Բաժիններ՝

«Ժիրայր Սէֆիլյանի համար բնավ պարտադիր չէ, որ «Սասնա ծռերի» պահանջները լինեն իշխանությունների հետ քննարկման թեման». Ալեք Ենիգոմշյան

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանը «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հետ զրույցում պատմել է հուլիսի 17-ին իշխանությունների, «Սասնա Ծռեր» զինված խմբավորման և Ժիրայր Սէֆիլյանի միջև սկսված բանակցությունների մասին:

-Երեկ բանակցություններ են սկսվել, որին մասնակցում էին Ժիրայր Սէֆիլյանը, «Սասնա ծռերի» ներկայացուցիչները, իշխանությունների ներկայացուցիչները և Դուք: Ի՞նչ նպատակ ունեին այդ հանդիպումները:

-Պարզ է, որ այս ստեծված իրավիճակից ամենալավագույն ձևով, խաղաղ ձևով դուրս գալու նպատակ էր հետապնդում: Հանդիպում եմ ունեցել Ժիրայր Սէֆիլյանի հետ և «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ, իշխանությունների պահով ձեռնպահ եմ մնում ասելուց: Ասեմ, որ նպատակը այս ճգնաժամային իրավիճակին խաղաղ ձևով վերջ տալն էր: Ժիրայր Սէֆիլանի անունից կարող եմ ասել, որ նրա համար կարևորը արյունահեղության բացառումն է, դրա համար նա տրամադրվածություն է  ներկայացնում քննարկել այս խնդիրը ներկա իշխանությունների, անգամ՝ ամենաբարձր ներկայացուցչի կամ ներկայացուցիչների հետ: Այդ «Սասնա ծռեր» խմբի նպատակները, որ հայտնել էին զորամաս մտնելուց, ներկա դրությամբ Ժիրայր Սէֆիլյանի համար բնավ պարտադիր չէ, որ այդ պահանջները լինեն:

-Պահանջները փոխե՞լ են «Սասնա ծռերը»:

-«Սասնա ծռերի» առումով չեմ կարող ասել, ինչ ասում էի՝ Ժիրայր Սէֆիլյանին էր վերաբերվում:

-Այսինքն՝ բանակցությունների ընթացքում նաև պահանջներն է քննարկվել, և Ժիրայր Սէֆիլյանը նոր պահանջնե՞ր է բերել:

-Չեմ ուզում լրիվ փակագծերը բացել՝ հասկանալի պատճառներով, որովհետև որքան էլ որ մեր քաղաքացիների ու ժողովրդի համար զարգացումներից տեղեկություն ունենալը կարևոր է, բայց հասկանալի է՝ սա քարոզչություն չէ, և այդ նկատառումից ելնելով՝ բոլոր փակագծերը չեմ ուզում բացել: Բայց, ինչպես ասացի, այս իրավիճակից դուրս գալու համար Ժիրայրը պատրաստ է հանդիպել, բանակցել, քննարկել և գտնում եմ  այդ քննարկումների թեման Ժիրայրը բացարձակապես չի համարում, օրինակի համար, Սերժ Սարգսյանի հեռացումը, և այլն՝ այդ պահանջները, որոնք դրվել էին խմբի կողմից:

-Իսկ իշխանության ներկայացուցիչներն ինչպե՞ս էին իրենց պահում:

-Կրկնում եմ, ճիշտ չի լինի իմ կողմից այդ մասին խոսելը, հույս ունեմ՝ երկուստեք     հնարավոր կլինի հանգել ողջամիտ լուծման:

-Դրանից հետո հանդիպել եք «Սասնա ծռերի» անդամների հետ, ինչպե՞ս էր այնտեղ իրավիճակը:

-Այնտեղ հանգիստ էր իրավիճակը, տղաները հանգիստ վիճակում էին, ես ընդհանուր մթնոլորտը փոխանցել եմ իրենց և հույս ունեմ, որ այս սկսված պրոցեսը իր դրական արդյունքին կհասնի: Նաև ասեմ, որ իմ՝ «Սասնա ծռերից» դուրս գալու պահին, այդ խումբը  ազատ արձակեց այնտեղ գտնվող ոստիկաններից ևս մեկին՝ որպես բարի կամքի դրսևորում՝ ցույց տալու համար, որ իրենք հակված չեն բախման գնալու: Ամեն ինչ պետք է անենք՝ արյունահեղությունից խուսափելու համար: Շատ ցավալի է, որ ոստիկանության գնդապետը զոհվեց, բայց  այստեղ խնդիրը միայն անհատների կյանքի խնդիր չէ, դա կա, բայց դրանից ավելի կարևորը մեր երկրում և արտաքին, և ներքին առումներով երկար ժամանակով շատ խոցելի իրավիճակ չստեղծելն է:

Մանրամասները՝ hetq.am-ի տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս