Բաժիններ՝

Թուրքիան Բաքվին զգուշացրել է ադրբեջանական բանակում գյուլենականներ լինելու հավանականության մասին

Թուրքիայում հուլիսի 15­ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո արդի իսլամի քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման դեմ որոշակի քայլեր արվեցին նաեւ Ադրբեջանում: Փակվեց «Կովկաս» համալսարանը, Գյուլենի հետ չհրապարակված հարցազրույցի համար դադարեցվեց ANS հեռուստաալիքի գործունեությունը: Այժմ էլ Անկարան սկսել է օրակարգ բերել Թուրքիայում գյուլենականների` ադրբեջանական բանակ եւս «թափանցած լինելու» հավանականության մասին պնդումներ:

Թուրք փորձագետ Մեթե Յարարը թուրքական superhaber.tv կայքում գրել է Ադրբեջանի բանակում Թուրքիայի զինված ուժերի կողմից անցկացված բազմաթիվ զինավարժանքների, ադրբեջանցի զինծառայողների` Թուրքիայի բարձրագույն ռազմական դպրոցներում կրթություն ստանալու հետ կապված Ադրբեջանում եւս գյուլենականների «պոտենցիալ վտանգ» հանդիսանալու մասին:

«Ադրբեջանցի ուսանող սպաներ կան Թուրքիայի ռազմական դպրոցներում եւ ակադեմիաներում, Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցներում էլ թուրքական բանակի բրիգադի հրամանատար, շտաբի ղեկավարի պաշտոններ զբաղեցնող թուրքական ԶՈւ­ի անձնակազմի դասախոսներ են աշխատում», ­հոդվածում նշել է Մեթե Յարարը:
Թուրք փորձագետն ասել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված ձերբակալված գյուլենականներն իրենց ցուցմունքներում խոստովանել են ռազմական դպրոցներ կազմակերպության անդամներ թափանցած լինելու մասին:

«Այդ տեսակետից` թուրքական ռազմական դպրոցներ թափանցած գյուլենականների վիրուսով կարող է վարակված լինել նաեւ Ադրբեջանի բանակը: Հնարավոր է` 90­ականների վերջերին թուրքական բանակում գյուլենականների կազմակերպության հետ կապված սպաների աճ եղած լինի նաեւ ադրբեջանական բանակում», ­գրում է թուրք փորձագետը եւ հարցնում. «Կարող է արդյոք Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման
փորձն իրականացվել նաեւ Ադրբեջանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս