Աճի և վստահության արանքում
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումն ու դրան հաջորդած դեպքերը վերջին 2-3 շաբաթների ընթացքում ստվերի տակ թողեցին տնտեսությանը վերաբերող լուրերը։ Բնական է, այդպես էլ պետք է լիներ։ Դժգոհելու տեղ ունի, թերևս, միայն կառավարությունը, որը հնարավորություն չունեցավ լիարժեք հպարտանալ առաջին կիսամյակում գրանցված արդյունքներով։
Իսկ այնտեղ հպարտանալու բաներ կային։ Օրինակ՝ տնտեսական ակտիվության 4.8% աճը։ Սա տնտեսական (ՀՆԱ-ի) աճի ցուցանիշը չէ, բայց շատ մոտ է դրան։ Ու 4.8%-ը վատ ցուցանիշ չէ, եթե նկատի ունենանք, որ բյուջեով կանխատեսվում է 2.2% տնտեսական աճ, իսկ միջազգային կառույցների կանխատեսումներով՝ 1.9%:
Վատ ցուցանիշ չէ նաև արդյունաբերության ոլորտի 8.9% աճը։ Ճիշտ է, այն պայմանավորված է հիմնականում հանքարդյունաբերության աճով, սակայն չմոռանանք, որ ԱՊՀ երկրների շարքում այս ցուցանիշով երկրորդն ենք (միայն Տաջիկստանն է մեզնից բարձր՝ 11.2% աճ գրանցել)։
Նաև արտաքին առևտրում ենք հաջողել՝ արտահանման գծով երկնիշ աճ ունենք։ Ներմուծումը, ճիշտ է, փոքր-ինչ նվազել է, սակայն բարելավվել է արտաքին առևտրի հաշվեկշիռը։ Մի խոսքով, խոսելու բան կա։ Առիթը չկար ու «հավեսը»։
Կառավարությունն այդ մասին խոսեց «Սասնա ծռերի» տղաների հանձնվելուց հետո։ Օգոստոսի 2-ին տնտեսական բլոկի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց տնտեսական ակտիվության աճի մասին՝ հատուկ ընդգծելով, որ 2015 թվականին ՀՀ կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության և առաջ եկող խոչընդոտներին ժամանակին և արդյունավետ արձագանքման շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական: Վարչապետը նաև նշեց, որ արտաքին ցնցումները կարող էին բնակչության եկամուտները նվազեցնել 20-30%-ով, եթե չլիներ կառավարության կողմից իրագործված քաղաքականությունը։
Հովիկ Աբրահամյանը նաև նշել էր, որ ՀՀ վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ։ «Ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ, այն է՝ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- նշել էր նա՝ ավելացնելով, որ այսպիսի փոփոխությունները կարող են հանդիսանալ տնտեսության նոր երկարաժամկետ ձևափոխության սկզբի նախանշաններ:
Վարչապետը տնտեսական ցուցանիշներին ևս մեկ անգամ անդրադարձավ 2 օր անց՝ օգոստոսի 4-ի կառավարության նիստում։ Առաջին կիսամյակի արդյունքները նա ներկայացրեց՝ որպես հաջողություններ։
Սակայն այս անգամ Հովիկ Աբրահամյանը մի բավական ուշագրավ հայտարարություն արեց, որն անուղղակի խոստովանություն է, որ աճի ցուցանիշները, մեծ հաշվով, ոչինչ չեն նշանակում։ «Ցավոք, վերջին մեկուկես տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում»,- ասաց նա:
Կարելի է ասել, որ սա քայլ առաջ է։ Այսինքն՝ կառավարությունը սկսել է ընդունել, որ կապ չունի՝ տնտեսական աճը 3% է, թե՞ 30%։ Շատ ավելի կարևոր է, որ հասարակությունը դա զգա։
Իսկ ի՞նչ է պետք անել՝ դրան հասնելու համար։ Վարչապետն այդ ամենի մասին էլ է խոսել՝ պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել տնտեսության մարտահրավերները և հետևողականորեն ու համակարգված չեզոքացնել դրանք: Պետք է մեծ ուշադրություն դարձնել ներքին գործարար միջավայրի բարելավմանը, կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս նվազեցմանը, նոր մրցակցային առավելությունների բացահայտմանը և զարգացմանը, ինչպես նաև հայկական ապրանքների՝ նոր շուկաների մուտք գործելուն նպաստելուն և առկա շուկաներում դիրքերի ամրապնդմանը:
Պետք է, պետք է, պետք է… Իհա՛րկե պետք է. բոլոր «պետք է»-ներն էլ կարևոր են։ Սակայն ամենակարևորը, որի մասին չխոսվեց, վստահության բացակայությունն է։
Այն ոչ թե ցածր է, այլ, կարելի է ասել՝ ընդհանրապես բացակայում է։ Ամենապարզ օրինակը՝ Ոստիկանության կողմից տարածված դիպուկահարի լուսանկարի ու դրան հաջորդած տեսանյութի շուրջ առաջացած բուռն քննարկումներն էին։ Հասարակության մի ստվար հատված ոչ միայն՝ չի հավատում Ոստիկանության հայտարարությանը, այլև համոզված է, որ այս պետական կառույցն ունակ է սուտը հիմնավորելու համար դիմել հատուկ համակարգչային ծրագրերի օգնությանը։
Հասարակությունը չի վստահում Ոստիկանությանը (վերը նշվածը անվստահության դրսևորումներից ընդամենը մեկն էր)։
Ու Ոստիկանության օրինակով՝ հասարակությունը չի վստահում պետական համակարգին, իշխանության բոլոր ճյուղերին։ Ցանկացած հայտարարություն, խոստում, ծրագիր կամ նախաձեռնություն ընկալվում է ոչ թե՝ կասկածով, այլ՝ համոզմունքով, որ դա արվում է՝ ի վնաս հասարակության։
Հասարակությունը չի վստահում նաև ընդդիմությանը, հատկապես՝ խորհրդարանական քաղաքական ուժերին։ Հասարակությունը չի վստահում լրատվամիջոցներին, փորձագետներին ու այլոց։ Ու վերջապես՝ անվստահություն ու ատելություն է տիրում հենց նույն հասարակության ներսում՝ նույն ճամբարի մարդկանց միջև։
Մի խոսքով, մենք ունենք վստահության լրջագույն դեֆիցիտ։ Վերջին իրադարձությունները պարզապես ավելի ակնհայտ դարձրին այդ խնդիրն ու ավելի սրեցին այդ դեֆիցիտը։
Իսկ առանց վստահության՝ միամտություն է հույս ունենալ, որ տնտեսական հարթության մեջ կարելի է հաջողություններ ունենալ։
Այս մասին է պետք մտածել։ Ավելի ճիշտ՝ այդ մասին վաղուց էր պետք մտածել, ու հատկապես՝ ապրիլյան պատերազմից հետո։ Իսկ այն, ինչ այսօր տեղի է ունենում, դժվար թե նպաստում է վստահության վերականգնմանը։ Ցավոք սրտի։