Պուտինի պատասխանն Էրդողանի շնորհակալությանը՝ Ղարաբաղ

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են ցանկացած պահի այցելել Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, և սպասում են կոնկրետ հրավերի»,- ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` այս մասին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` պատասխանելով Անկարա այցին վերաբերող հարցին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խորհրդակցությունների անցկացման նպատակով արդեն այցելել ենք Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների մայրաքաղաքներ: Մենք բարձր ենք գնահատում հնարավորությունը` կարծիքներ փոխանակել Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ, նրանց աջակցությունը՝ ուղղված ԼՂ բանակցային գործընթացում առաջընթացի հասնելուն և բռնության ռիսկերի նվազեցմանը»,- հայտնել է Ուորլիքը:

Ինչպես ասում են՝ տեղ հասանք։ Թուրքիան հասնում է իր նպատակին, որ հետապնդում էր տարիներ շարունակ՝ դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ։ Կամ մասնակից, անվանումն էական չէ։ Կարևորը՝ ներգրավված լինել բանակցային գործընթացում։ Թուրքիան հասնում է իր նպատակին՝ դրանից առաջ վերահաստատելով Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ բարեկամությունը։ Բացառված չէ անգամ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավվելը եղել է ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման պայմանը։ Թուրքիայի կողմից, բնականաբար։ Ռուսաստանն էլ՝ իր մասով, բավարարել է այն։

Ու պատահական չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի էքսցենտրիկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուս-թուրքական սիրախաղի ամենաբուռն օրերին հայտարարեց.

«Թուրքիայի, ինչպես նաև ցանկացած այլ պետության միանալը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, կախված է բանակցային գործընթացում տվյալ երկրի կառուցողական ներդրումից: Եթե պետությունն ինչ-որ դրական բան ունի հավելելու, ինձ թվում է՝ այստեղ չեն կարող ինչ-որ խնդիրներ լինել»։ Թուրքիան «ցանկացած երկիր» չէ, Թուրքիան հակամարտության կողմերից մեկի՝ Ադրբեջանի արյունակիցն է (ձևակերպումը Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներինն է)։ Ուստի, որևէ ձևաչափով, որևէ անվան տակ Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացում նշանակում է՝ դրանում Ադրբեջանի դիրքերի էական, սկզբունքային ամրապնդում։

Ու այս համատեքստում առավել քան վտանգավոր է Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը՝ Անկարա մեկնելու ու ղարաբաղյան հարցով Թուրքիայի իշխանությունների հետ քննարկումներ վարելու վերաբերյալ։ Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում Թուրքիայի ներգրավմանը դեմ չէ ու կողմ է ոչ միայն՝ Ռուսաստանը, այլև՝ ԵԱՀԿ Մինսկի արևմտյան համախագահությունը։ Դժվար է ասել։

Բայց մինչ հայտնի կդառնա այդ հարցի պատասխանը, արժե մտածել ու փորձել գտնել մեկ այլ՝ մեզ համար կարևոր ու ոչ միայն ղարաբաղյան հարցին վերաբերող հարցի պատասխան։ Ինչո՞ւ է աշխարհը, միջազգային հանրությունը հետևողականորեն, շարունակաբար երես թեքում Հայաստանից ու մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցում՝ ղարաբաղյան խնդրում, ըստ էության, հանդես գալիս ադրբեջանամետ դիրքերից։ Գուցե նաև, բայց ոչ թե նաև, այլ առավելապես ու հիմնավորապես՝ այն պատճառով, որ Հայաստանը նույնքան հետևողականորեն, նույնքան ջանասիրաբար երե՞ս է թեքել աշխարհից՝ հանդես գալով միայն ու բացառապես Ռուսաստանի շահերի սպասարկուի դիրքերից՝ այդ ճանապարհին բազմիցս ոտնահարելով նաև սեփական շահը։

Հնարավոր է՝ օգոստոսի 10-ին այս հարցերի պատասխանները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կփոխանցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վերջինիս՝ Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի շրջանակներում։ Կփոխանցի՝ փոխանցելուց առաջ արդեն ստացած լինելով Ադրբեջանի ու Իրանի նախագահների, ու ամենակարևորը՝ Թուրքիայի նախագահի դիրքորոշումը տարածաշրջանային բոլոր, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող հարցերի մասին։

Տեսանյութեր

Լրահոս