Օբամա․ ԱՄՆ-ի նախագահի առաջիկա ընտրությունները սկզբունքային հարց է
Գոյություն չունի ոչ ոք, կին թե տղամարդ, ով կարողանար Հիլարի Քլինթոնից լավ է պաշտոնավարել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին, Դեմոկրատական կուսակցության համագումարին հայտարարել է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման․
«Երբեք չի եղել տղամարդ թե կին, ոչ ես, ոչ Բիլը, ոչ ոք ավելի լավ պատրաստված չէ, քան Հիլարի Քլինթոնը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ծառայելու համար»։
Օբամայի խոսքով, աշխատելով Քլինթոնի հետ, նա բազմաթիվ հնարավորություններ է ունեցել անձամբ ծանոթանալու Հիլարի Քլինթոնի անձնական հատկություններին․
«Անկախ նրանից, թե որքան ծանր է ուղին, անկախ նրանից, թե որքան են նրան փորձում հարվածներ հասցնել, նա երբեք կանգ չի առնում»։
Իր մեկ ժամանոց ելույթի ընթացքում գործող նախագահը հայտնել է նաեւ, որ Քլինթոնը հասկանում է միջազգային խնդիրներն ու մարտահրավերները․
«Այս ընտրապայքարում կա միայն մեկ թեկնածու, ով հավատում է Ամերիկայի ապագային, ով իր կյանքն է նվիրել այդ ապագային, մայր եւ տատիկ, ով պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի մեր երեխաները բարգավաճեն։ Դա Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ Հիլարի Քլինթոնն է»։
Համագումարի երրորդ օրը նախագահ Օբամայի ելույթից բացի նշանավորվել էր նաեւ Դեմոկրատական կուսակցության փակ էլեկտրոնային փոստի հրատարակման հետ կապված պատմության շարունակությամբ։ Մասնավորապես, Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչները բացահայտ հայտարարել էին, որ գաղտնի էլեկտրոնային փոստի հրապարակումը կազմակերպված էր Ռուսաստանի կողմից՝ հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին նախընտրական պայքարում աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Ի պատասխան մեղադրանքների, Թրամփը հայտարարել էր, որ այդ դեպքում լավ կլիներ՝ Ռուսաստանը հրապարակեր նաեւ Հիլարի Քլինթոնի անձնական փոստը՝ իր խոսքով, Հիլարիին ջրի երես հանելու նպատակով։ Թրամփը կողմնակիցներին խոստացավ, որ ամեն դեպքում նոյեմբերի 8-ի Միացյալ Նահանգների ընտրություններին հաղթելու է Հիլարի Քլինթոնին։
Ինքը Քլինթոնը համագումարում ելույթ է ունենալու այսօր կեսգիշերին։ Վերլուծաբանների խոսքով, իր ծրագրային ելույթում Հիլարի Քլինթոնը կարող է անդրադառնալ ԱՄՆ-ում տնտեսական շարունակական աճի ապահովմանը, զենք ձեռք բերելու եւ կրելու կանոնների խստացմանը եւ Միացյալ Նահանգների բազմազանության եւ միասնության ապահովման գաղափարին։ Քլինթոնը նաեւ անդրադառնալու է միջազգային խնդիրներին, որոնց կարգավորման մեջ, ի տարբերություն Թրամփի, Միացյալ Նահանգների համար Հիլարի Քլինթոնը զգալի դեր է նախատեսում։