Բաժիններ՝

«Փորձնական առաջին բեռը Հնդկաստանից Ռուսաստան Իրանի ու Ադրբեջանի տարածքներով կհասցվի օգոստոսին». «Իրանական երկաթուղիներ»

«Իրանական երկաթուղիներ» ընկերության` միջազգային փոխադրումների և շահագործման հարցերով փոխնախագահ Հոսեին Աշուրին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում «Հյուսիս-հարավ» տարանցիկ միջանցքի զարգացմանը:

Նրա խոսքով` Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները յուրաքանչյուր ամիս հանդիպում են՝ քննարկելու «Հյուսիս-հարավ» միջանցքի նախագծի զարգացման հեռանկարները, և Բաքուն այդ նախագծում առանցքային դեր է կատարում:

«Թեհրանն ու Դելին նույնպես այս տարի երկու խորհրդակցություն են անցկացրել վերոնշյալ երթուղով Հնդկաստանի մասնակցությունը քննարկելու համար: Այսօր մենք կցանկանայինք յուրացնել տարանցման կոմբինացված համակարգը: Փորձնական առաջին բեռը Հնդկաստանից Ռուսաստան Իրանի ու Ադրբեջանի տարածքներով կհասցվի օգոստոսին: Բեռը կուղարկվի Հնդկաստանից Պարսից ծոցի Բենդեր Աբբասի նավահանգիստ, որտեղից էլ երկաթուղով տարանցմամբ կհասցվի Կազվին, այնուհետ` ավտոտրանսպորտով Իրանի սահմանակից ադրբեջանական Աստարա:

Վերջնական արդյունքում բեռը Ռուսաստան կհասցվի Ադրբեջանի երկաթուղով»,- ասել է Աշուրին:

Նրա խոսքով` այսօրվա դրությամբ մնացել է կառուցել միայն «Հյուսիս-հարավ» միջանցքի Ռեշտ-Աստարա երկաթուղային ճանապարհի հատվածը:
Սպասվում է, որ շինարարությունը կավարտվի 4-5 տարում:

Նրա խոսքով` երկաթուղային ճանապարհների ոլորտի զարգացման հարցը լինելու է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի` Բաքու կատարելիք այցի օրակարգում:
Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 8-ին Բաքվում:

Աշուրին ասել է, որ նախագահների հանդիպման ընթացքում բանակցությունների մի մասը, անկասկած, առնչվելու է նախորդ համաձայնագրերին, այդ թվում` երկաթուղային ճանապարհների միավորմանը:

«Հյուսիս-Հարավ» միջանցքի ավարտը Բաքվում բանակցությունների հիմնական հարցերից է: Իրանը շահագրգիռ է, որ նախագծի բոլոր հարցերը լուծվեն նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում»,- ասել է Աշուրին:

Նրա խոսքով` «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս կազմող «Կազվին-Ռեշտ-Աստարա» երկաթուղային ճանապարհի նախագիծը «Իրանի երկաթուղիների» համար առաջնային հարցերից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս