«Հայաստանում առկա է ինստիտուցիոնալ ճգնաժամ, որը հղի է պետական մասշտաբի աղետով». Ռուբեն Մեհրաբյան

«Փաստը, որ ներքաղաքական գործընթացներում առաջ է եկել զինված խմբավորում, արդեն իսկ լրջագույն մարտահրավեր է թե՛ իշխանությանը, թե՛ քաղաքական դաշտին և դասին, թե՛ հասարակությանը, թե՛ պետությանը: Եվ հետևություններ՝ գործնական հետևություններ պետք է անեն բոլորը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումներին՝ կապված ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետ:

Նա նշեց, որ կասկած լինել չի կարող՝ տեղի ունեցածն օրենքից դուրս է, գտնվում է քաղաքականությունից դուրս և գտնվում է Քրեական օրենսգրքի տիրույթում, ինչով պետք է զբաղվեն իրավաբանները՝ օրենքի տառին և ոգուն համապատասխան։ «Ինչպես Հին Հռոմում էին ասում՝ առանց ցասման և աչառության»: Բարեբախտաբար, Մեհրաբյանի որակմամբ՝ Հայաստանը խուսափեց աղետից:

«Բայց և փաստ է այն, որ Հայաստանի և ոչ մի պետական, քաղաքական ինստիտուտ չդրսևորեց իրավիճակից բխող ադեկվատ գործելակերպ: Հայաստանում առկա է ինստիտուցիոնալ կոլապս, ինստիտուցիոնալ ճգնաժամ, որը հղի է պետական մասշտաբի աղետով, ինչն էլ կարող է վտանգել նաև տարածաշրջանային անվտանգությունը, եթե պատշաճ հետևություններ և, կրկնեմ՝ հատկապես գործնական հետևություններ չարվեն: Զինված հարձակումը երկնքից իջած մի անսպասելի պատուհաս չէր: Դժվար չէ եզրակացություն անել, որ սա հետևանք է վերջին տարիների քաղաքականության, սա ներքաղաքական գործընթացների տրամաբանության հերթական, նույնիսկ կանխորոշված փուլն էր, որից պետք է անհապաղ դուրս գալ, որպեսզի կարողանանք խուսափել ճակատագրական հետևանքներից, որոնք թակում են մեր դուռը, և այդ թակոցը լսելու համար յուրահատուկ լսողության կարիք էլ չկա: Փաստն այն է, որ այսօր Հայաստանն ապահովագրված չէ նման գործողությունների կրկնությունից, ինչը սպառնալիք է բոլորիս համար:

Հայաստանի իրավապահ մարմիններն իրենց գործողություններով, ինչպես տեսանք, իրենք իրենց հաճախ դուրս են դնում օրենքից՝ մնալով անպատիժ, և այստեղ ներողամտություն հայցելով չէ, որ հարցերը կարող են լուծվել, այլ իրական բարեփոխումներով և օրենքին դեմ գնացողներին օրենքի ուժով պատժելով: Իսկ դատական համակարգի անկախության բացակայությունն այլևս վերածվում է հասարակական անվտանգության սպառնալիքի»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ուղղահայաց ինտեգրված օլիգարխիկ-կոռուպցիոն ռեժիմի ձևավորմամբ ուրվագծվեց մի համակարգ, որը դառնալով ռուսական համակարգի ծայրամասային մասնաճյուղը, իր մեջ ներառեց այդ համակարգի բոլոր ախտերը և ցնցումային ողջ ներուժը, դարձավ Հայաստանի այսօրվա բարդագույն վիճակի հիմքը, և այդ չարորակ ժառանգությունը ոչ միայն մինչ օրս հաղթահարված չէ, այլև խորացել և դարձել է ուղղակի սպառնալիք մեր պետության հետագա ընթացքի համար: Ընդ որում, փորձագետի համողմամբ՝ այս երկշաբաթյա լարվածության ամենապերճախոս դրսևորումներից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանի լռությունն էր:

«Այսօրվա իրավիճակը վկայում է մի բանի մասին, որ Հայաստանի քաղաքականությունը՝ իր բոլոր ուղղություններով (անվտանգության, ներքին, տնտեսական, արտաքին, ինստիտուցիոնալ, և այլն) պարզապես սնանկ է, իսկ Հայաստանը, հայտնի ռուսական հեքիաթի աչքածակ, չափի զգացումն ու բանականությունը կորցրած պառավի նման, հայտնվել է կոտրած տաշտակի առաջ: Հայաստանի քաղաքականությունը և քաղաքական-պետական համակարգը կարիք ունեն արմատական վերանայման և վերափոխման: Մենք խնդիր ունենք՝ կապված ոչ միայն՝ իշխանության, այլև՝ քաղաքական դաշտի հետ: Այսօրվա քաղաքական դաշտն ըստ էության՝ չի՛ սպասարկում քաղաքացուն: Այս ընթացքում քաղաքական դաշտի միայն եզակի սուբյեկտներն ադեկվատ արձագանքեցին իրավիճակին՝ գոնե հայտարարությունների մասով, հայտարարությունների, որոնք գոնե իրենց անցյալի, անցյալի պրակտիկայի հետ հակասության մեջ չէին մտնում»,- ասաց նա: Մեհրաբյանը նաև նկատեց, որ Հայաստանում առկա է վստահության խորը ճգնաժամ, երբ քաղաքացիները չեն վստահում իշխանությանը, օրենքին, օրենքին չհակասող ճանապարհով քաղաքական գործունեությանը, Հայաստանում առկա է քաղաքական պատասխանատվության, ընդհանրապես պատասխանատվության ճգնաժամ ևս:

Արդյունքում, ըստ նրա, մենք ունենք քաղաքականություն՝ առանց քաղաքական բովանդակության, ընդդիմադիր գործունեության իմիտացիա կամ ընդդիմադիր սուբյեկտների փաստացի անգործություն, անիմաստ, անհեթեթ, հիստերիկ, աղմկոտ և անհետևողական քաղաքացիական ակտիվիզմ: «Այս վերջին իրադարձությունները նաև փաստեցին, որ «հետխորհրդային» կոչվող, ռուսական հակաարժեքների վրա հիմնված համակարգի և ոչ մի տարր այլևս ի զորու չէ աշխատելու՝ դիակ է: Եվ ակնհայտ է, որ առանց ինստիտուտների, նրանց գործունեության համալիր «ապառուսականացման»՝ ցանկացած գործընթաց տանում է դեպի ոչ մի տեղ և ինքնախաբեություն է: Հայաստանում կոշտ, դիրեկտիվ կերպով ջարդել է պետք բոլոր մենաշնորհները և սկսել է պետք ռազմավարական ոլորտների՝ իբր «բնական» մենաշնորհներից, որոնք եկել են Ռուսաստանից և փչացնում, ապականում են ամեն ինչ:

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ժառանգությունը պետք է իր բոլոր տարրերով և դրսևորումներով արմատախիլ արվի երկրում, և առանց դրա Հայաստանը հնարավորություն չի ունենա շնչելու, ուժ հավաքելու, հույսով և հավատով ընթանալու դեպի ապագա: Դա նաև անհնարին կլինի, եթե չվերանայվի մեր անվտանգության, արտաքին, տնտեսական, էներգետիկ քաղաքականությունը, հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունը՝ իր բոլոր բաղկացուցիչներով, եթե Հայաստանն իր մեջքը չուղղի և պարանոցը չազատի Ռուսաստանի հետ «դարավոր բարեկամության» այդ կախաղանի օղակի վերածված կապանքներից»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:
Խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ Մեհրաբյանն ասաց, որ դրանում իրավիճակի վերլուծություն չլսեցինք, չլսեցինք նաև դրա հետ կապված համակարգային լուծումների մասին: Սակայն փորձագետը չի բացառում, որ դա լսենք և գործնական քայլերը տեսնենք հետագայում: «Եվ առանց հանրային ճնշման հազիվ թե իշխանությունը, ինչպես ասում են՝ իրար գա: Իսկ սեպտեմբերից Հայաստանում տիրելու է նախընտրական մթնոլորտ, քաղաքական դաշտի սուբյեկտները ճշգրտելու են իրենք դիրքորոշումները: Փաստացի քաղաքական «անապատի» պայմաններում, անկախ նրանից, թե ինչ վերադասավորումներ կլինեն քաղաքական դաշտում, ակնհայտ է, որ իրավիճակը մեծապես կախված կլինի նրանից, թե որքանով այդ դաշտի սուբյեկտներն ադեկվատ կգտնվեն քաղաքացիների իրական պահանջմունքներն արտահայտելու, սպասարկելու, նրանց իրական վստահությունը ձեռք բերելու առումով: Ընդ որում, քաղաքական գործընթացի որակը և արդյունավետությունը կախված կլինի նրանից, թե որքանով հին կամ նոր սուբյեկտներին կհաջողվի դա իրագործել՝ առանց էժան և անպատասխանատու պոպուլիզմի, առանց մարդկանց հիշողությունը կամ մտավոր ունակությունները թերագնահատելու, վտանգները շահարկելու, ատելության, հիստերիայի և փսիխոզի մթնոլորտին նպաստող հռետորաբանության»,- նշեց նա: Ամփոփելով՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «60-70-ականների Մերձավոր Արևելքի կամ Լատինական Ամերիկայի կոռումպացված ռազմաոստիկանական ռեժիմների և նրանց հակառակորդ՝ զինված արմատական խմբավորումներին բնորոշ գործելակերպերն արմատապես խորթ են հայ ժողովրդին, նրանք տեղ չունեն և չպետք է տեղ ունենան Հայաստանում: Պարտվելու են բոլորը, պարտվելու ենք բոլորով և պատասխան ենք տալու սերունդների և պատմության առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս