Բաժիններ՝

«Իշխանությունը ցույց է տալիս, որ գնալու է մինչև վերջ». Էդուարդ Զորիկյան

Երգահան, հեղինակային երգերի կատարող Էդուարդ Զորիկյանի հետ զրուցել ենք Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների՝ «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունների և զարգացումների մասին:

– Պարոն Զորիկյան, վերջին օրերին Երևանում «Սասնա ծռեր» զինված գործողություններից հետո լարված վիճակ է ստեղծվել, ելքեր տեսնո՞ւմ եք:

– «Սասնա ծռերը» պետք է իրենց անելիքն իմանան՝ անեն: Այս պահին շատ բաներ անհասկանալի են: Երեկ գիշերվա՝ ոտքերին կրակոցները… բաներ կան, որ չես հասկանում: Եթե Պավլիկին կրակել էին, երեխայի վրա ինչո՞ւ էին կրակում: Եթե ոտքերին են կրակում, ուրեմն՝ դիպուկահար է աշխատել, չեմ կարծում, որ մեր ոստիկանները 100 մետրից կարող են ոտքից կրակել… Այսինքն՝ այնպիսի տպավորություն է, որ իշխանությունն իր ծրագիրը ունի ու քայլ առ քայլ իրականացնում է: Ի՞նչ են մտածում «Սասնա ծռերի» տղաները՝ ես չգիտեմ:

– «Սասնա ծռերի» տղաները և իշխանություններն ասում էին, որ պատրաստ են բանակցությունների, բայց այն ընդհատվեց, փոխզիջման այդպես էլ չգնացին: Ի՞նչ եք կարծում՝ պատճառը ո՞րն էր:

– Սիրող շախմատիստը, որ նոր է սովորել, միայն իր քայլերն է հաշվում, հակառակորդի քայլերը չի հաշվարկում: Նման քայլի գնացողը, կարծում եմ, չպետք է մտածեր, որ մենք այս քայլը կանենք, և մեզ հետ կբանակցեն: Գոնե մի քանի տարբերակ պետք է հաշվարկեին. եթե բանակցեն՝ մեկ, եթե՝ ոչ, ապա ի՞նչ ենք անելու, այսինչը ձեռնարկեցինք՝ պատասխանն ի՞նչ կարող է լինել… Այնպիսի տպավորություն է, որ այդ մի քանի քայլերը հաշվարկված չեն: Այսինքն՝ անել ինչ-որ քայլ, որը կառաջացնի համընդհանուր ժողովրդական բողոքի ալիք, բայց ես տեսնում եմ, որ նույնիսկ այդ քայլը չի արվում:

– Զինված խմբի կողմից բժիշկներին պատանդ վերցնելն այդ չհաշվարկված քայլերից մե՞կն էր:

– Անհասկանալին ինչ-որ բան է: Եթե հարցը պետք է լուծեին պատանդների միջոցով, ապա պատանդներ կային: Ասում էին՝ մենք պատանդ չենք վերցնում: Այսինքն՝ ընթացքում, պահի տակ է որոշվում՝ ինչ անել:

– Ժողովրդի փողոց դուրս գալն այս վիճակում որևէ բան կարո՞ղ է փոխել:

– Հանրությունը դուրս եկավ, բայց դուրս եկավ այն քանակով, ինչքանով փաստացի դուրս եկավ: Ակնկալել, որ ամբողջ Հայաստանում ինքնաբուխ ինչ-որ շարժում կսկսվեր, տարբեր տեղերում նմանատիպ քայլերի կգնային, ուրիշ միավորումներ կզինվեին, հեքիաթների շարքից է: Կարող էին նման զարգացումներ նախատեսվել, ենթադրվել, բայց փաստացի՝ եղավ այն, ինչ եղավ:

– Հանգուցալուծում ուրվագծվո՞ւմ է Ձեզ մոտ. ի՞նչ կլինի՝ Ձեր կարծիքով:

– Կարծում եմ՝ նման ինչ-որ պարագաներում տարբեր օրերին կվիրավորվեն, դուրս կբերվեն: Քանի որ տղաները հայտարարել էին, որ իրենք մահապարտ են, բացահայտ զգացվում է, որ իշխանությունը ոչ թե գնալու է ոչնչացնելու քայլին, որովհետև այդ դեպքում բողոքի ալիքն անհամեմատ կմեծանա: Իշխանությունը գնում է այն քայլին, որ կյանքը պաշտպանելով՝ շարքից հանում է տղաներին: Ի վերջո, իրենք հայտնվում են դրսում, իսկ հետագայում հայտնվելու են դատարաններում: Թե ինչ է լինելու, կարծում եմ, դուք էլ եք լավ պատկերացնում:

– Այդ դեպքում՝ արդյո՞ք ապստամբելու միակ ձևը զինված հարձակման դիմելն էր, թե՞ մեր երկրում մյուս տարբերակները չեն գործում:

– Այլ տարբերակների չգործելու հետևանքն է սա: Սա ու նմանատիպ քայլերը: Հեղափոխական ճանապարհը բռնում են այն ժամանակ, երբ այլ տարբերակ չկա: Բայց չեմ կարծում, որ հիմա այդ պահն էր, որովհետև, ինչպես տեսնում եք, բոլորովին այլ ուղղությամբ է գնում: Սահմանադրական ճանապարհը փակուղի է, որովհետև փաստացի ճանապարհներ չկան: Քայլ առ քայլ իշխանությունները պետք է իրավիճակը շտկեին, մանավանդ՝ քառօրյա պատերազմից հետո: Վերջին մի քանի օրը, երբ ուրիշ կեցվածք ընդունեցին իշխանությունները՝ իբրև պատրաստակամ են՝ ինչ-որ բան անելու, պետք է քայլ առ քայլ անեին ու այնպիսի բաներ անեին, որ ժողովուրդը բացահայտ տեսներ՝ խելքի են եկել: Եթե դա արվեր՝ «Սասնա ծռերն» այս քայլին չէին գնա:

– Եթե իշխանությունները քառօրյա պատերազմից դաս չքաղեցին, այս դեպքից հետո որևէ դաս կքաղե՞ն:

– Չեմ կարծում: Իշխանությունը ցույց է տալիս, որ ինքը գնալու է մինչև վերջ, և դրդում է «Սասնա ծռերին» ու նմանատիպ այլ կազմավորումներին, որ՝ դուք էլ պետք է մինչև վերջ գնաք: Այսինքն՝ ձեռնոց է նետում՝ մենք անելու ենք մինչև վերջ, ծրագրել ենք: Հիմա այդ ծրագրերը դրսում են ծնվում, թե այստեղ՝ էական չէ, փաստացի՝ իրենք դա են անելու:

– Այս իրավիճակը ժողովրդի մտածելակերպում որևէ բան կփոխի՞:

– Փաստացի պատերազմի մեջ ենք: Ցանկացած պահի քառօրյա պատերազմը կարող է կրկնվել, ու ավելի լայնածավալ ռազմական հարձակում կարող է լինել: Դա հետ է պահում և՛ ժողովրդին՝ ինչ-ինչ կտրուկ քայլերի դիմելուց, և՛ միաժամանակ՝ իշխանություններին թույլ է տալիս իրականացնել այն, ինչ իրականացնում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս