«Ժամանակն աշխատում է իշխանությունների դեմ, յուրաքանչյուր ժամ, օր նոր խնդիրներ է հարուցում նրանց համար». Տրոֆիմչուկ

168.am-ի զրուցակիցն է ռուս միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը

– Պարոն Տրոֆիմչուկ, «Սասնա Ծռեր» խմբավորումը, որը հուլիսի 17-ին գրավել է ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդը, շարունակում է պահել ՀՀ ոստիկանության մի քանի աշխատակցի պատանդի կարգավիճակում, Երևանում բողոքի ակցիաներ են անցկացվում, ոմանք նրանց բնութագրում են հերոսներ, ոմանք՝ ահաբեկիչներ: Դուք ի՞նչ պատճառներ եք տեսնում տեղի ունեցող գործընթացներում, կան ներքի՞ն, թե՞ արտաքին պատճառներ: Այս զարգացումների և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների միջև կապ տեսնո՞ւմ եք, այսինքն՝ հնարավո՞ր է, որ նման զարգացումների միջոցով որևէ միջնորդ փորձում է լուծում պարտադրել հայկական կողմին, հատկապես, երբ վերջերս ակտիվ խոսակցություններ կան տարածքների վերադարձի մասին:

– Գլխավոր գործոններից մեկը, որը «Սասնա ծռեր» խմբավորմանը մղեց գրավել Ոստիկանության շենքն ու պատանդներ վերցնել, ապրիլյան պատերազմից և ժամանակավոր հրադադարից հետո ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի անհասկանալի զարգացումն է: Ինչպես հայտնի է, խմբի անդամները պատերազմել են Ղարաբաղում, և ներկայումս նրանք իրենց կողմնակիցների հետ որոշել են ակտիվացնել հարցը՝ հայտեր ներկայացնելով իշխանությանը:

Կոչ անելով, երկար չմտածելով, Հայաստանին միացնել Ղարաբաղը, ինչպես նաև պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, ով իբրև թե պատրաստվում է տրվել «ռուսական ճնշումներին» և տարածքների մի մասը հանձնել Ադրբեջանին: Կարծում եմ, որ հետագայում ահաբեկչական ակցիաների հետ կապված՝ խնդիրը խորանալու է, քանի որ հասարակությունը չի հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջ, և ամենակարևորը՝ ինչ սպասել վաղը: Իսկ անհայտությունը միշտ վախեցնում է: Ուղիղ կասեմ՝ իրադարձությունների նման զարգացումը Բաքվի օգտին է, քանի որ Բաքուն արդեն կարող է լիովին հիմնավորված հայտարարել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին միացել են ահաբեկիչները: Երևանում դեռ չկա այն լայն բողոքական ալիքը, որի հետ հույսեր էին կապել զավթիչները, սակայն նման ալիք կարող է բարձրանալ ցանկացած պահի: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ ու հստակ իշխանությունը կկարողանա լուծել առկա խնդիրը: Դեռևս ժամանակն իշխանության դեմ է աշխատում: Այդ մարդկանց հերոսացնում են նրանց կողմնակիցները, ում ներկայումս ձեռնտու է իրավիճակի մաքսիմալ լարումը: Նման բռնի ակցիաների շնորհիվ Ղարաբաղյան խաղաղ բանակցությունների ընթացքը միանշանակորեն բարդանում է: Այս ֆոնին պատերազմն ավելի իրատեսական է թվում:

– Մի շարք փորձագետներ խմբի գործողություններում տեսնում են կամ ռուսական, կամ արևմտյան հետք: Կա՞ արդյոք արտաքին գործոն:

– Ռուսական հետք այստեղ չկա, նույնիսկ անիմաստ է դա քննարկելը: Ռուսաստանին պետք չեն արմատականության բռնկումներ իր սահմաններին, նա դրանից վախենում է: Այնինչ պետք է հասկանալ նման վարկածների վտանգավորության աստիճանը, որն ամեն ահաբեկչությամբ, իրավիճակի ցանկացած լարմամբ գցում են հասարակական գիտակցության մեջ: Վաղ թե ուշ սա կարող է աշխատել:

Հիմարություն կլիներ նաև սրանում ուղիղ կերպով Արևմուտքին մեղադրելը: Բնականաբար, Արևմուտքին ձեռնտու է Հայաստանին դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց, հենց այդ պատճառով նման ակցիաներին նրանք մեծ ուշադրությամբ են հետևում՝ վերլուծելով հնարավոր հետևանքներն ու օգուտները: Եթե իրավիճակը խորանա, ապա այդ դեպքում արագորեն կգտնվեն հնարավորություններ օգնելու համար այն անձանց, ովքեր հանդես են գալիս ՀՀ իշխանությունների փոփոխության օգտին: Հենց այս պատճառով ՀՀ իշխանությունները պետք է շտապեն խնդրի լուծման հարցում:

Ավելի կարևոր գործոն, որն անուղղակիորեն ազդեց ահաբեկիչների գործողությունների վրա, դա Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձն էր, որը ոգեշնչեց, ինչպես ասում են, «ակտիվացրեց» հեղաշրջում ցանկացողներին ողջ աշխարհում: Ինչ-որ մեկին թվաց, որ հենց իր մոտ դա գուցեև հաջողվի: Եթե Թուրքիայում ոչինչ տեղի չունենար, ապա հայկական զարգացումներին ավելի պակաս ուշադրություն կդարձնեին: Այսինքն՝ «Սասնա ծռերին» դա մեծապես օգնեց:

 – Կարծիք կա, որ զարգացումները Երևանում, Անկարայում, Ալմա-Աթայում, նույնիսկ Նիսում պատահական չէին: Դուք կապ տեսնո՞ւմ եք այս զարգացումների միջև:

– Ոչ, նման կապ չկա: Պարզապես համընկավ, այս զարգացումները հաջորդեցին միմյանց, հերթականությամբ: Նման տրամաբանությամբ՝ նաև Աֆղանստանում ով Գերմանիայում մարդկանց էր կացնահարել, կարելի էր համարել Էրեբունի թաղամասի իրադարձությունների հետևորդ:

Ղարաբաղը և միայն Ղարաբաղն է հարուցում անկայունություն, դրան ավելացրած՝ «ապրիլն» ու այն պատերազմները, որոնք հեռվում չեն: Տեսականորեն, նման կապ կարող էր լինել, եթե ահաբեկիչները Ոստիկանության շենքում բացականչեին՝ «Ալլահ Աքբար»: Բայց նման բան չկա: Ինչ վերաբերում է Ալմա-Աթային ու Աքթոբին, ապա կապն այստեղ այսպիսին է՝ ԵՏՄ-ում ու Ռուսաստանի շուրջ ահաբեկչությունների շնորհիվ ավտոմատ կերպով ձևավորվում է անկայունության գոտի, և դա արդեն բավականին լուրջ է՝ նույնիսկ այն դեպքում, եթե այդ ահաբեկչությունները չունեն կապ մեկը մյուսի հետ:

– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է գործեն ՀՀ իշխանություններն այս իրավիճակում:

– Գլխավորը, ինչպես արդեն ասացի, չձգձգել որոշումը: Ժամանակն աշխատում է իշխանությունների դեմ, յուրաքանչյուր ժամ, օր նոր խնդիրներ է հարուցում: Անհրաժեշտ է տեղի ունեցողը որակել՝ որպես ահաբեկչություն, բայց այնպես, որպեսզի ողջ աշխարհը տեսնի, որ այդ բնութագրությունը բողոքարկման ենթակա չէ: Դեռևս դրսից դիտորդների մոտ այնպիսի զգացում է, որ իշխանությունն ամեն դեպքում այս բանդային համարում է քաղաքական ընդդիմության մաս: Հնարավոր է, որ նման գնահատականին խանգարում է բանդայի անդամների հերոսացումը: Կտրուկությունն անհրաժեշտ է արդեն այս դետալների հարցում, որպեսզի զգալի լինի իշխանության կտրուկ դիրքորոշումն այս ամենի նկատմամբ: Եթե չկան հնարավորություններ՝ օգտագործել հատուկ միջոցներ (գազ և նման բաներ), ապա պետք է այդ շինությունը վերցնել գրոհով՝ հաշվի առնելով այն, որ պատանդառված են ոչ թե կանայք և երեխաներ, այլ իրականում ռազմական մարդիկ. նրանք երդում են տվել հենց նման դեպքերի համար:

Տեսանյութեր

Լրահոս