«Անընդունելի եմ համարում տարբեր տեսակի ահաբեկչությունները գաղափարական հիմքերով արդարացնելը, հերոսացնելը». Ռուբեն Բաբայան
«Ահաբեկչությունը, ուժային մեթոդները բոլոր պարագաներում ինձ համար դատապարտելի են և անընդունելի: Անընդունելի են, որովհետև միշտ արդյունքում զոհվում են անմեղ մարդիկ: Իրականությունը դա է: Հերոսացնել, տարբեր տեսակի ահաբեկչություններ գաղափարական հիմքերով արդարացնելը ևս անընդունելի եմ համարում: Ցանկացած ահաբեկչության տակ, ցավոք սրտի, միշտ էլ եղել է գաղափարախոսական կամ կրոնական հիմք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց մտավորական, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով Երևանում այսօր կատարվող զինված դեպքերին:
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտյան «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները, «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամները գրավել են Ոստիկանության Էրեբունու շրջանի գումարտակը, գերի են վերցրել բարձրաստիճան և շարքային ոստիկանների: Ըստ ԱԱԾ տվյալների՝ մեկ ոստիկան զոհվել է, երկուսը վիրավորվել են: Դեպի գումարտակ մոտեցող և առհասարակ Էրեբունի վարչական շրջան տանող ճանապարհները փակ են և հսկողության տակ են ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների կողմից: Զինված խմբավորման անդամները երկու պահանջ են ներկայացնում՝ իրենց մոտ տեղափոխել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող իրենց առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, որպեսզի նա վարի բանակցություններն իշխանությունների հետ, և մյուս պահանջը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է:
Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ երբ անցած տարվա նոյեմբերին Նորք Մարաշում բացահայտվեց հայտնի զինված խումբը (անկախ նրանից` որքանով էր դա համապատասխանում իրականությանը, որքանով` ոչ), ինքը կանխատեսում է արել, որը, ցավոք սրտի, արդարանում է:
«Եթե երկրում բարեփոխումներ տեղի չեն ունենում, եթե երկրում հնարավոր չի լինում խաղաղ, ժողովրդավարական ձևերով փոխել իրավիճակը, իշխանությունը, միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կդիմեն նման ծայրահեղական միջոցների: Եվ ոչ ոք ապահովագրված չէ: Ասեմ ավելին, կարծում եմ` արյունը, որ թափվել է, բոլորս մեղք ունենք, որովհետև մենք մտածում ենք, որ առաջին քայլը կամ ճանապարհը պետք է անցնի դիմացի կողմը, մենք անցնելու տեղ չունենք, որ մենք մեղք, որ սխալմունք չունենք, որ մենք անսխալական ենք… Հասարակությունը չի կարող այդպես գոյատևել, երբ ամեն մեկը համարում է, որ անսխալականն ինքն է: Կոմպրոմիսի, իրար հասկանալու, միասին գործ անելու վրա և ոչ թե ճնշման վրա է կառուցվում հասարակությունը: Եվ անկախ նրանից` ինչով կավարտվի այսօրվա պատմությունը, Աստված տա, որ այլևս ոչ զոհ լինի, ոչ արյուն թափվի: Իսկապես ցավակցում եմ այդ անմեղ զոհի համար. կյանքումս երբեք աղոթքներով չեմ առաջնորդվել, բայց իսկապես չեմ ուզում, որ գոնե մի կաթիլ արյուն թափվի: Պետք է հասկանալ, որ եթե մեր երկրում ոչ մի բան չփոխվի, վաղը, մյուս օրն այս պատմությունը կրկնվի շատ ավելի վատ ձևով: Սա ինձ համար միանշանակ անընդունելի է, բայց եթե անընդունելի ես համարում, ապա չի նշանակում, որ դա գոյություն չունի ու դրա վտանգը չկա: Չի կարելի աչքերը փակել նույնիսկ մեղքի, հանցագործության դիմաց, ասել` մենք սա չենք ընդունում, ուրեմն սա չի լինի:
Սա միշտ կլինի: Եվ այդտեղ կա մեր մեղքի մեծ բաժինը: Եվ առաջին հերթին`հենց մեր: Մեր ասելով` նկատի ունեմ մտավորականներին, որովհետև մենք բացարձակապես չենք աշխատում մեր հասարակության մեջ մարդկային արժեքներ մեջտեղ բերելու համար, մեղմել հակասությունները, կամուրջներ հաստատել: Մենք ընկնում ենք կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ և կարծես վախենում ենք: Եվ առաջին հերթին վախենում ենք ոչ թե իշխանությունից կամ ընդդիմությունից: Մենք վախենում ենք հասարակության մեծամասնության կարծիքից: Սա շատ վտանգավոր է: Չգիտեմ` ինչով կավարտի, բայց կարծում եմ`ամեն կողմ պետք է սթափություն դրսևորի և հասկանա, որ նման մեթոդներով ոչ մի հարց չի լուծվի: Պարզապես անմեղ մարդկանց արդյուն կթափվի և վերջ»,- ասաց նա: