Բանկերը՝ խոշոր հարկատուների ցանկում
ՀՀ 20 առևտրային բանկերը միասին 2016 թվականի առաջին կիսամյակում միասին պետբյուջե են վճարել 19 մլրդ 449.6 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկային ոլորտի վճարած հարկերը նվազել են 2.8 մլրդ դրամով կամ 12.66%-ով։
Սա երևում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից (տվյալները մշակվել են B4B PRO համակարգի միջոցով):
20 բանկերից 14-ի հարկերը նվազել են։ Հարկերի ամենախոշոր նվազումը գրանցել է HSBC-ն՝ ավելի քան 1.5 մլրդ դրամով կամ 65.9%-ով։
Իսկ ամենազգալի աճը ունեցել է իրանական կապիտալով աշխատող Մելլաթ բանկը։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ այս բանկի կողմից վճարված հարկերն ավելացել են 3.3 անգամ և հասել 317.2 մլն դրամի։
Խոշոր հարկատու-բանկերի ցանկը գլխավորում է Ամերիաբանկը՝ 2.66 մլրդ դրամով (հարկատուների ընդհանուր ցանկում՝ 19-րդը), որին հաջորդում են ՎՏԲ-Հայաստան բանկը (2.02 մլրդ դրամ) և Արդշինբանկը (1.91 մլրդ դրամ):