Հարձակում Լոնդոնում, կա զոհ և վիրավորներ
1 կին է մահացել և 5 մարդ ստացել են վնասվածքներ 19-ամյա երիտասարդի հարձակման հետևանքով, որը դանակով հարձակվել էր Լոնդոնի Ռասել-սքվեր հրապարակում գտնվող մարդկանց վրա: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին և կարևոր գործոն է համարում նրա հոգեկան վիճակը, սակայն չի բացառում նաև ահաբեկչությունը, հայտնում է BBC-ն:
Ոստիկանությունը ահազանգ էր ստացել այն մասին, որ անհայտ տղամարդը, դանակով զինված, հարձակվում է մարդկանց վրա:
Դեպքի վայրում հայտնաբերվել էր 6 վիրավոր, որոնցից մեկը` 60-ամյա մի կին, ավելի ուշ մահացել էր, մյուս տուժածները` 2 կին և 3 տղամարդ, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնել է Սքոթլանդ յարդը:
Դեռ չի հրապարակվել հարձակվողի ինքնությունը:
Տղամարդուն ձերբակալելու համար գործի է դրվել էլեկտրաշոկ: Ներկայումս նա հիվանդանոցում է` ոստիկանների հսկողության ներքո:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են կրիմինալիստները:
Հաղորդվում է, որ Լոնդոնի փողոցներում ավելի մեծ թվով ոստիկաններ կիրականացնեն պարեկային հսկողություն` ապահովելու լոնդոնցիների հանգստությունը: Քաղաքի իշխանությունները նման քայլերի են դիմել Եվրոպայում ծայրահեղականների հաճախակի դարձած հարձակումների հետևանքով, մասնավորապես Ֆրանսիայի Լազուրե ափում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Ավելի վաղ Լոնդոնի ոստիկանության ղեկավար, սըր Բեռնարդ Հոգան-Հոուն հայտնել էր, որ զինված ոստիկանները շուրջօրյա պարեկություն կանեն քաղաքի որոշ շրջաններում: Առաջին հերթին խոսքը զբոսաշրջային տեսարժան վայրերի և մարդկանց կուտակումների վայրերում: