցների կիրառմամբ, որը նման պայաններում ընդհանրապես կիրառելի չէ: Ոստիկանությունում պետք է պատասխանատվության խնդիր բարձրացվի, և այս օրերին նաև ազատումներ կան, բայց դա որևէ կերպ չի բավարարում մեզ, որովհետև մենք գտնում ենք, որ ծառայողական քննությունների փոխարեն՝ պետք է հարուցվեն քրեական գործեր, որոնց շրջանակներում պետք է պատասխանատվության հարցը լուծվի, որ ոչ թե ինչ-որ կարգապահական պատասխանատվության ենթարկեն, այլ կոնկրետ ունենանք դատված, ազատազրկման ենթարկված ներկայացուցիչներ՝ և´ Ոստիկանության, և´ Հատուկ ուժերի, որոնք վայրագություններ են թույլ տվել՝ նաև քաղաքացիական անձանց ներգրավմամբ, որոնք, անհասկանալի է, թե ովքեր են այդ մարդիկ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս