
Հայաստանի տարածքում մեկ շաբաթում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՍՊԾ դիտացանցը հուլիսի 7-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ադրբեջանին (Նախիջևան) հարակից գոտում գրանցել է 3 բալ ուժգնությամբ (2.6 մագնիտուդ) երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Քաջարան քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Այս մասին տեղեկացրին ՍՊԾ դիտացանցից:
Տարածաշրջանում 6-7 բալ ուժգնությամբ (4.7 մագնիտուդ) երկրաշարժ է գրանցվել հուլիսի 12-ին՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, գյուղ Բավրայից 13 կմ դեպի հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հայաստանի հյուսիսային հատվածում, մասնավորապես Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Գյումրիում՝ 3-4 բալ, նաև մայրաքաղաք Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Հուլիսի 10-ին Տոնգայի ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժն ունեցել է 6.0 մագնիտուդ: Հաջորդ օրը 6.3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Էկվադորում, որի էպիկենտրոնը գտնվում է Ռոսա Սարատե քաղաքից 32 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հուլիսի 13-ին նույն մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Նոր Զելանդիայի Ռաուլ կղզուց 200 կմ հեռավորության վրա: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: