««Աթաթուրքիստների» հեղաշրջման փորձի տապալումը կփակի Թուրքիայում ռազմական հեղաշրջումների պատմության էջը»․ Էդուարդ Աբրահամյան
168.am-ի զրուցակիցն է պ․գ․թ., Սևծովյան տարածաշրջանի անվտանգության, ՆԱՏՕ-ի ռազմավարության հարցերով փորձագետ, Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան էդուարդ Աբրահամյանը։
– Պարոն Աբրահամյան, ի՞նչ տեղի ունեցավ անցնող գիշեր Թուրքիայում և ինչո՞ւ, որո՞նք էին կատարվածի հիմնական պատճառները։
– Տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ, որն իրականացվում էր, ինչպես հայտարարվեց, մոտ 50 բարձրաստիճան և ոչ միայն բարձրաստիճան զինվորականների կողմից։ Նախկին հեղաշրջումները Թուրքիայում նախաձեռնվել են վերին զինվորական հրամանատարության կողմից։ Սակայն երեկվա հեղաշրջման իրականությունը կարծես թե բոլորովին այլ էր։ Բանակն ի սկզբանե պառակտված էր, ու ապստամբ զինվորականները պետք է ոչ միայն օպերատիվ կերպով զբաղեցնեին ու մեկուսացնեին երկրի քաղաքական վերնախավին, այլ նաև բարձրաստիճան մի շարք ազդեցիկ զինվորականների, ինչպիսին էր, օրինակ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Միանգամից աչքի է ընկնում հեղաշրջման նախաձեռնողների անհաստատակամությունը, հասարակությունից կտրվածությունն ու ընդհանրապես հեղաշրջումն իրականացնողների՝ հասարակության կամ արտաքին քաղաքական հարցերում մոտիվացիայի բացակայությունը։
Մյուս կողմից՝ նման պոռթկումն անսպասելի չէր։ Տնտեսական դժվարությունները, հասարակության հանդեպ վերահսկողական մեխանիզմների ուժեղացումն Էրդողանի իշխանության նկատմամբ բացասական նախապաշարմունք էր ձևավորում տարիներ շարունակ։ Բացի այդ, տարիներ շարունակ իշխող ԱԶԿ-ն, նրա քաղաքական վերնախավը թուլացնում էր զինվորականների սուբյեկտայնությունը Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ, անում էր դա նպատակասլաց կերպով։
Հիշենք թեկուզ Էրգենեկոն բարձրաստիճան զինվորականների ու ռազմական հետախուզության բարձրաստիճան սպաների խմբի ձերբակալության գործը կամ սահմանադրական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան՝ ի վնաս զինվորականության սուբյեկտայնության։ Պետք է մի շատ կարևոր հանգամանք հասկանալ այս հարցում։ Հեղաշրջման փորձը տեղի ունեցավ տնտեսության համար ճգնաժամային իրավիճակում, երկրի ներսում PKK-ի քրդերի հետ փաստացի պարտիզանական պատերազմի ֆոնի վրա, ՆԱՏՕ-ի Վարշավայի վեհաժողովից մեկ շաբաթ անց և Ռուսաստան-Թուրքիա մերձեցման նոր փուլի համատեքստում։
Միևնույն ժամանակ, չի կարելի հաշվի չառնել այն, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են հակասական մնալ, որը ճգնաժամային դառնալու միտումներ է ցուցաբերում՝ սկսած առնվազն 2003 թվականից։ Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում, ունենալով մեծ ռազմաքաղաքական ռեսուրս, այնուամենայնիվ, դարձել է կամ Թուրքիային դարձրել են բավականին պասիվ մի պետություն։ Էրդողանական Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար աստիճանաբար ձեռք է բերում «ոչ հուսալի դաշնակցի» կարգավիճակ։
Ավելին, ըստ արևմտյան փորձագետների, Պուտին-Էրդողան մերձեցումը կհանգեցնի նրան, որ Թուրքիան այս անգամ արդեն իսկ Բուլղարիայի հետ համատեղ կտապալի ՆԱՏՕ-ի Սևծովյան ծրագրերը։ Ավելին, Էրդողանական Թուրքիան ՆԱՏՕ-ի կողմից ծրագրվող գրեթե ոչ մի նշանակալից նախաձեռնությունների չի մասնակցում ոչ Արևելյան Եվրոպայում, ոչ Միջերկրական ծովում։ Բավականին պասիվ է, ի տարբերություն Իտալիայի, Հունաստանի կամ նույն Մեծ Բրիտանիայի՝ ՆԱՏՕ-ի Էգեյան օպերացիաներում։ Այսինքն՝ այս երկիրը՝ ունենալով խորացող հակասություններ իր դաշնակիցների հետ, այդ թվում նաև՝ Սիրիայի քրդերի հարցով, փաստացի հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ։
ԱԶԿ-ն հեռացրել է Թուրքիան Արևմուտքից և դարձրել ավելի իսլամիստական երկիր, ինչը չի կարող մտահոգություն չառաջացնել ԱՄՆ-ում։ Հետաքրքիր է, որ հեղաշրջման փորձի առաջին իսկ ժամերին ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես եկավ բավականին ընդհանրացնող հայտարարություններով՝ բավականին պասիվ կեցվածք որդեգրելով։ Միևնույն ժամանակ, Անկարայից սկսեցին հնչել մեղադրանքներ Էրդողանի քաղաքական օպոնենտ Ֆեթուլա Գյուլենի հասցեին, ով ապաստանել է ԱՄՆ-ում ու ավելի աշխարհիկ Թուրքիայի կողմնակիցն է։
Ուշադրության է արժանի, թե ինչ հայտարարեցին հեղաշրջման հեղինակ զինվորականները։ Նրանք ասացին, որ սա դեմոկրատիայի ու մարդու իրավունքների վերականգնման փորձ է, որ սա նսեմացված զինվորականների պատիվը բարձրացնելու փորձ է։ Այսինքն՝ աթաթուրքիստների թերևս վերջին փորձը՝ հետ բերել այն Թուրքիան, որը կար 1980-ականներին՝ ավելի աշխարհիկ։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե այս զինվորականները հաղթեին։ Դժվար է ասել։ Չի բացառվում, որ դրան հաջորդեր այն, ինչ, որպես կանոն, հաջորդում էր գրեթե ամեն զինված հեղաշրջման արդյունքում՝ 1960 թվականից սկսած. ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաիմաստավորում։ Սակայն այն ժամանակներն ու կազմակերպիչներն այլ էին, ուստի ներկայումս բարդ է կանխատեսումներ անել՝ հիմնվելով անցած նմանատիպ դեպքերի վրա։ Սակայն, եթե հեղաշրջման կազմակերպիչ զինվորականներն «աթաթուրքիստ» էին, ապա այս պարագայում հավանաբար կլիներ Թուրքիայի «վերադարձ» ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակիցների ակումբ, ինչն Էրդողանի ժամանակ չկար և չի լինելու։
– Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սպասվում հեղաշրջման այս տապալված փորձից հետո։
– Հեղաշրջման տապալմամբ, հավանաբար, կփակվի Թուրքիայում ռազմական ինստիտուտի հզոր ու սուվերեն սուբյեկտ հանդիսանալու ժամանակաշրջանը։ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ իր ռազմաքաղաքական հարաբերություններում ավանդապես հիմնվում էր հենց այդ՝ սուվերեն ինստիտուտի վրա։ Ուստի տապալելով հեղաշրջման այս փորձը՝ Էրդողանը, ըստ էության, վերջնականապես կվերացնի այդ զինվորականության սուբյեկտայնությունը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, ապա դրանք հավանաբար կմնան անինքնաբավ իներտության ու հակասականության շրջանակներում։ Սակայն չի բացառվում, որ Միացյալ Նահանգներն օգտագործի այս իրավիճակն ու փորձի ուժեղացնել վերահսկողությունը Թուրքիայի նկատմամբ այլ ռեսուրսների ու ռազմաքաղաքական գործիքների ձևավորման միջոցով։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատթարացման վտանգ կա, քանի որ Էրդողանն ու իր կողմնակիցները մեղադրում են Գյուլենին ու նրա կողմնակիցներին հեղաշրջման փորձի մեջ, իսկ այն երկրին, որը նրան ապաստան է տվել, «ոչ բարեկամական» են համարում։ Մեղադրանքներ միշտ են եղել քաղաքական օպոնենտի հասցեին, սակայն ներկայումս հնարավոր է, որ դրանք ավելի ակտիվորեն բարձրացվեն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համատեքստում։ Եթե տեղի ունենա այսպիսի շրջադարձ, ապա չի բացառվում, որ ԱՄՆ-ը ավելի հաճախ հիշեցնի Էրդողանին Թուրքիայի անվտանգության հարցերում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի որոշիչ դերակատարության մասին։ Այսպես կոչված, «աթաթուրքիստների» զինվորական հեղաշրջման փորձի տապալումը կարող է փակել Թուրքիայի ռազմական հեղաշրջումների պատմության էջը։
Համենայնդեպս, ապստամբությունը ներկայումս ճնշվում է այդ տրամաբանության շրջանակներում, որ հիմնովին քանդել է այն թուրքական ավանդական զինվորականության համակարգը, որը կարող էր ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնել կամ ազդել երկրի բարձրաստիճան ղեկավարության ներքին և արտաքին քաղաքական կուրսի վրա։ Քեմալական գաղափարների վրա կփորձեն դնել հիմնավոր վերջակետ, ինչը, սակայն, կարող է հանգեցնել թուրք հասարակության առավել արևմտամետ և եվրոպականացված սեգմենտի ապստամբությանը, որտեղ կրկին որոշիչ է լինելու ԱՄՆ-ի դիրքորոշումն ու այս ամեն ինչում մասնակցության մակարդակը։ Չնայած հեղաշրջման ճնշման արդյունավետ փորձերին, չի բացառվում, որ այն դեռ շարունակություն ունենա։
– Պարոն Աբրահամյան, Թուրքիայում ստեղծվող այս իրավիճակում հայկական դիվանագիտությունն ինչի՞ց պետք է զգուշանա ու ինչպե՞ս պետք է գործի։
– Հայաստանյան դրվանագիտությունը, ի տարբերություն Վրաստանի, Հունաստանի, Բուլղարիայի և այլ երկրների արտաքին գերատեսչությունների, օպերատիվություն չցուցաբերեց այս հարցում։ Այն մեկուսացված ու օտարացված է դրսևորում իրեն տարածաշրջանային կտրուկ իրադարձությունների ժամանակ։ Հայաստանյան դիվանագիտությունը պետք է որ սցենարներ ունենար, թե ինչպես կարող է գործել Հայաստանը՝ Թուրքիայում այս կամ այն նշանակալի իրադարձության դեպքում։ Խորը ու համապարփակ հետազոտություններ, վերլուծություններ պետք է լինեին, թե ինչ մարտահրավերների առջև կարող է Հայաստանը կանգնել, եթե, օրինակ, լինի ռազմական հեղաշրջում կամ երկրի տրոհում, և այլն։
Հայաստանը Թուրքիայի հետ բացակա հարաբերություններն առանց միջնորդների պարբերաբար խորհրդակցությունների մակարդակի հասցնելու այլընտրանքային հնարավորություններ պետք է ունենար։ Սակայն պետք է գիտակցել նաև, որ Հայաստանն ունակ չէ այլևս ինքնուրույն արտաքին քաղաքական նախաձեռնությունների, ուստիև հայաստանյան դիվանագիտության՝ իրականությունն օպերատիվ ու ճիշտ գնահատելու հնարավորություններ այս իրավիճակներում ես չեմ տեսնում։