Բաժիններ՝

«Ոսկե ծիրան». կին ռեժիսորներն ու անձի միայնությունը

Արդեն 4-րդ օրն է, ինչ Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում, որի ժյուրիի նախագահը մաեստրո Տիգրան Մանսուրյանն է, ընդգրկված է 12 ժապավեն:
Մրցութային խաղարկային ֆիլմերի առաջին հատվածում, կարելի է ասել, բացահայտ ֆավորիտ չհայտնաբերվեց:

Ռուսաստանը մրցույթում ընդգրկված է մեկ ժապավենով: Ռեժիսոր Ալեքսանդր Կոտտը ներկայացրել է «Ինսայթ» դրաման: Դժբախտ պատահարի հետևանքով երիտասարդ Զուևն ամբողջովին կուրանում է: Մինչ այդ էլ միայնակ տղամարդը գտնվում է հոգեկան անկման եզրին, երբ պատահաբար հայտնվում է հիվանդանոցի աշխատակցուհին՝ Նադեժդան: Նա ապրելու հույս է տալիս կույր տղամարդուն: Սակայն իրականում հենց Զուևի միջոցով է Նադեժդան փորձում վերագտնել ինքն իրեն:

Սեփական անձի հետ պայքար է մղում նաև հոլանդացի երիտասարդ ռեժիսոր Դավիդ Վերբեքի «Սերտ շփում» ֆիլմի հերոսը՝ Իվանը: Նա հեռակառավարվող անօդաչու ինքնաթիռով պատահաբար դպրոց է ռմբակոծել: Իր զոհերին չի տեսել, սակայն սկսում է համացանցով փնտրել նրանց, իսկ վերջիններս հետևում են Իվանին իր մտքերում: Իր դեմ չարացած՝ նա միայն մի բան է ցանկանում. «Ինձ պետք չի, որ Աստված ինձ ների, ես ուզում կյանքս նորից սկսել…»:

Երիտասարդ ֆրանսուհի Միա Հանսեն-Լյովեի «Գալիք» դրամայի հերոսուհի Նատալին, ում մարմնավորել է Իզաբել Հյուպերը, փիլիսոփայություն է դասավանդում: Ակտիվորեն շփվում է ներկա և նախկին ուսանողների հետ, ամուսնացած է, ունի երեխաներ, մայրը տառապում է ընկճախտով և նույնիսկ գիշերները նրա կարիքն ունի: Բայց հանկարծ այդ ամենը վերջանում է. ամուսինը հայտնում է, որ սիրուհի ունի և տեղափոխվում է նրա մոտ, մայրը մահանում է, երեխաներն ապրում են իրենց կյանքով: Ի՞նչ անել այս տարիքում, ինչպե՞ս վերադասավորվել կյանքում և գտնել նոր երջանկություն:

Կանացի կերպարներ են նկարագրված նաև մեկ այլ կին ռեժիսորի՝ թուրք Ահու Օզթյուրքի «Փոշու շոր» ժապավենում: Սա սոցիալական դրամա է երկու հավաքարար կանանց մասին: Երկուսն էլ ֆինանսական խնդիրներ ու չիրականացված երազանքներ ունեն: Սակայն մի կինն ավելի ուժեղ է գտնվում և կարողանում պահպանել իր ընտանիքը, իսկ մյուսը կորցնում է ամեն ինչ:

Շատ հետաքրիր և յուրօրինակ գործ է ռեժիսոր և լուսանկարիչ Պիտեր – Յան Դը Պյուի մինչ այժմ նկարահանած միակ ժապավենը՝ «Լուսավորյալների երկիրը»: Այն խաղարկային և վավերագրական կինոյի գեղեցիկ և խառը միահյուսում է, նկարագրում է Աֆղանստանի ողջ գեղեցկությունն ու դաժանությունը: Այդ երկիրը դիտարկում է որպես Աստծո ստեղծած մի հողակտոր, որը դարեր շարունակ այդպես էլ չի գտել իր «արքային», բայց խնդիր ունի այն նոր սերունդներին հանձնելու:

Բավական ուժեղ գործ է ներկայացրել բուլղարացի կին ռեժիսոր Իգլիկա Տրիֆոնովան: Նրա «Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին» դրամայում երկու պատվախնդիր փաստաբաններ հանդիպում են ռազմական հանցանքների համար մեղադրվող Միլոռադ Կրստիչի՝ բոսնիական պատերազմի հրամանատարի դատավարությանը: Սակայն իրենց կարիերայի ճանապարհին նրանք պատրաստ են անտեսել մարդկային կյանքը, արժեքները: Ֆիլմում նկարագրվում է նաև ժամանակակից եվրոպացու կերպարը՝ միայնակ, քաղաքավարի, զուսպ, բայց նաև՝ ձանձրալի ու դաժան:

ԹՈՄՍՈՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս