«Ռուսաստանը կամաց-կամաց իր հսկողության տակ է վերցնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը». Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է՝ այն հայտարարությունները, թե Թուրքիան կարող է մասնակից դառնալ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, բավականին հեռու են իրականությունից: Այսօր հրավիրված ասուլիսում նա նշեց, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը միանշանակ հասկանալը ճիշտ չէ:
«Ուղղակի հարցը տրվել էր, ինքը չէր կարող բացառել, որ Թուրքիան կարող է մասնակից դառնալ ինչ-ինչ իրավիճակում, դրա համար և չբացառեց»,- ասաց Բ. Նավասարդյանը:
Ըստ նրա՝ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն ընդհանուր շահեր, այդ ընդհանուր շահերը կապված են նրա հետ, որ երկու երկրներն էլ այսօր լուրջ հակասություններ ունեն Արևմուտքի հետ.
«Էրդողանը շատ լավ հասկանում է, որ որքան նոր քայլեր կատարի, այդքան այդ քայլերը ջղայնացնելու են Արևմուտքին, մանավանդ՝ հեղաշրջման փորձից հետո: Կան կանխատեսումներ, որ տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև կարող է վերականգնվել, բայց դա քաղաքական ոլորտին չի վերաբերում: Ռուսաստանն այդ առումով ունի ընդհանուր շահեր Թուրքիայի հետ՝ պաշտպանվել Ռուսաստանի շուրջ տարածաշրջաններում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Արևմուտքի ազդեցությունից և ակտիվությունից»:
Ըստ Բ. Նավասարդյանի՝ Ռուսաստանը Հայաստանի ռեսուրսը՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի տարածքների, փորձում է օգտագործել իր նպատակների համար: Նրա կարծիքով՝ տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Ադրբեջանն ինչ-որ բան պետք է ստանա, իսկ այն, ինչ կարելի է Ադրբեջանին առանց մեծ կորուստների մատուցել, դա Ղարաբաղի որոշ տարածքների վերադարձն է.
«Բայց Հայաստանում մոտեցումը ծայրահեղական է, և ասել, թե Ռուսաստանը Հայաստանը վաճառում է Թուրքիային և Ադրբեջանին, այդպես չէ»:
Բ. Նավասարդյանի խոսքով՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանն այստեղ լինի և մնա՝ որպես խաղացող, բայց այնպիսի խաղացող, որը քայլեր է անում միայն Ռուսաստանի թելադրանքով.
«Այդ համատեքստում տեսնում ենք մեզ համար շատ տհաճ զարգացում՝ Ռուսաստանը կամաց-կամաց իր հսկողության տակ է վերցնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը»:
Բանախոսի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է բանաձև, ըստ որի, Հայաստանն ինչ-որ զիջումների պետք է գնա, փոխարենը՝ Ռուսաստանն իր վրա է վերցնում Հայաստանի անվտանգության համար պատասխանատվությունը.
«Թե որքանո՞վ է դա երկարատև հեռանկարում երաշխավորված՝ մենք չգիտենք, բայց առայժմ այդ բանաձևն է առաջարկում Հայաստանին, և դա է միակ պատճառը մեր ներքին շատ հակասությունների և լարված իրավիճակի»:
Հարցին, թե որքանո՞վ Հայաստանի հասարակությունը կարող է ազդել այդ գործընթացի վրա՝ Բ. Նավասարդյանը պատասխանեց, որ Հայաստանի վերջին զարգացումները հուշում են Ռուսաստանին, որ ցանկացած բողոք Հայաստանում կարելի է կանխել:
«Չեմ կարծում, որ այսօր Ռուսաստանի ղեկավարությունը կհավատա Հայաստանի իշխանություններին, եթե իրենք ասեն՝ մենք մեր հասարակության հետ ոչ մի բան չենք կարող անել, որովհետև, նախ՝ իրենք տեսնում են՝ ինչպես են իրենք իրենց երկրում բոլոր հարցերը հասարակության հետ լուծում, տեսնում են նաև՝ վերջին տարիներին ինչպես էր Հայաստանի իշխանությունը հասարակության հետ բոլոր հարցերը լուծում, այնպես որ, կարծում եմ, այդ խաղը, որի մասին շատ է խոսվում, որ ՀՀ իշխանություններն այս բողոքների միջոցով փորձում են համոզել Ռուսաստանին, թե այդ հարցը լուծվող հարց չէ, չեն հավատում Ռուսաստանում, ու ամեն դեպքում շարունակելու են ճնշումները մեր ղեկավարության վրա»,- նշեց Բ. Նավասարդյանը:
Այն հարցին, թե ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքի վրա զինված հարձակումը որքանո՞վ հետաձգեց Կազանի փաստաթղթի շուրջ քննարկումները, Բ. Նավասարդյանը պատասխանեց, որ այդ փաստաթուղթը երևի այնպիսի լուրջ փոփոխություներ է ապրել, որ արդեն լրիվ ուրիշ փաստաթուղթ է, որի շուրջ հիմա բանակցություններն ընթանում են: Ըստ նրա՝ պարզ է, որ, եթե ՀՀ ներքին քաղաքական կյանքում կա անորոշություն, ապա որևէ զարգացում այդ ուղղությամբ հիմա տեղի չի ունենում.
«Բայց դա չի նշանակում, որ երկարատև հեռանկարի առումով սա խանգարելու է Ռուսաստանին՝ իր պլանի իրականացման ուղղությամբ առաջ գնալ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: