«Ադրբեջանն ու Ռուսաստանը շարունակելու են համատեղ պատերազմը Հայաստանի դեմ»
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդգծվեց այն, որ Արևմուտքը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ, և Ռուսաստանից ու նրա գործողություններից շատ բան է կախված: Ինչքան հակասությունները Ռուսաստանի և Արևմուտքի մեջ քիչ լինեն, մեր խնդիրներն էլ քիչ կլինեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նա նշեց, որ Լավրովի այցը, նրա արտահայտություններն իր համար էլ հասկանալի չէին.
«Հատկապես այն արտահայտությունը, որ ավելի մոտ չենք եղել հարցի լուծմանը: Ես տեսնում եմ դրական լիցքեր, բայց, որ ամենամոտն ենք եղել, չեմ կարողանում հասկանալ՝ ինչի հետ է կապված այդ լավատեսությունը: Իմ կարծիքով՝ այդ հարցը դեռ չի լուծվելու, որովհետև Ադրբեջանն ու Հայաստանը հակադիր կողմերում են: Նախագահն էլ ասաց, որ ինչքան էլ գերտերությունները համոզեն կամ պարտադրեն, ղարաբաղցին չի ապրելու Ադրբեջանի կազմում, Ադրբեջանն էլ չի ուզում, որ Ղարաբաղն անկախ լինի»:
Լեռնիկ Ալեքսանյանը նաև նշեց, որ Ռուսաստանը միշտ իր շահերով է առաջնորդվել. «Պարտադիր չէ, որ մեր թշնամու հետ Ռուսաստանն էլ թշնամի լինի: Մենք ավելորդ ակնկալիքներ չպետք է ունենանք Ռուսաստանից: Հայաստանի շահերը, ընդհանուր առմամբ, համընկնում են ռուսական շահերի հետ՝ ռազմավարական առումով: Բայց պատմության մեջ եղել են ժամանակաշրջաններ, երբ մեր շահերը՝ համընկնելով Ռուսաստանի շահերի հետ, Ռուսաստանի շահերը համընկել են նաև մեր հակառակորդի շահերի հետ: Դա եղել է 1918թ., դրանից առաջ, դա այսօր էլ կա: Մեր հակառակորդների հետ Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական չեն, իսկ մեզ հետ հարաբերությունները, շահերի առումով, ռազմավարական են»:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ նշեց, որ Ռուսաստանի տեսանկյունը Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ համընկնում է Ադրբեջանի տեսանկյան հետ. «Նրանք կողմ են խնդրի ռազմական լուծմանը: Զենքի վաճառքի մասին հայտարարությունները նշանակում են, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը շարունակելու են համատեղ պատերազմը Հայաստանի դեմ»:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, քաղաքագետը նշեց, որ Ուելսի գագաթաժողովից հետո երկու տարի էր անցել, իսկ այդ ընթացքում Ռուսաստանը մտել էր Սիրիա, դարձել էր ավելի ագրեսիվ Ուկրաինայում, ապրիլի սկզբին հրահրել էր ղարաբաղյան կոնֆլիկտը. «Ռուսաստանը ցույց տվեց, որ իր հետ խաղաղ կացության ձևն անհնար է: Նա ցույց տվեց, որ խաղաղ ասելով՝ հասկանում է մի իրավիճակ, որտեղ իրեն պետք է թույլ տրվի գնալ շարունակական ագրեսիայի: ՆԱՏՕ-ի գագաթաժողովն այս ամենին հստակ արգելափակոց դրեց: ՆԱՏՕ-ն փորձեց իրեն ապահովագրել Ռուսաստանի հետագա ագրեսիայից, որին Ռուսաստանը տվեց ոչ բարոյական պատասխան: Այսինքն՝ տեսնում է միջազգային կայունություն ապահովելուն ուղղված ջանքեր ու հաջորդ օրը գնում է այնտեղ, որտեղ Արևմուտքն առավել թույլ է, և մտավ ղարաբաղյան հակամարտության հետագա խորացման քաղաքականության մեջ: Փաստորեն, Լավրովի հայտարարությունը, որ իրենք տեսնում են խնդրի լուծումը, այն է, ինչ լուծում որ Ադրբեջանն է տեսնում: Սա Ռուսաստանի ասիմետրիկ պատասխանն է ՆԱՏՕ-ի կողմից ձեռք առնված միջոցներին»:
Լեռնիկ Ալեքսանյանը, սակայն, համամիտ չէր. «Չեմ կարծում՝ Ռուսաստանին ձեռնտու է, որ պատերազմ լինի: Զենքի վաճառքը բացասական երևույթ է, բայց դա չի նշանակում, որ օգնում է Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ: Ռուսաստանը զենք է վաճառում տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու համար: Այսօր իրավիճակը թելադրում է, որ Ռուսաստանը չկանգնի անմիջապես Հայաստանի կողքին»:
Պատգամավորը նաև նշեց, որ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն իրեն շատ է դուր գալիս:
Աղասի Ենոքյանին, սակայն, դուր չի գալիս Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը. «Ես հենց այսօր կարդացի ռուս փորձագետների գնահատականները մեր տարածաշրջանում զենքի վերաբերյալ. մեր տարածաշրջանում հավասարակշռությունը մոտ 1:3, 1:4 խախտված է՝ հօգուտ Ադրբեջանի: Այսինքն՝ այստեղ բալանսը վերականգնելու մասին խոսք լինել չի կարող: Բալանսը խախտված է, որպեսզի լինի պատերազմ, և որպեսզի այդ պատերազմում Ադրբեջանը կարողանա հաղթել: Դա Ռուսաստանին պետք է շատ պարզ պատճառով, որ դրանից հետո մենք խնդրենք ռուսներին՝ բերեն իրենց զորքը կանգնեցնեն սահմանին: Պարոն Ալեքսանյանը ճիշտ է ասում. նրանք իրենց շահերից ելնելով՝ քաղաքականություն են վարում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: