«Իշխանությունն այս գործողություններով չի հաղթում». Մանվել Եղիազարյան
Մեր զրուցակիցն է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը
– Պարոն Եղիազարյան, «Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո իրավիճակը չի հանդարտվում, հակառակը՝ օրեցօր ավելի է սրվում, իրավապահները նորից ուժ են կիրառում քաղաքացիների հանդեպ: Ո՞րն է այս ամենի պատճառը:
– Մեր անկախության առաջին օրվանից ինչ ցանվել է, այսօր հնձվում է: Մենք, ինչպես աղավաղել ենք պատմությունը, ինչպես մարդկանց հալածել ենք, ինչպես մարդկանց վարկաբեկել ենք, արհեստական դեմքեր, պատկերներ ենք ստեղծել մեր շահերի համար, «մեր շահեր» ասելով՝ նկատի ունեմ տվյալ ժամանակաշրջանում գործող իշխանության համար, ստեղծել ենք արհեստական հերոսներ, արհեստական մտավորականներ, արհեստական մարմնավաճառներ, արհեստական տականքներ, և այդ ամբողջի արդյունքն այսօր ինքնաբուխ կերպով հայտնվեց մեր դեմ, և մեր պատմությունը դաժան նոր սև էջ սկսեց գրել իր ժողովրդի ճակատագրի համար: Այդ ամբողջ խնդիրը կայանում էր դրանում, որ մեր իշխանավորները՝ թե´ առաջին, թե´ երկրորդ, թե´ երրորդ, չկարողացան ստեղծել այնպիսի երկիր, որտեղ արժեքն իսկական մարդն էր, ոչ թե մայմունը: Հասկանո՞ւմ եք: Մենք կապկանոց դարձրեցինք և´ քաղաքական դաշտը, և´ ընդդիմադիր դաշտը, և´, կարելի է ասել, ուժային կառույցների մեծամասնությունը, իհարկե, բոլորին չէ, բայց մեծամասնությանը սարքեցին կապկանոց: Դրա համար այսպիսի փաստի առաջ ենք կանգնել:
– ՊՊԾ գունդը գրաված զինյալներն ասում են, որ չեն հանձնվելու, դրա համար բավականին սպառազինություն ունեն, իշխանությունն էլ զինյալների հանդեպ որդեգրել է «մաշեցնելու», նոսրացնելու քաղաքականություն, և օրեցօր 1-2-ին ոտքերից վիրավորում են, շարքից հանում: Ո՞ւր է տանում այս ամենը:
– Ես վախենում եմ ուրիշ բանից, որ սա ավելի մեծ ռեակցիա կտա, և ժողովուրդն ավելի մեծ ծավալով խառնվի այս աղմուկ-աղաղակին: Գիտե՞ք ինչ կա, ավելի լավ է մարդ մեկ անգամ ցավ զգա, հետո սկսի այդ ցավը մոռանալ, քան, եթե մարդ անընդհատ, 20 տարի շարունակ ծակոց ու ցավ է զգում, վերքը բաց է մնում: Դա ավելի վատ ռեակցիա է տալիս, մարդկանց հանում է հավասարակշռությունից: Դժվար է ասել, թե այս ամեն ինչն ինչով կվերջանա, բայց ես կարծում եմ՝ այս դեպքերով իշխանությունն ամեն դեպքում չի հաղթում: Նորից եմ կրկնում՝ իշխանությունն այս գործողություններով չի հաղթում: Ժողովրդի ստվար մասի համակրանքն այդ տղաների կողմն է:
– Պարոն Եղիազարյան, հասարակության մի հատված էլ կարծում է, որ արցախյան այս բարդ իրավիճակում չպետք է նման բան անեին:
– Արցախյան այս բարդ վիճակում չի կարելի մարդանց թալանել, չի կարելի մարդանց ստորացնել, ժողովրդին չի կարելի հալածել, ժողովրդին չի կարելի պարտադրել, որ մարդիկ բռնեն գաղթի ճամփան: Եթե դու պատերազմի մեջ ես, ինչպե՞ս ես քո ժողովրդին, այսպես սոված-ծարավ պահում: Սոված մարդու պատերազմը ո՞րն է: Ազատներն են պատերազմում, իսկ սովածը դա ստրուկ է: Մարդ կամ ստրկանում է, կամ չի ուզում ստրկանալ և լքում է հայրենիքը: Այնպես որ, չի կարելի այս դեպքերը կապել պատերազմի հետ և մեղադրել տղաներին: Եթե պատերազմի մեջ ենք, մենք պարտավոր ենք մեր երկիրն այնպես ամուր սարքել, հայ քաղաքացին պետք է իր գնահատականն ունենա, հայ քաղաքացին երկրում շրջելուց, ամեն մի քար տեսնելուց՝ պետք է զգա, որ դա իր մի մասնիկն է, իր երեխայի, թոռան համար կառուցվող:
Բայց հայ ժողովուրդը դա չի զգում, քանզի տարանջատված է ժողովուրդն իշխանություններից, և պետք չի ասել, որ մենք արդեն այն ժամանակ էինք սխալներ թույլ տալիս, որ աղքատությունը կազմում է 60-70%: Ի՞նչ է, մենք պատերազմի մե՞ջ չենք: Չորս կողմն ալան-թալան է, մեկը 700 մլն դոլար է գողացել, մյուսը՝ 800 մլն, էն մեկը՝ 200, և մենք պատերազմի մեջ չե՞նք: Հարց եմ տալիս՝ մենք պատերազմի մեջ չե՞նք: Ուրեմն՝ ամեն ինչ կապել պատերազմի հետ, ճիշտ չէ: Դրա համար, նորից եմ կրկնում, այս դեպքն ընդամենը ժողովրդին հալածելու, ժողովրդին ոչնչացնելու, ժողովրդի ազգային ոգին փշրելու, ժողովրդին սոված թողնելու հետևանքն է, այս վիճակը հենց դրա բացատրությունն է, որ այսօր ունենք: