«Հայաստանը պետք է փորձի առաջ տանել իր շահը` նաև ատամներ ցույց տալով Ռուսաստանին»

Մեր զրուցակիցն է ՀՀՇ վարչության անդամ, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը

– Պարոն Իգիթյան, օրերս ստորագրվել է իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան փոխադրելու վերաբերյալ պայմանագիրը: Ի՞նչ կշահի Հայաստանը դրանից:

– Թեկուզ տարանցիկ ձևով Իրան-Հայաստան-Վրաստան գազ փոխադրելը՝ որպես առաջին քայլ, շատ կարևոր իրադարձություն է, որովհետև ես համոզված եմ, որ հետագայում նավթամթերքների և հատկապես՝ գազի հետ կապված Հայաստան-Իրան զուտ առևտրային հարաբերությունները կարող են զարգանալ: Այստեղ, իհարկե, մեծ խոչընդոտ կարող է լինել Ռուսաստանը՝ թե´ քաղաքական, թե´ իրավական տեսակետից: Այն բոլոր պարտավորությունները, որ Հայաստանն իր վրա է վերցրել Ռուսաստանի հանդեպ՝ գազի մենաշնորհի հետ կապված, ինձ թվում է, կարող են խոչընդոտ լինել, բայց, ինչպես ասում են, դա լեռ չէ, կարելի է շրջանցել, գտնել իրավական հնարավորություններ, կամ ինչո՞ւ ոչ, եթե Ռուսաստանը Հայաստանին համարում է իր ռազմավարական գործընկերը, մենք էլ միշտ կարող ենք վերանայել այն խոչընդոտները, որոնք Ռուսաստանին թվում է, որ կան, կամ իրականում կան:

– Հայտնի է, որ հայ-իրանական գազատարի տրամագիծը փոքր է տարանցիկություն ապահովելու համար, և այն փոքր կառուցվեց ռուսական ճնշումների ներքո: Այժմ պետք է նո՞ր գազատար կառուցվի:

– Այո, պետք է նոր գազատար կառուցվի: Իհարկե, ցավալի է, որ այն ժամանակ Հայաստանում շատ ու շատ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ես, փորձում էին այն ժամանակվա իշխանությունների ուշադրությունը հրավիրել, որ մեծ տրամաչափով խողովակը պետք է շարունակվեր Իրանից դեպի Հայաստան: Բայց, ցավոք, ունենք այն, ինչ ունենք, այս գազատարը հազիվ է բավարարում հայ-իրանական գազ-էլեկտրաէներգիայի դիմաց հարաբերությունների համար: Սակայն, եթե այժմ խոսքը մեծ ծավալների մասին է, այդ հարցը պետք է վերանայվի և խողովակաշար կառուցվի այն չափով, ինչքան որ անհրաժեշտ է, որովհետև տնտեսական տեսակետից դա շատ օգտակար է՝ թե´ Հայաստանին, թե´ Վրաստանին, թե´ Իրանին: Չեմ հասկանում, թե Ռուսաստանն այստեղ ի՞նչ խնդիր կարող է ունենալ:

– Իսկ այն ժամանակ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չկարողացան դիմադրել ռուսական ճնշումներին, ինչո՞ւ խողովակաշարը փոքր կառուցվեց:

– Ռուսաստանը համարում էր, որ այս գազատարն ուղղված է իր դեմ, այսինքն՝ խոսքը գնում էր այն ժամանակ ոչ միայն՝ Իրանի, այլև՝ ասիական երկրների հնարավոր գազի տեղափոխման մասին դեպի Եվրոպա: Գազամուղը պետք է սկսվեր Իրանից, հետո Հայաստանով, Վրաստանով, Սև ծովի հատակով՝ հասներ Եվրոպա, և գազամուղի լայն լինելու դեպքում՝ Ռուսաստանը մտածում էր, որ դա կարող է զգալի մրցակից լինել իր համար: Եվ սա էր պատճառը, որ Ռուսաստանը գտել էր Ռոբերտ Քոչարյանի թույլ տեղը և ստիպել էր, որ խողովակի տրամագիծը մոտավորապես 2 անգամ պակաս լինի, քան հնարավոր էր կառուցել, և այս գազատարը որևէ ձևով չօգտագործվեր, Ռուսաստանի համար որևէ մրցակցություն չստեղծվեր: Դա համարվում էր ԵՄ-ի նախագիծ, որում շատ լավ էր, որ Վրաստանի և Իրանի հետ ընդգրկված էր նաև Հայաստանը, բայց Ռուսաստանն այն ժամանակ այդպես որոշեց և կարողացավ ճնշել Հայաստանի իշխանություններին:

– Իսկ այժմ, ի՞նչ եք կարծում, հնարավոր կլինի՞ նոր գազատարն անհրաժեշտ տրամաչափի կառուցել և, ի վերջո, իրանական գազը հասցնել Եվրոպա: Ռուսաստանը չի՞ խոչընդոտի այս անգամ:

– Ինձ թվում է՝ այստեղ հայկական իշխանությունների մենթալիտետը և հոգեբանությունը պետք է փոխվի: Ապրիլյան պատերազմը, ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին, այս բոլոր երևույթները ցույց են տալիս, որ Հայաստանի կողմից անվերապահորեն Ռուսաստանին քծնելը որևէ օգուտ չի տալիս, և Ռուսաստանի հետ պետք է խոսել՝ ինչպես գործընկերոջ հետ: Այսինքն՝ Ռուսաստանին պետք է ներկայացվի պահանջը և, եթե Հայաստանն իրեն համարում է անկախ երկիր, շուտով տոնելու է վերջին հանրապետության անկախության քառորդ դարը, ապա պետք է մտածի նաև իր շահերի մասին: Այնպես չէ, որ, եթե պետությունն սեփական շահի մասին է մտածում, Ռուսաստանն անպայման պետք է գլխին խփի: Նայեք Ադրբեջանի, Ղազախստանի, նույնիսկ Բելառուսի որոշ գործողությունները, որոնք Ռուսաստանն ակնհայտ ընկալում է՝ որպես թշնամական, բայց որևէ բացասական գործողություններով չի վերացնում, հակառակը՝ փորձում է սիրաշահել: Օրինակ՝ Ադրբեջանը բաց տեքստով Ուկրաինայում հայտարարեց, որ Ռուսաստանն օկուպացրել է Ղրիմը, և դրանից հետո Ռուսաստանը ոչ թե՝ պատժել, այլ հակառակը՝ որոշ նոր նախագծեր է առաջարկել: Հայաստանը պետք է փորձի առաջ տանել իր շահը, և, եթե լինեն խոչընդոտներ, փորձի լուծել դրանք, իհարկե, բանակցային ձևով, եթե՝ ոչ, որոշ առումով՝ նաև ատամներ ցույց տալով:

– Պարոն Իգիթյան, եվրոպական վերլուծաբաններից ոմանք տեսակետ են հայտնում, որ Ռուսաստանը պարբերաբար խոչընդոտներ է ստեղծում Իրանից դեպի Եվրոպա գազի տարանցման հնարավոր ճանապարհին, մասնավորապես՝ նույն Ղրիմում, 2008-ին վրացական պատերազմը, ապրիլյան պատերազմը հայ-ադրբեջանական սահմանին: Եվ այս իրադարձությունները որոշ առումով հենց ռուսական խանդի, իրանական մրցակցությունը Եվրոպայում չհանդուրժելու հետևանք է: Կհամաձայնե՞ք այս տեսակետին:

– Այո, դա առաջինն է, որ Ռուսաստանն ամեն տեղ իրեն մրցակից է տեսնում, երկրորդը՝ նաև թվում է՝ որոշ դեպքերում նախագծերն այդքան էլ վնաս չեն Ռուսաստանին, բայց Ռուսաստանը խոչընդոտում է դրանց, որովհետև չի սիրում որևէ նախագծեր, որտեղ ինքը նախաձեռնող, ակտիվ մասնակից չի, և միշտ զգուշությամբ, կասկածանքով է վերաբերվում նման նախագծերին: Իսկ սա այն դեպքն է, երբ Ռուսաստանը որևէ ուղղակի կապ չունի: Մոսկվան զգուշությամբ կամ նույնիսկ խանդով է վերաբերվում այն նախագծերին, որոնք կատարվում են, իր կարծիքով, իր ազդեցության տարածքների մեջ: Ռուսաստանը շարունակում է Հայաստանը, նույնիսկ Վրաստանն ու անգամ՝ Իրանը դիտարկել՝ որպես իր տարածքներ: Պատժամիջոցների ժամանակաշրջանում Ռուսաստանը եղել է Իրանի բավականին մոտ, եթե ոչ՝ միակ գործընկերը, և հիմա էլ որոշ դեպքերում Ռուսաստանն Իրանին համարում է իր ազդեցության գոտի և իր տարածք:

Տեսանյութեր

Լրահոս