Հանձն(վ)ող Հայաստան

«Պետք է պատրաստվենք արժանապատիվ խաղաղության», «Խաղաղության հասնելու համար փոխզիջումն այլընտրանք չունի», «Տարածքներ չզիջելու այլընտրանքը պատերազմն է»… Հատկապես վերջին շաբաթներին նման բովանդակությամբ արտահայտություններ են հնչում ՀՀԿ-ական զանազան պատգամավորների շուրթերից, ավելի շատ՝ Ղարաբաղյան պատերազմի ու ընդհանրապես բանակի հետ կապ չունեցողների, քան նրանց, ովքեր գոնե ինչ-որ առնչություն են ունեցել Արցախյան ազատամարտի հետ: Հասկանալի է՝ սրանք ոչ թե ինքնաբուխ հայտարարություններ կամ դատողություններ են, այլ հանձնարարվել է՝ խոսել «արժանապատիվ խաղաղության» մասին: Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը կարծես թե հասել է ինչ-որ հանգրվանի, որում, հնարավոր է՝ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի: Փաստաթուղթ, որը նախատեսելու է ազատագրված տարածքների վերադարձ:
Ինչի՞ դիմաց:

Այս՝ ամենակարևոր ու կենսական հարցի պատասխանն անհայտ է: Անհայտ է ոչ միայն «արժանապատիվ խաղաղության» մասին ճամարտակողների, այլ անգամ նրանց հանձնարարողների համար: Քանի որ միակ հայտնի տեղեկությունն այս հարցի վերաբերյալ այն է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2011 թվականին պատրաստ է եղել ստորագրել մի փաստաթուղթ, որը տարածքների վերադարձ է նախատեսում: Ընդ որում՝ անորոշ ապագայի դիմաց:

Հայտնի է, որովհետև այդ մասին ասել է ինքը՝ այն փաստաթղթի վերաբերյալ, որը պատրաստ է եղել ստորագրել: «Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, և ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, և այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն՝ այդ փաստաթուղթը ստորագրելուց՝ մինչև ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը: Ինչքան էլ տևեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի:

Այս փաստաթուղթը նաև նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից, և պետք է գային խաղաղապահ ուժեր, որպեսզի այլևս կոնֆլիկտ չլինի: Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազատագրված ողջ տարածքում, այլ կողմերի միջև: Իսկ ազատագրված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը: Սա էր»,- ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին «Բլումբերգին» տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը:

Եվ ուրեմն, «արժանապատիվ խաղաղությունը», որին հորդորում են պատրաստ լինել սահմանին սելֆիներ արած երիտհանրապետականները, լավագույն դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի «ժամանակավոր կարգավիճակ» է ենթադրելու՝ ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, 5, 50, իսկ գուցե 500 տարվա կտրվածքով՝ ժամանակավոր: Այսինքն՝ խաղաղությունը, որը, ըստ հորդորողների, լինելու է «արժանապատիվ», հաստատ չի լինելու վերջնական, կայուն կամ հաստատուն, քանի որ վեճի հիմնական առարկա հանդիսացող կարգավիճակի հարցը լինելու է ժամանակավոր՝ փաստորեն այդպիսով ժամանակավոր դարձնելով նաև «արժանապատվությունը», որը, ըստ տարածված ընկալման՝ խաղաղությունից ավելի հաստատուն կատեգորիա է. այն կամ լինում է, կամ չի լինում: Կամ, ինչպես հանրապետականների մեծամասնության դեպքում՝ լինում կամ անհետանում է՝ ըստ հանձնարարության: Հայաստանում հնարավոր է ամեն ինչ, այդ թվում՝ այնպիսի անհնարին թվացող երևույթների դրսևորում, ինչպիսին կարող է լինել «հանձնարարված արժանապատվությունը»:

Եվ ահա «դիրեկտիվ արժանապատվության» ռեժիմում ապրող երիտասարդները հասարակությանը հորդորում են պատրաստվել «արժանապատիվ խաղաղության»: Հորդորում են այնպիսի տոնով ու առոգանությամբ, որի հիմքում ընկած է այն, թե իբրև իրենք ավելի առաջադեմ ու կառուցողական են, քան հասարակության մեծամասնությունը, որն առաջնորդվում է «ոչ մի թիզ հող» ապակառուցողական ու մաքսիմալիստական սկզբունքով: Իրականությունը, սակայն, այլ է, և այդ հորդորներն ընդամենն իրականության էժանագին նենգափոխման փորձ են: Իսկ իրականությունն այն է, որ փոխզիջումը, որին պատրաստ են իշխանությունները, չափազանց հեղհեղուկ ու անորոշ ապագա է կանխորոշելու Լեռնային Ղարաբաղի համար:

Եվ բոլոր նրանք, ովքեր դեմ են այդ փոխզիջմանը, դեմ են ոչ թե փոխզիջման, տարածքներ հանձնելու գաղափարին ընդհանրապես, այլ գրեթե ոչնչի կամ, լավագույն դեպքում, Ադրբեջանի կամայականությունից կախված անորոշության դիմաց տարածքների հանձմանը:

«Հասարակություններին խաղաղության պատրաստելու» մասին թեզը, որ մշտապես կրկնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները, ընդամենը գեղեցիկ ձևակերպում է: Որովհետև հասարակությանն ինչ-որ բանի պատրաստելու համար՝ պատրաստողը, այսինքն՝ իշխանությունը, պետք է գոնե որևէ թելով կապված լինի հասարակության հետ, ինչը միջնորդների ներկայացրած ժողովրդավարական երկրներում անվանում են լեգիտիմություն կամ վստահություն: Հասարակությունը չի կարող ինչ-որ բանի պատրաստվել մի իշխանության հորդորով, որին, մեղմ ասած, չի վստահում:

Հասարակությունը չի կարող «արժանապատիվ խաղաղության» պատրաստվել մի իշխանության հորդորով, որի կառավարման խնդիրների պատճառով Հայաստանում ապրելու ամեն օրը դարձել է պայքար արժանապատվության դեմ: Հասարակությունը չի կարող «արժանապատիվ խաղաղության» պատրաստվել մի իշխանության հորդորով, որը ձևավորվել, բարգավաճել և վերարտադրվել է մարդկանց արժանապատվության ոտնահարման անխախտ սկզբունքով:

Արժանապատիվ խաղաղություն հաստատելու կամ, Աստված մի արասցե, արժանապատվորեն պատերազմելու համար պետք է ունենալ արժանապատիվ պետություն:

Տեսանյութեր

Լրահոս