Ռուսաստանն ու Ադրբեջանը Հայաստանին և Արևմուտքին պատերազմ են պարտադրում
Փարիզում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հակամարտող կողմերի դիրքորոշումները բարձր մակարդակով հստակեցվեցին։
Թեև Բաքու մեկնած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ կողմերը մոտ են հակամարտության կարգավորմանը, ինչպես երբևէ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրա նախօրեին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի ստանա անկախություն, ավելին, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնվելու է։
«Բոլոր միջնորդները համամիտ են, որպեսզի հակամարտությունը կարգավորվի փուլային տարբերակով։ Լեռնային Ղարաբաղը երբեք չի ստանա անկախություն, Ադրբեջանի տարածքում չի ստեղծվի երկրորդ հայկական պետականություն։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, ստատուս-քվոն պետք է փոփոխվի, օկուպացված տարածքները պետք է ազատագրվեն և այնտեղ վերադառնա ադրբեջանական բնակչություն»,- կարգավորման ադրբեջանական տարբերակն է ներկայացրել Ալիևը։
Իր հերթին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաարաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն անվտանգ կարող է ապրել բացառապես Ադրբեջանի կազմից դուրս, ընդգծելով, որ որպես Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր` Հայաստանի համար սա եղել և մնում է ամենակարևոր հարցերից մեկը։ «Իսկ այդ անվտանգությունը կարող է ապահովվել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս։ Որևէ մեկի համար հիմա կասկած չկա` եթե ինչ-որ մի չար կատակով գոնե մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա։
Այնպես որ, ամենակարևորը նա է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից` սա է կարևորը»,- ընդգծել է Հայաստանի նախագահը։ Շարունակելով հակամարտության թեման, նա ասել է, թե կարգավիճակի հարցում վերջնական որոշում կայացնողը լինելու է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը` ելնելով ազգերի ինքնորոշման ու ազատ կամարտահայտության իրավունքի սկզբունքից, ու Ադրբեջանը պարտավոր կլինի հարգել այդ որոշումը: «Անշուշտ, առաջին հերթին` կամքը Լեռնային Ղարաբաղում ապրողներինն է, թե նրանք ինչպիսի կարգավիճակում կուզենան ապրել` լինեն անկախ պետությո՞ւն, թե՞ միացած լինեն Հայաստանի Հանրապետությանը։ Ինձ համար ամենից կարևորը նա է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովված լինի, որպեսզի նրանք կարողանան ապրել իրենց պատմական հայրենիքում այնքան, ինչքան այս աշխարհը գոյություն կունենա»։
«168 Ժամի» հետ զրույցում Ռուսաստանի «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը գնահատելով Լավրովի դիտարկումները` ասաց, որ նման հայտարարությունները դիվանագիտական էթիկետի, բանակցային գործընթացի մի մասն են կազմում։ Ըստ նրա` նման գնահատականներ նախկինում ևս հնչել են, կհնչեն, ինչը բնական է։ «Ինչպես հայտնի է, դեռևս ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ վերջին դետալը։ Այդ դետալն այս դեպքում համաձայնեցված չէ։ Կողմերի` Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի, դիրքորոշումները մնում են հակադրության մեջ։ Մասնավորապես, որքանով ես եմ հասկանում, հայկական կողմը կատեգորիկ կերպով դեմ է, հայկական կողմին ձեռնտու չէ ադրբեջանական կողմի ձևակերպումն այն մասին, որ ԼՂ-ն կարող է ինքնորոշվել միայն Ադրբեջանի կազմում։
Ահա մի շարք տարաձայնություններից մեկը և գլխավորը։ Դեռևս չեմ տեսնում հնարավորություն դրանց հարթեցման համար բանակցային գործընթացի շրջանակում։ Ամեն դեպքում, կարծիքների փոխանակումը, նախագահների, ԱԳ նախարարների հանդիպումները մշտապես օգտակար են»,- ասաց Արեշևը։ Անդրադառնալով Փարիզում սպասվելիք հանդիպման հնարավոր արդյունքներին և կանխատեսումներին, թե Փարիզում գուցե հաջողություն արձանագրվի վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցում, ասաց, որ շփման գծում վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցը կախված է մի շարք բաղադրիչներից, սկսած ֆինանսականից մինչև աշխարհաքաղաքական գործոններ։ «Որքանով ես եմ հասկանում, դրանք ամբողջ ծավալով համաձայնեցված չեն, ուստի ասել, թե դրանք կհամաձայնեցվեն տեսանելի ապագայում, այդ թվում` սպասվող Փարիզյան բանակցությունների շրջանակում, դժվար է։
Բանակցային փուլեր բավականին շատ են եղել, ուստի, ինչպես մենք ենք հասկանում, դրանք որոշակի օգուտներ տվել են առաջին հերթին` այն պատճառով, որ կողմերը բանակցել են միմյանց հետ։ Այնինչ մենք գիտենք, որ, ինչպես փորձն է ցույց տվել, այս կամ այն քաղաքական-դիվանագիտական ակցիաները և շփումները նախագահների միջև զուգորդվում են ԼՂ գոտում ռազմական գործողություններով, սադրանքներով, ինչը, իհարկե, կողմերին ավելի է հեռացնում փոխընդունելի պայմանավորվածություններից։ Այնպես որ, ես դեռ չեմ տեսնում նախանշաններ, որոնք թույլ կտային կոտրել այս սցենարը ու հաջողություն գրանցել Փարիզյան հանդիպման ընթացքում»,- նման տեսակետ հայտնեց Արեշևը։
Նա գտնում է, որ, ցավոք սրտի, ռազմական բախումների վտանգը բավականին բարձր է։
«Մենք դա տեսել ենք ապրիլի սկզբին տեղի ունեցած իրադարձություններով 2016թ., ինձ թվում է, որ կողմերի միջև ռազմատեխնիկական հավասարակշռության վերականգնումն ամենալավ բաղադրատոմսն է այս փուլում ռազմական բախումների էսկալացիայից։ Որքանով ես եմ հասկանում հայկական կողմի գործողությունները, այդ թվում` ՀՀ ՊՆ-ում կադրային փոփոխությունները, վերադասավորումները, ապրիլյան պատերազմի սխալների վերացման աշխատանքը մեծ ծավալով առաջ է մղվում»,- նշեց Արեշևը։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ռուս-ադրբեջանական հայտարարություններն ամենևին էլ դիվանագիտական պարտադիր պայման չի համարում։ Նա կարծում է, որ այս ամենի ետևում այլ ծրագրեր ու ցանկություններ են նշմարվում։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ՌԴ ԱԳ նախարարի և Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ցույց են տալիս, որ երկու երկրները նկատի ունեն ԼՂ հակամարտության գոտում խաղաղության ռուսական սցենարը, որը նրանք պետք է պարտադրեն տարածաշրջանին։
Ըստ Ենոքյանի, նրանք ենթադրում են, որ կկարողանան միայնակ լուծել ԼՂ հակամարտությունը` առանց հաշվի առնելու համաշխարհային հանրությանը, ստանալով խաղաղությունն այնպես, ինչպես իրենք են պատկերացնում։ «Ես կարծում եմ, որ դա ավելորդ լավատեսություն է իրենց կողմից, որովհետև Ռուսաստանին թույլ չի տրվի պարտադրել կարգավորման իր մոդելը, այսինքն` Ադրբեջանի հետ մտնել առևտրի մեջ և, փաստորեն, Ղարաբաղի անկախությունը չճանաչելու, նոր պատերազմ սկսելու գնով այստեղ տեղակայել ռուսական զորք»,- նկատեց Աղասի Ենոքյանը։
Նրա համոզմամբ, դա Ռուսաստանին և Ադրբեջանին թույլ չի տա Արևմուտքը, և առաջիկայում սպասվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Մոսկվա նաև այդ խնդիրն է շոշափելու։ «Ռուսները, փաստորեն, արագացնելով և ինտենսիվացնելով Ադրբեջանի հետ շփումները, փորձում են հակամարտությունը տանել միակողմանի լուծման, իսկ Քերիի այցի ամբողջ իմաստը պետք է լինի ռուսական զուգահեռ գործընթացը վերադարձնել ԵԱՀԿ շրջանակներում լուծումների»,- նշեց փորձագետը։
Հարցին, թե ինչ պետք է սպասել Փարիզում սպասվող նախագահական հանդիպումից` Աղասի Ենոքյանն ասաց, որ Ադրբեջանը շատ մեծ վերապահումներ ունի վերահսկողական մեխանիզմների վերաբերյալ, և, եթե հնարավոր լինի այնտեղ որոշակի առաջընթաց գրանցել, դա մեծ ձեռքբերում կլինի, որովհետև այդ մեխանիզմները նշանակում են պատերազմի չվերսկսում, ցանկություն, որ այն չի վերսկսվի։ «Մինչդեռ ռուսները, որ հայտարարում են, որ Ադրբեջանին կրկին զենք են վաճառում, ցույց են տալիս, որ իրենք և Ադրբեջանն այլ կարծիքի են, նրանք կարծում են, որ խնդիրը պետք է փորձել լուծել պատերազմով։
Կարծում եմ, որ Փարիզում առաջընթաց սպասվում է, հանդիպումը Փարիզում ինքնին առաջընթաց է, որովհետև այս հանդիպումների շնորհիվ է, որ պահպանվում է այս խաղաղությունը։ Մենք տեսել ենք փոքր առաջընթացներ, դա այն է, որ Ադրբեջանը Սանկտ Պետերբուրգում ընդունեց Կասպրչիկի գրասենյակի ընդլայնման հնարավորությունը, ինչը վերահսկողական մեխանիզմի մեկ փոքր քայլն էր։ Կարծում եմ` նման քայլեր հնարավոր է և լինեն Փարիզում»,- ասաց Ենոքյանը։