«Վստահ եմ՝ ինչ-որ բանակցություններ, եթե ոչ անմիջական, ապա միջնորդավորված, տեղի են ունենում». Գագիկ Ջհանգիրյան
«Տեղի ունեցածն, իհարկե, շատ վատ եմ գնահատում՝ հատկապես, երբ քաղաքական խնդիրները, քաղաքական պահանջները փորձում են լուծել ուժի միջոցով, բռնությամբ: Դա լինի իշխանությունը, թե ընդդիմությունը, թե սովորական քաղքացիները՝ վատ եմ գնահատում: Քաղաքական խնդիրները, քաղաքական պահանջները պետք է լուծել քաղաքական միջոցներով, եղանակներով, և ոչ թե՝ բռնությամբ կամ զենքով»,-168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» խմբավորման զինված անդամների կողմից վաղ առավոտից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը և ապստամբ գործողություններին, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ Զինվորական նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
168.am-ի հարցին՝ ՀՀ առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ասաց, որ ապստամբների պահանջը մեկն է՝ ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին, ինչն այս պահին, նրա խոսքով՝ հնարավոր չէ, մյուս կողմից՝ այս գործողությունների հեղինակները դա են պահանջում ու կարծես զիջելու ցանկություն չունեն, ի վերջո, ո՞րն է ելքը, ո՞ր կողմը պետք է զիջի, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Ես բանակցությունների բովանդակությունից տեղյակ չեմ, և չեմ կարող գուշակություններ անել, թե որ կողմը պետք է գնա զիջումների, և այլն: Ես կարծում եմ՝ ամեն ինչ պետք է արվի, որ այլևս զոհեր, վիրավորներ չլինեն: Այդ նպատակին հասնելու եղանակները շատ տարբեր կարող են լինել: Բայց ես կոնկրետ առաջարկություն կանեի կամ գնահատական կտայի, եթե տեղյակ լինեի բանակցությունների ընթացքից, սակայն, տեղյակ չեմ:
Ես չեմ կարող ասել՝ բանակցություններ կա՞ն, չկա՞ն, գուցե անմիջական չկան՝ միջնորդավորվա՞ծ են. ես տեղյակ չեմ: Չեմ կարծում, որ եթե 12 ժամ ոստիկանության որևէ տարածք գրավված է մի խմբի կողմից, սպանված է ոստիկանության գնդապետ, կան վիրավորներ և այլն, ու որևէ բանակցություն չի կատարվում, որևէ միջոցառում չի մշակվում և չի իրականացվում: Այդպես հնարավոր չէ: Վստահ եմ, որ ինչ-որ բանակցություններ, եթե ոչ անմիջական, ապա միջնորդավորված, տեղի են ունենում»:
168.am-ի դիտարկմանը՝ այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր ստանձնել բանակցություններ վարողի դերը, նա այսպես արձագանքեց. «Ես անուններ չտվեցի, ես տեղյակ չեմ: Չեմ կարծում, որ ձեր նշած անձնավորությունը այս իրավիճակում կարող է այդպիսի ֆունկցիա իրականացնել: Բանակցության համար հատուկ հմտություններ ունեցող մարդիկ են հարկավոր: Դա առևտուր չէ»:
Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ զինված խմբի անդամներն արդեն հեղված արյունը բավարար կհամարեն ու այնքան սթափ կլինեն, որ այդ արկածախնդրությունն այլևս չեն շարունակի, և նրա խոսքով՝ դրանով իրենց վիճակն էլ ավելի չեն ծանրացնի, հատուկ ծառայության աշխատակիցների և այլ քաղաքացիների կյանքի հետ չեն խաղա: