Բաժիններ՝

Հայաստանի ևս հինգ ավագ դպրոցներում սեպտեմբերի 1-ից կդասավանդվեն «Միկրոէլեկտրոնիկա», «ՏՏ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաները

Հայաստանի ևս 5 ավագ դպրոցներում սեպտեմբերի 1-ից կդասավանդվեն «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները: ՏՀՏ գործատուների անդամ կազմակերպությունների՝ անցած տարի իրականացրած աննախադեպ փորձնական ծրագիրը, արձանագրելով բարձր արդյունքներ, այս տարի ընդլայնվում է: Այս նպատակով այսօր Գյումրիում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Լևոն Մկրտրյանի, ՏՀՏ գործատուների միությունը՝ ի դեմս գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Հովիկ Մուսայելյանի և «Յունիքոմփ» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Արմեն Բալդրյանի, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ներդրման վերաբերյալ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնական գործընկերներն իրենց պրոֆեսիոնալ գործունեությամբ ոչ միայն նպաստում են ոլորտի զարգացմանը, այլ նաև դառնում բազային հենք՝ հատկապես կրթության համակարգի որակի բարձրացման համար:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այն որոշակի ոլորտներից է, որն իր հետ բերում է մուլտիպլիկացիայի էֆեկտ և ազդում մեր կրթության բոլոր օղակների վրա: Ըստ էության՝ արդյունքը տեսնում ենք և հանրակրթությունում, և բակալավրական ծրագրերում և մագիստրոսական կրթությունում: Վստահ եմ, որ մեր գործընկերների հետևողական աշխատանքի շնորհիվ այդ ազդեցությունն առաջիկայում կզգանք և գիտության, և բարձրագույն կրթությունից դեպի աշխատաշուկա ճանապարհին:

Մեզ համար խիստ կարևոր է այս համագործակցությունը և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, քանի որ, կրկնում եմ, իրենք որոշակիորեն հենք են ստեղծում՝ բնագիտական գիտությունների պահպանման և զարգացման ուղղությամբ:

Ցավոք, տեղեկատվական տեխնոլոգիաները դեռևս եզակի ուղղություններից է, որն ապահովված է աշխատաշուկայով: Բազմիցս առիթներ եմ ունեցել մտահոգություն հայտնել բնագիտական մյուս առարկաների` ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության խնդիրների առնչությամբ: Այստեղ ձևավորված դրական համագործակցության փորձն իր անդրադարձը կունենա նաև բավականին վտանգված՝ նշածս առարկաների ուղղությամբ: Փաստաթուղթը, որը ստորագրվել է, մեր հանձնառությունն է՝ այս ուղղությամբ աշխատանքը շարունակելու համար»,-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ համագործակցության առաջին փուլում` փորձնական ծրագրում, ընդգրկված են եղել խորացված ուսուցմամբ դպրոցները, իսկ ահա այս փուլում ծրագրին միանում են արդեն 5 ավագ դպրոցներ:

«Փաստորեն մասնագիտական խորացված դպրոցներից սահուն անցում է կատարվում դեպի սովորական ավագ դպրոցներ` որոշակիորեն նպաստելով կրթական համակարգի որակի բարձրացմանը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Նշենք, որ հուշագիրը նախատեսում է պետության և տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ընկերությունների միջև ռազմավարական համագործակցության շարունակություն՝ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով: Փոխընմբռնման հուշագրի նպատակն է՝ բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը, ինչպես նաև ներմուծել ընկերությունների՝ տեսական և գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը: Փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ապահովելու է հաստատություններում «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ներդրումը, ինչպես նաև մշակելու և հաստատելու նշված մասնագիտական առարկաների չափորոշիչները և ծրագրերը:

Փոխըմբռնման հուշագրով այս տարի նախատեսված է կրթական ծրագրերի իրականացումը ևս 5 ուսումնական հաստատությունում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, 198 և 102 ավագ դպրոցներ, ինչպես նաև ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոց և Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի «Ուսմունք» դպրոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս