Բաժիններ՝

Աշակերտի աչքը վնասած ուսուցչի գործը վերաքննիչ դատարանում է

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է 2014 թ. դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում աչքը և աչքի տեսողությունը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի իրավունքների պաշտպանությամբ:

Հիշեցնենք՝ դեպքի առթիվ նույն դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված արարք կատարելու համար:

2016 թ. ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հասմիկ Մարգարյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և վերջինիս նկատմամբ նշանակել է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատակի չափով տուգանքի տեսքով:

Մեսրոպ Խաչատրյանի ծնողները ամբողջ նախաքննության և դատաքննության ընթացքում պնդել են, որ ուսուցչուհու գործողությունները անզգուշության արդյունք չեն եղել, ուսուցչուհին դիտավորյալ է երկաթյա կախիչը հրել երեխայի ուղղությամբ, ինչի արդունքում էլ Մ. Խաչատրյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք՝ կորցնելով աչքի տեսողությունը, և որ քրեական գործը պետք է հարուցվեր դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար:

Սակայն այս փաստը նախ՝ վարույթն իրականացնող մարմնի, ապա դատարանի կողմից անտեսվել է: Ի վերջո՝ դատարանը գտել է, որ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար (այն էլ այն դեպքում, որ հնարավոր է, որ չվերականգնվի տեսողությունը) համարժեք պատիժ է 200.000 ՀՀ դրամ տուգանքի նշանակումը:

Համաձայն չլինելով առաջին ատյանի դատարանի որոշմանը՝ տուժող կողմը, հանձին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանի, ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում հայտնել է իր դիրքորոշումն այն մասին, որ գործով օբյեկտիվ քննություն չի իրականացրել, կողմերի ցուցմունքները գնահատվել են միակողմանիորեն, տուժող կողմի ցուցմունքները դատարանը չի գնահատել՝ դրանով տուժողին դուրս թողնելով քրեական գործի վարույթից:

Վերաքաննիչ քրեական դատարանում գործի քննության ընթացքում բարձրացվել է նաև այն հարցը, որ դպրոցի վարչակազմը, տնօրինությունը, ստանձնելով երեխայի առողջության և կյանքի իրավունքի պաշտպանությունը, որևէ պատասխանատվության չի ենթարկվել՝ ստանձնած պարտավորությունների խախտման համար: Քննության առարկա չի դարձել նաև այն հարցը, թե ինչու էր երկաթյա ծանր կախիչ դրված մի դասասենյակում, որտեղ սովորում են անչափահասներ, քանի որ դրանից վնասվածք ստանալու հավանականությունը մեծ է: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հաջորդ դատական նիստը նշանակված է 2016 թ. հուլիսի 27-ին՝ ժամը 15:00-ին:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս