Բաժիններ՝

Ա՞ճ, թե՞ զարգացում՝ այս է խնդիրը

 

ՀՀ կառավարության վերջին նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով տնտեսական ակտիվության աճի մասին, անուղղակի խոստովանություն արեց, որ աճի ցուցանիշները, մեծ հաշվով, ոչինչ չեն նշանակում։ «Ցավոք, վերջին մեկուկես տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում»,- ասաց նա:

Արդեն գրել ենք, որ սա, կարելի է ասել, մի քայլ առաջ է։ Այսինքն՝ կառավարությունը սկսել է ավելի շատ կարևորել ոչ թե՝ աճի ցուցանիշը, այլ՝ դրա որակը, և հասարակության կենսամակարդակի վրա ունեցած ազդեցությունը։ Ժամանակին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ էր հայտարարում, որ տնտեսական աճի փոխարեն՝ թիրախավորելու են տնտեսական զարգացումը։

Իհարկե, հայտարարելը մի բան է, կոնկրետ քայլեր ձեռնարկելը՝ մի բան։ Սակայն ոչ պակաս կարևոր է հասկանալ՝ ինչպե՞ս չափել զարգացումը։ Տնտեսական (ՀՆԱ-ի) աճը մեխանիկական, չափելի ցուցանիշ է։ Սակայն զարգացումը գնահատելը դժվար գործ է։

Կարդացեք նաև

Դժվար, սակայն ոչ անիրագործելի։ Boston Consulting Group կազմակերպությունն իր սեփական մեթոդոլոգիայով է դա չափում։ BCG-ի փորձագետներն ամեն տարի հրապարակում են SEDA ինդեքսը (Sustainable Economic Development Assessment), որը գնահատում է կայուն տնտեսական զարգացման մակարդակը։ Այն հիմնված է ոչ թե պարզապես տնտեսական աճի ցուցանիշի, այլ 10 կարևոր չափանիշների վրա, այդ թվում՝ եկամուտներ, տնտեսական կայունություն, առողջապահություն, կրթություն և այլն։

BCG01

Վարկանիշը հրապարակվում է 160 երկրների համար՝ այդ թվում Հայաստանի։ Այսինքն, այս ինդեքսն իրականում ցույց է տալիս հենց զարգացումը, և ոչ թե աճի մեխանիկական ցուցանիշը, որը քչերին է հետաքրքիր։

Միանգամից ասենք, որ այս վարկանիշում Հայաստանի վիճակն այնքան էլ բարվոք չէ։ Մենք ոչ միայն ցանկի միջին մասերում ենք՝ 82-րդ տեղում (43.8 միավոր), այլ զիջում ենք մեր անմիջական հարևաններին՝ Ադրբեջանին (74-րդ տեղ) և Վրաստանին (72-րդ տեղ)։ Ռուսաստանը 60-րդ տեղում է՝ 54.6 միավորով, Թուրքիան՝ 63-րդ տեղում։

BCG02

ԵՏՄ անդամ մեր գործընկերներից Ղազախստանը 52-րդ տեղում է (59.5 միավոր), Բելառուսը՝ 50-րդ տեղում (60.3 միավոր)։ Այս առումով մեզ զիջում է միայն Ղրղըզստանը, որը 39 միավորով զբաղեցնում է 99-րդ տեղը։

Մի խոսքով, եթե որոշում ենք, որ այսուհետ կարևոր է ոչ թե աճի մեխանիկական ցուցանիշը, այլ այդ աճի որակը՝ զարգացումը, պետք է նկատի ունենանք, որ բավականին ետ ենք մնացել և շատ անելիքներ ունենք։

Վերջում նշենք, որ կայուն տնտեսական զարգացման ինդեքսը 100 միավորով գլխավորում է Նորվեգիան։ Նրան են հաջորդում Նիդեռլանդները (95 միավոր), Ֆինլանդիան (94.9 միավոր), Գերմանիան (93.6 միավոր) և Ավստրիան (92.7 միավոր)։
Ցանկը եզրափակում են Գվինեան, Կոնգոն և Չադը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս