«Ես առաջարկում եմ, խնդրում եմ այդ մարդկանց՝ ողջ և առողջ լքել գրավված գունդը ՝ ներողություն խնդրելով ողջ հայությունից». Նորատ Տեր-Գրիգորյանց

1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը խոր ցավ է ապրում՝ տեսնելով Հայաստանում առկա խնդիրները, սակայն չի ողջունում հարցեր լուծելու՝ «Սասնա ծռեր» խմբավորման ընտրած պայքարի միջոցները:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանում «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին՝ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ ՊՊԾ գնդի գրավումը մեծ սխալ է, դա ահաբեկչական ակտ է պետության, հայկական գործոնի, հայ ժողովրդի դեմ:

«Այդ անկարգությունը, որին նրանք դիմել են, սխալ է, հակաժողովրդավարական, հակասահմանադրական է: Իմ կարծիքն այն է, որ նման բաները կատեգորիկ կերպով վտանգավոր են հայ ժողովրդի համար: Հայաստանում Մայդանների ձևավորումն անցանկալի է, դա հայ ժողովրդի դեմ հանցագործություն է: Կարծում եմ, որ ՊՊԾ գունդը գրաված մարդիկ պետք է ինքնուրույն լքեն այդ տարածքը, ես միայն չեմ ասում, որ պետք է հանձնվեն, այլ ավելին՝ պետք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից՝ իրենց խուլիգանական գործողությունների համար:

Չնայած նրանցից ոմանք Ղարաբաղի ազատագրության մասնակիցներ են, ես ևս ազատագրող եմ, գուցե նաև ավելին, մենք ազատագրել ենք հայկական հողը, իսկ հակառակորդի նպատակը ոչ միայն՝ Ղարաբաղի գրավումն էր, այլև՝ հայ ժողովրդի վերացումը, հայերի տեղահանությունը, Զանգեզուրի միացումը Նախիջևանին, իսկ Նախիջևանի դիվիզիայի ուղղությունը՝ դեպի Երևան, սրանք Ալիևի նպատակներն էին, նրա ծրագիրը: Ուստի, այդ տղաներն իրենց թող հերոսներ չկարծեն, որ մասնակցել են, նրանք մասնակցել են, շնորհակալ եմ նրանց, նրանք իրենց հայրենիքն են պաշտպանել, իրենց մորն ու երեխաներին են պաշտպանել: Դրա համար հարգանք ու պատիվ նրանց, բայց դա չի նշանակում, որ այսօր նրանք կարող են թքել հայ ժողովրդի հոգու մեջ և անարգել հայերի արժանապատվությունը: Նրանք դրա իրավունքը չունեն»,- նման տեսակետ հայտնեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Վերջինիս խոսքով, իհարկե, ՀՀ իշխանություններն ու կառավարությունն ունեն իրենց թերությունները, բոլոր իշխանություններն ունեն այդպիսի թերություններ: Սակայն, նրա համոզմամբ, ով էլ որ լիներ ՀՀ նախագահը չէր կարող ղեկավարել այս երկիրն այնպես, ինչպես ղեկավարվում է այժմ:

«Ինչո՞ւ, որովհետև Հայաստանը պատերազմական իրավիճակում է, շրջափակման մեջ է, այս պայմաններում բոլորը միասնական պետք է լինեն, որպես բռունցք՝ օգնելով իշխանությանը, աշխատանքային միջավայր, աշխատատեղեր ստեղծելով, որպեսզի մարդիկ չհեռանան, կարողանան ապրել իրենց երկրում, իսկ նրանք «դանակահարում են» իշխանությանը, և դրա միջոցով՝ ժողովրդին: Դա հանցագործություն է, ես չեմ աջակցում նրանց և չեմ ողջունում նրանց գործողությունները»,- ասաց Տեր-Գրիգորյանցը:
Նա, այս օրերին խոսելով նաև իշխանության պահվածքից, իշխանության արձագանքը որակեց «համբերատար»:

«Ինքը՝ Սերժ Սարգսյանը, համբերում է, նա կարող էր, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, հրաման տալ՝ վերացնել, տապալել այդ շինությունը՝ այդ ահաբեկիչների հետ միասին, սակայն նա դա չի անում, նա ավելի գիտակցված անձնավորություն է: Շատ մարդիկ շատ բան են ցանկանում: Ես ևս ցանկանում եմ երկնքում լինել և ղեկավարել ողջ աշխարհը: Ժողովրդավարությունը ժողովրդավարություն է, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուրը, ով ինչ-որ բան է ցանկանում, պետք է հասնի դրան: Իսկ ես ցանկանում եմ, որ նրանք հեռանան այդտեղից:

Թող իմ պահանջները կատարեն: Իշխանությունը համբերատար սպասում է, քանի որ, եթե գործողություններ նախաձեռնվեն, ապա արյուն է թափվելու, իսկ յուրաքանչյուր հայի կյանք անգին է: Բայց պետք է հասկանալ, որ մենք շրջապատված ենք թշնամի հարևաններով, իսկ նման գործողություններով օգնում ենք մեր թշնամիներին, թուլացնում մեր մարտունակությունը, թուլացնում մեր պատրաստվածությունը, թուլացնում հայկական գործոնը, իսկ դա թշնամու ցանկությունն է:

Ուստի, ես առաջարկում եմ այդ մարդկանց, որոնք գրավել են, մտել այդ շենք, ներողություն խնդրել հայ ժողովրդից, ինձնից, մեր ողջ հայությունից և հեռանալ այնտեղից ողջ և առողջ: Ես ողջունում եմ նրանց, բայց խնդրում եմ դադարեցնել խուլիգանությունը, մենք դրա համար չենք պատերազմել, որպեսզի նման մարդիկ գրավեն շենքեր ու անարգեն հայ ժողովրդին: Մենք շատ արյուն ենք թափել և ազատագրել մեր հողը ցեղասպան թշնամիներից»,- նշեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Մեր դիտարկմանը, թե այդ մարդիկ երկրում խնդիրները լուծելու այլ ելք չեն գտել ու դիմել են խնդիրները լուծելու այդ եղանակին, գեներալն արձագանքեց հետևյալ կերպ.

«Այո, կան խնդիրներ, ողջ հայ ժողովուրդը գիտի, որ կան խնդիրներ: Դա հոգու ցավ է, իմ հոգու ցավն է: Երկիրը, որը շրջափակման մեջ է, շրջապատված է թշնամիներով, ներդրումներ չի կարողանում ներգրավել, երբ ներդրումներ չկան, չկան նաև աշխատատեղեր, ուստի մեզ անհրաժեշտ է խաղաղ, ճիշտ ապրելակերպ, պետք է այնպես անել, որ աշխատատեղեր ստեղծվեն: Բոլորը պետք է իրենց ներուժը ներդնեն, որպեսզի երկիրը բարգավաճի, այդ դեպքում երկրում նորմալ միջավայր կստեղծվի, իսկ եթե դա չի արվում, ինչպիսի նախագահ էլ որ լինի, չի կարող ղեկավարել այդ երկիրը: Պետք է պայմաններ ստեղծել, այդ դեպքում թերություններ էլ չեն լինի»:

Տեսանյութեր

Լրահոս